ԹՂԹԻԿԸ

Ամառ գիշերն` անույշ մեղր ու կաթի պես`
Խուցեն ներս է հոսեր արծաթ ծորակով.
Այծտերևին շուլլըվեր է որմեն վե՜ր`
Պատուհանեն ներս նայելու ըղձանքով.
Իր տարփանքը բույր` հովիկին պինդ փարած`
Կ’երթա մինչև շուքին անկյունը լըճակ`
Ուր ծաղկահեր գլխով աղջիկն ըսպիտակ
Մահիճին մեջ ընկողմանած` աչքը բաց`
Ձեռքը թուղթին` թուղթը սրտին` կ’երազե…

Տա՛ք է, մեկ կողմ կը նետե շուտ իր վերմակ
Ու կը հանե շապիկն ալ` գաղջ ու ճերմակ
Ու կը նային հոն, հերարձակ, հոլանի,
Հայլիին դեմ, ձեռքն ըստինքին, երազո՜ւն,
Ինչպես բոց մը, ինչպես խուրձ մը ցորեն.
Թղթիկին պես հայլիին քաղցր է լեզուն…
Թղթիկին` զոր դեռ իր կուրծքեն չէ՛ բաժնած
Զոր գոց գիտե, զոր սրտին մե՜ջ է դըրած:

Ու կը սահի ճյուղ մը վարսքեն մետաքսե,
Իր ծիծերուն մինչև ծմակը շուշան.
Ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,
Ու թղթիկը իր բոց բառերը կ’ըսե,
Իր տառերը կը տըրոփե մութին մեջ…
Եվ հաճոյիկ, անույշ, բարի՜ լուսինկա
Վարագույրեն շողիկ մը ներս կը խրկե`
Որ շեշտ կ’իյնա ձեռքերուն մեջ աղջկան`
Լուսավորել թղթիկն` որ դեռ կը հծծե…

1908