ՊԶՏԻԿ ԵՐԳԵՐ ԱՌՏՈՒՆ

Ինչպես բարի քույր մը, սպիտակ առտուն, լուսեղե՜ն աստված, ձեռքը դրավ ճակտիս և համրորեն անցավ հոգվույս մեջ, իր շառ քղանցքին հոն անձրևելու շրշյունը մետաքս:
Ինչպես բարի քույր մը, ցանկալի առտուն` լուսացավ հոգվույս մեջ` կարոտով մթագնած. ինչպես բարի քույր մը, ինչպես շուշան մը` անձավի մեջ ծաղկած:
Ինչպես բարի քույր մը, գորովազեղ առտուն, իր խունկ ձեռքերով ամենն ալ գգվեց. գգվեց ամենն ալ ցավիս ծաղիկներուն, որոնց բաժակները բարձրացա՜ն` անոր նայվածքին լույսովը թրջվելու:
Եվ ինչպես բարի քույր, ինչպես բարի քույր` վաղաժամ մեռած` քնացավ առտուն, իր գորովանքով օծած` հասկերը իմ տարփանքներուս: