ՑԱՅԳԵՐԳ

Դադրեցան ձայներն ամեն,
Ցերեկվա ժըխորներուն,
Կը հընչեն բայց հոգվույս մեջ
Դեռ սիրույդ երգերն անհուն:

Կը հյուծին ցոլքերն հիվանդ,
Գիշերվան մեղկ լույսերուն.
Կը փայլի հոգվույս մեջ վառ
Տարփանքիդ բոցը սիրուն:

Կը նիրհեն քունի մեջ խոր
Թմբիրով իրերն ամեն.
Կը հուզվի հոգին արթուն,
Քու սիրույդ թունդ պաշտումեն:

Թո՛ղ մարին լույսերն ամեն,
Ու մեռնին հույզ ու ժըխոր,
Կ’ուռճանա, կյանքոտ հավետ,
Սերդ անջինջ իմ հոգվույս խոր: