ԻՐԻԿՎԱՆ ԻՂՁ

Օրիորդ Նարդիկին

Իրիկվան մեջ անհետելու հույսն ունենալ,
Եվ հանձնըվիլ նուրբ կածանի մը քըմայքին.
Խորխի մը պես թողո՜ւլ ձանձրույթն ու հափրա՜նքն ալ,
Եվ անդորրով պատմուճանե՜լ հիվանդ հոգին:

Ու լույսերո՜վ պարածածկել հիվանդ հոգին.
Քույր ունենալ ջուրին կարկաջն ու կապույտ բալ,
Եվ ունկնդրել ճամբուն քովերն երգող սյուքին,
Մեծ քաղցրությա՛ն մը խառնըվիլ, ու մենանա՜լ:

Ընկե՜րն ըլլալ ցորեներուն, մրգաստանին
Դուռը բանալ զավկի մը պես, մըտերմորեն,
Ու թողուլ որ շահարիկներ ըզքեզ տանին

Թևապարփակ` լայն լըռության մը համորեն:
Հոն շրջասփյուռ ծառերուն հետ եղբայրանա՜լ.
Տարփո՜ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածավալ

Իրիկվան մեջ` անհետելու հո՜ւյսն ունենալ…