ՄԱՆԻՇԱԿ ՈՒ ՄԱՄՈՒՌ

Ժայռերու զով շուքին տակ
Կանանչ խոտի խուրձ մը կար`
Որ ունենալ կը ցանկար
Քարին գույնը կապուտակ:

Ինքը ցողի՛ պետք ուներ,
Որ գույներով զանազան
Կարմիր ծաղիկ, ծիածան`
Երբոր արևը փայլեր:

Քարն երջանիկ էր ո՜րքան…
Առանց ցողի ալ` գույներ
Ու ծաղիկնե՜ր կը շիներ`
Շողերուն մեջ օգնական:

*
* *

Խոտին խուրձը բարձրացավ
Քիչ մ’ամեն օր քարն ի վեր,
Որուն` սրտիկն իր բացավ,
Պատմեց բաղձանքն ու ցավեր:

Ըսավ. Ի՜նձ ալ, ա՜ղբըրուկ,
Տայիր գույներ անուշակ
Ու նըվերիդ փոխանակ`
Գույնիս ընծա՜ն այս խաժուկ:

Ցանկալի՜ քույր, ա՜ռ, որքան
Կ’ուզես գույնես և ընծան
Տուր կանանչիդ կենսական`
Երակներուս անկենդան:

 
 
*
* *
Գիշերն համբուն քաղցրացան
Քարն ու խրձյակը խոտին…
Եվ երբ շողերն ավոտին
Հորիզոնեն բարձրացան`

Ժայռի շուքին տակ գըտան
Խոտին ծաղիկն ու բաժակ,
Եվ երբեմնի անկենդան
Քարն ալ` ժպտուն ու խաժակ:

Եվ այն օրեն մանիշակ
Ծաղկեցավ թուփն, ու դաժան
Ժայռեն եղավ անբաժան`
Մամուռին գույնն անուշակ: