ԹՐԹՌՈՒՄՆԵՐ

Լույսի բիծեր ծիրանի
կ'ասղնտեն քողքը մութին.
լուսնի ցոլքեր կ'անհետին
խորքը ծովուն հոլանի:
Հըմայքներով փողփողուն,
հեշտություն մը կապույտի,
հանդարտորեն կը ժպտի
հոգվույս մըռայլ տենչերուն:
Սիրո հուշեր լուսավետ,
դողդոջուն ու ցնծագին,
արագորեն կը ծագին,
հըպարտ կ'անցնիմ երբ քովեդ:
Ըզգացում մը բյուրեղե,
ծիածանի երանգով,
ցավոտ հոգվույս մութին քով
լույս ակոսներ կը պեղե: