ՀՈՎԸ

Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին.
Չարաճըճի ինչպես աղջիկ մը, ինչպես
Խաղընկեր մը` դրան ետին մոռցըված`
Պատուհանըս մատնահարեց ու անցավ,
Հովն հերաձակ աշունին:

Իր ետևեն ես կը վազեմ շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած.
Ինք խույս կու տա իմ գրգանքես, թևերուս
Պարապնդումն է դատարկ.
Բայց ա՜նառակ` երկու ձեռքես կը փախչի,
Մինչ ետևեն կը վազեմ ես շնչահատ,
Ու շվարուն ու հոգնած:

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ.
Բայց ամենուն կրնա ընել ինք դարպաս.
Թուփին, ջուրին, տերևին.
Ու լըճակին գիրկը կ’իյնա, կամ տեսնես
Ծառին կատարն է թառած:

Մանուկի պես կը պլլըվի երբեմն ալ
Մայր թուփերու քըղանցքին.
Եվ երբ զինքը կը կանչեմ ես սրդողած`
Կը քրքըջա զինք անդին:
Շա՛չ, ապտակ մը կը զարնե մերթ երեսիս,
Նույն վայրկյանին կը փախչի,
Եվ ես ի զո՜ւր կ’իյնամ նորեն ետևեն,

Մինչև դաշտերը կը վազեմ հետապինդ,
Մինչև անտա՛ռն իսկ կ’երթամ…

Եվ երբ հուսատ կը հեռանամ թիկնադարձ,
Կըռնակես վե՜ր կը մագլի,
Կամ մազերս կ’ուզե համրել, կամ հանկարծ
Ուժգին մեջքիս կը փարի:

Եվ երբ ցասկոտ նորեն ետիս ես դառնամ`
Վաղո՜ւց փախեր է արդեն,
Ու չորս կողմըս կ’ավրըշտըկե ու վարդեն
Կ’առնե անոր սակավարյուն շափրակներ.
Ու, դաևձյալ` երբ կը հեռանամ թիկնադարձ`
Կըռնակես վե՜ր կը մագլի…