ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

Լուռ, մարմարակերտ դամբանին խորեն,
Հանճարի աչքերն անքույթ կը նային,
Լույս հոգիներուն կյանքովն երկնային,
Ա՛լ մեկուսացած ունայն ժըխորեն:

Մեռա՜վ, խանդավառ սերերն երգելեն`
Ու պիտի հավետ միտքերն հըմային
Իր թունդ քընարեն, ու երգերն ալ հին
Պաշտումով ըզմեզ միշտ պիտի գերեն:

Հույզով մեռա՛վ ան, հուշքով` կ’ապրի դեռ,
Ծառերուն նըման` որ թարմ ու դալար,
Իր գերեզմանին կ’ելլեն քովն ի վեր:

Հիացքներ կ’երթան իրեն ետևեն…
Եվ իր հուշքերն ալ, հավետ անմոլար
Ու միշտ ոգևոր` դեռ պիտի տևե՜ն:

< 8 հուլիսի, 1903 >  

Պետրոս Դուրյան (1851-1871)