ՑԱՅԳԱՅԻՆ

Կը սիրեմ ես թափառիլ գիշերին մեջ. գիշերին մեջ, ուր այգուն դեմ, երազի անո՜ւյշ ծաղիկներ, ձյունե փթթումներով, կը բացվին հոգիներու շուշան համբույրին, գիշերի՜ն մեջ, ուր գետեզրին մոտեն լսվող կոչնակին գանգյունը կը ծավալի սարե սար ու խորհրդավոր կերպով կ'օրրե զգացումները:
Կարավանը կ'անցնի¯ լերան արահետներեն, ու բոժոժներու ձայնին միստիք մելամաղձությունը հեռուեն հեռու կը լսվի գիշերին մեջ, որ լուռ է, որ մթին է և ահավոր:
Եղնիկները,– անրջային ու պաշտելի՜ կենդանիներ,– թեթև, թեթև, գետափն ի վար կը սուրան, գետափն ի վար` որուն մեջ կըստվերանկարվին լուսնի լազվարթային սատափացումներեն, ինչ որ ունին խոլագիծ ու խուսափուկ ու անշոշափ` երազի մեջ վարշամակված իրենց ամպային ձևերը: Ու իրենց մեղրիկ նայվածքներուն լույսը կ'առկայծի գիշերին մեջ, որ լայն է, հեշտագին ու համապարփակ:
Ու բոլոր մրտենիները, բուրումնալիր, դալար համբույրներ կը սոսավեն հոլանի միջոցին մեջ: Պարզկա գիշերվան սյուքը կ'անցնի տերևախիտ թավուտքին ճիշդ սրտին ընդմեջեն, սարսուռներ պտտեցնելով հոն: Ու ես կը մտածեմ, աչքերս կիսափակ ու հոգնած, գլուխս քարի մը հեցած և հոգիս հեշտանքով ու տենդով լեցուն, ես կը մտածե՜մ...
Հո՜վը, գինով աղջիկ մըն է կարծես հովը, ծփացիկ պարեգոտով հո՜վը, գիշերվան դողահար ու բուրումնավե՛տ հովը, որ ջուրերուն վրա խոլ ու տատանուտ շրջպար մը կը դառնա հուլորեն, գիշերին մեջ, որ ցրտին է ու դողդոջուն:
Կը սիրեմ ես թափառիլ քու հոգիիդ գիշերին մեջ, ո՜վ կին, գիշերին մեջ քու հոգիի՜դ, որ տրտում է և ահավոր, լայն ու հեշտագին, կրքոտ ու խանդաբորբ, ցրտին ու դողահար... :

<1904>