ԵՐԳԸ

Լուսինն հայլվույն մեջ առվակին հեզասահ
Ձույլ արծաթի դեմքն իր անույշ պատկերե,
Լուռ ու պարզկա գիշերին մեջ կ’ազդեն ահ
Գունդեր հըսկա` կազմակերպված ծառերե:

Հեռո՜ւն, հեռո՜ւն ձայն մը հուզիչ, տխրաշեշտ,
Գունդերուն մեջ հըսկա ւ’ահեղ ծառերուն,
Կը մարմըրի, տըխուր սըրտի սփոփ հեշտ,
Փրփրոտ ծփանք ցավի հորդ ալիքներուն:

Հեռու քաղքի ժըխորներեն տաղտկալի,
Խորհրդավոր լռության մեջ գիշերին,
Երգով մ’անշեժ, սիրով, հույզով, խանդով լի
Թաղել կ’ուզե կարծես սերերն իր սիրտին:

Լուսնակն աղու դալկության մեջ նվաղի,
Առվակին ձայնն ալ կորսվի, կ’անհետի,
Բլրույն կատարն սուրբ ալ քունի մեջ թաղվի
Մասնակցելով մարդուն երգի սև սուգի:

1901, օգոստոս, Սվազ, Ս. Հակոբ