ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ

Դեղին վարդեր մայիսի,
Բուրումներով խնկավետ,
Թալկության մը մեջ հավետ
Կը տժգունին մեկուսի:

Հեք սիրտերու մըտերիմ,
Տժգո՜ւյն վարդե՜ր մայիսի,
Հեշտ նազանքով մը կույսի,
Ու, հատնումեն ոխերիմ,

Կու լան: Հևքով նըվաղկոտ
Եղկ բուրում մը կը խուսի
Տժգույն վարդեն մայիսի.
Ու կանգ կ’առնե իսկույն հոտ:

Լըքված հոգին մեկուսի
Որ կը մըխա անտերունջ,
Մինչև խամրի ալ անշունչ
Վարդերուն պես մայիսի: