ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ

Հևքոտ շունչեր կու գան ման,
Ու հըրճվանքով կը ժըպտինք.
Կ’երկնեն կապույտ մ’աննըման
Բիլ ծովն անհուն ու երկինք:

Եվ բուրումներ կու գան ման,
Ոգևորում մը հեշտին
Արբշըռանքվ մը հուզման
Կ’ամոքե վերը վըշտին:

Հոգիս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Սիրտըս քընար մ’է անքուն
Որուն երգեր ցավ չունին:

 
 
*
* *

Երազի մը պես գացին,
Տարիներըս սահեցան
Այն օրեն` երբ ըզգացին
Սիրտեր ցունցը բաժանման:

Երբեմն արցունք մը ցավի,
Զիս վըրդովեց խըռովքով.
Երբեմն ալ հույս մը ծավի
Շողաց հոգվույս մութին քով:

Բաժանումեն վերջ, իրա՛վ,
Ի՜նչ գորովով, ի՜նչ խանդով
Կը փարին սիրտեր, ծարավ`
Միացումին հեշտանքով:

 
 
*
* *

Երազանքներ զիս կ’օրրեն
Օրորումով մը հանդարտ.
Հեռուն լոռնեն, ձորերեն,
Միշտ կը հառիմ ես անթարթ,

Ծածանումիդ մոտալուտ
Հույսերովը մոլորուն,
Տենդով կըսպասեմ գալուդ,
Ցընծումին մեջ երգերուն:

Ալ սիրտս ունի խինդն այգուն,
Ու դայլայլը թըռչունին.
Հոգիս քընար մ’է անքուն
Որուն երգեր ցավ չունին:
Կ. Պոլիս