Հյուղը

Դաշտի ճամփու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյուղն ըլլայի:
Ու գգվանքով կանչեի
ես ճամփորդներն անժաման,
ու ճամփուն վրա մենավոր,
ու ճամփուն վրա ոսկեման,
եկվորներուն դիմավոր՝
ծըխանիս ծուխն ամպեի:
Ու գրգանքիս կանչեի
ուղեւորներ պարտասուն
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի,
հազար բարիք ես տայի.
գոլը կրակին ճարճատուն,
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր մրգերն աշունի,
ու մեղր,ու կաթ ,ու գինի...
Ու լսեի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն՝
երգն իրիկվան եկվորին.
ու ճամփեի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկվան եկվորին:
Ու լսեի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկվան եկվորին.
ու դիտեի ես այգուն,
ու խոկայի օրնի բուն
երթն իրիկվան եկվորին...:
 
Ու ձմեռներն ալ համբուն ,
հըրավիրակ զըվարթուն,
կանգնեի քովը ճամփուն
ու ձյունապատ հեք մարդուն
ես հայրորեն , լայնաբաց
երկու թեւըս պարզեի.
մի՜շտ քաղցրագին, նյութացած
հըրավերներ ըլլայի:
Ա՝հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամփու մը վըրան
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյու՜ղն ըլլայի: