Ա՛Ն ԻՄ ՍԻ՜ՐՏՍ Է…

Հովը պոնդեր կու տա տամուկ գիշերին,
Որ կու լա խոլ, թրթըռուն,
Ինչպես տավիղն եվոլական,
Որուն հըզոր լարերուն մեջ բընավ չըկան
Հեշտությունն ու մեղկ գգվանքը թույլ խազերու,
Այլ կը դողան հեծքով, անթիվ հոն ձայներ`
Հովն երբ պոնդեր կու տա տամուկ գիշերին:

Գիշերն անվերջ կ’անցնի տըխուր ու թունոտ.
Դեռ լարերը կը դողան,
Ըմպած անդոիլ հույզերն` ուժգին պոնդերուն.
Խավարին մեջ մոլորուն
Կարծես Տենչը միջոցին մեջ կը թևե,
Մինչ գիշերը կ’անցնի տըխուր ու թունոտ:

Ա՜հ, սի՜րտս է ան, սի՜րտըս, գիշերը մըթին,
Աշնան գիշերը լացող,
Ուր կը դողա անհուսության հովն ուժգին,
Մինչ անձրևին կ’իջնե ցող,
Մինչ ես կու լամ` կու լա՜ հոգիս, կու լան լարերն իր բոլոր
Ու կը խորհիմ թե սիրտս ալ է Աշնան գիշեր մը լացող…