ԸԼԼԱՅԻ՜, ԸԼԼԱՅԻ՜

< 1 > ԻՐԻԿՈՒՆԸ

Սա իրիկունն ըլլայի ես
Եվ հըպեի ճակտին ամեն անցորդի.
Չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես
Լի երգովը թռչուններուն, մարդերուն,
Ու տարրերուն աղաղակովը տրոփուն`
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկո՜ւնն ես ըլլայի,
Թույլ, նազենի, շըղարշային, վարդաբույր,
Ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր
Վըրան ամեն հոգիի:

Սա իրիկունն ըլլայի ես,
Լի զանգակին ղողանջներովն երկնաճեմ.
Խնկապատար, օծուն, ջահված ժամի պես
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
Իմ անդորրիս մեջ ոգևար աղջըկան
Մարող ճըրագին բոցեր տալու իմ ցոլքես.
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
Լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն.
Սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

Սա իրիկունն ըլլայի ես,
Որ կը մարի սատափ բարձին վրա ցայոգւն.
Թոթափող վարսքը գունագեղ ու ծըփուն,
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

 
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես,
Համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես,
Եվ ամենուն տայի հուրքես, ոսկիես:
Սա իրիկո՜ւնն ըլլայի ես:

< 2 > ՀՈՎԸ

Ալիքներուն վրա ոստոստող հովն ըլլայի,
Ու ջուրերուն խուլ մըռունջին մեջ ամայի`
Ձկնորսներու ականջն ի վար փսփըսայի
Սիրված երգեր, քաղցրությունով օծուն բառեր:

Հովն ըլլայի կատարներուն վրա պարանցկ,
Եվ ձյունին մեջ սառող մարդուն համար լայի.
Հովն ըլլայի` հողվրտիքին մեջ երգեցիկ`
Ու ծըծեի տակավ գաղտնիքն ես Անդիի:

Ձմեռներուն ես ամպավար հովն ըլլայի,
Եվ անճըրագ խուղերու ճիչն հորձքիս ձուլած,
Անցորդներու հոգվույն վըրա փշրվեի
Իբրև ալիք: Ու տանեի հոն կոծն ու լաց

Տըղաբերին, ո հողին վրա կը գալարի
Եվ անսըվաղ մանուկներուն, ու գրկաբաց
Մատաղատի, որդեկորույս մորն ալ` որուն
Տարիքին բոցն հոգվույն մոխիրին մեջ կը մարի…

 
< 3 > ՀՅՈՒՂԸ

Դաշտի ճամբու մը վըրան,
Կամ ըստորոտը լերան,
Ուղևորին ժամանման
Ըսպասող հյուղն ըլլայի:
Ու գգվանքիս կանչեի
Ես ճամբորդներն անժաման,
Ու ճամբուն վրա մենավոր,
Ու ճամբուն վրա ոսկեման,
Եկվորներին դիմավոր`
Ծըխանիս ծուխն ամպեի:

Ու գգվանքիս կանչեի
Ուղևորներ պարտասուն,
Ու բարևի մը փոխան
Հազար բարիք ես տայի:
Հազար բարիք ես տայի.
Գոլը կրակին ճարճատուն,
Կութքը բերրի դաշտերուն,
Բոլոր միրգերն աշունի,
Ու մեղր, ու կաթ, ու գինի…

Ու լըսեի ես ցայգուն,
Քովը կրակի ճարճատուն,
Երգն իրիկվան եկվորին.
Ու ճամբեի ես ցայգուն
Երազներով պատարուն
Նինջ` իրիկվան եկվոին:
Ու լսեի ես այգուն,
Սրտապատար ու տրոփուն
Գովքն իրիկվան եկվորին.
Ու դիտեի ես այգուն,
Ու խոկայի օրն ի բուն
Երթն իրիկվան եկվորին…

Ու ձմեռներն ալ համբուն,
Հըրավիրակ զըվարթուն,
Կանգնեի քովը ճամբուն.
Ու ձյունապատ հեք մարդուն
Ես հայրորեն, լայնաբաց
Երկու թևս պարզեի.
Մի՜շտ քաղցրագին, նյութացած
Հըրավերն ես ըլլայի:

Ա՜հ, ըլլայի՜, ըլլայի՜
Դաշտի ճամբու մը վըրան,
Կա՛մ ըստորոտը լերան,
Ուղևորին ժամանման
Ըսպասող հյո՜ւղն ըլլայի: