ՀԱՄՐԸ

Պիտի հծծեր անհուն բառն իր տարփանքին,
Աղբյուրին քով, աղջիկներու ականջին.
Բայց անհունը գեթ չըլլար վա՛նկ մը չնչին.
Ջուրն` իրեն տեղ` կ’երկնե սիրերգն այդ անգին:

Իր խո՛կն է ծներ բառն` որ հծծյունն է սյուքին:
Ջուրին կարկաջն, հովին մրմո՜ւնջն իսկ վերջին,
Անհունորեն քաղցրազըվարճ և ուժգին`
Սլացիկ թևն են իր մեղեդի անուրջին:

Պիտի ըսեր, ա՜հ, ամենն ալ, ամե՜նն ալ…
Բայց չէ՜ կերպեր տակավին բառն առաջին.
Քանզի կ’ըղձա անհունին մեջ միշտ մընալ,

Քանզի բնությունն ալ` պարզ ու մեծ` միշտ կ’ըսե,
Մի՜շտ կ’ոլորե, մեջն երգեցիկ իր շունչին`
Մտքին վանկերն, հոգվույն նըվագը լույսե:

1907, օգոստոս