ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մովսես Խորենացի

(˜410-490)

 Մովսես Խորենացին ծնվել է Տարոնի Խորնի կամ Խորոնք գյուղում, մերձավորապես 410-415 թթ. մեջ (ստույգ թվականն անհայտ է): Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին, ապա իբրև գիտությունների նկատմամբ բուռն հետաքրքրություն ունեցող բանիբուն և ուշեղ պատանի՝ արժանավոր ուրիշ սաների հետ 430-ական թթ. կեսերին ուղարկվել հունական մշակույթի նշանավոր կենտրոն Ալեքսանդրիա:

ՈՒսումնառության տարիներին խորացրել է հունարենի իր իմացությունը, յուրացրել ոչ միայն ժամանակի հունալեզու քրիստոնեական մատենագրությունը, այլև անտիկ գիտության ու գրականության նվաճումները: Մինչ այդ Եդեսիայի դիվանում ծանոթացել էր նաև ասորական մատենագրությանը: Ավարտելով ուսման ընթացքը՝ բռնում է վերադարձի ուղին՝ հանգամանքների բերումով այցելելով նաև Հռոմ, Աթենք ու Կ. Պոլիս: ՈՒսումնակիցների հետ հայրենիք է հասնում 440 թ. մեջ, երբ արդեն վախճանված էին սիրելի ուսուցիչները՝ Սահակն ու Մաշտոցը, որոնց հայրական հոգատարությանն ու խրախուսանքին այնքան կարոտ էր:

"Հայոց պատմության" մեջ նկարագրելով իրենց ուղևորությունը՝ եռանդով ու կարելիություններով լի գործիչը ցավով է ներկայացնում իր և ուսումնակիցների ողբալի վիճակը հայոց թագավորության անկման և պարսիկ մարզպանի իշխանության պայմաններում, երբ իրենց գնահատող ու փայփայած ծրագրերի իրականացմանը նպաստող ուժերը պակասել էին:

Հայրենիքում Խորենացու ուղին հետագայում հարթ չի ընթացել, անպակաս են եղել կասկածն ու հալածանքները: Հանձին Սահակ Բագրատունի իշխանի նա գտել է իր իսկական աջակցին ու խնամակալին, որի առաջարկով ու մեկենասությամբ էլ գլուխ բերել հայոց ամբողջական պատմությունը: Խորենացու մահվան թվականը ևս հայտնի չէ. հավանաբար դա տեղի է ունեցել 5-րդ դարի վերջերին: Գերեզմանը ցույց են տվել Մշո Առաքելոց վանքի գավթում:

Խորենացին հայ բազմադարյան գրականության եզակի մեծություններից է, հետնորդների կողմից ըստ արժանվույն մեծարված Քերթողահայր և Պատմահայր պատվանուններով: Նրա տաղանդն ու մտքի ուժն իրենց արտահայտությունն են գտել մատենագրության տարբեր բնագավառներում: Բացի "Հայոց պատմությունից" գրել է նաև ներբողական-վկայաբանական ստեղծագործություններ, խրատական թղթեր ու ճառեր, "Գիրք պիտոյից" ճարտասանական մեծարժեք ձեռնարկը (մասամբ թարգմանություն հունարենից), Դիոնիսիոս Թրակացու Քերականության մի մեկնություն: Մինչև ծերություն տևականորեն զբաղվել է թարգմանչական աշխատանքով. ի թիվս այլ գործերի նրան է վերագրվում և Ալեքսանդր Մակեդոնացու պատմության թարգմանությունը:

Շարակնոցում քերթող Խորենացու շարականները մեծ քանակություն են կազմում: Շարականագիրների մասին աղբյուրների տվյալներով՝ նրան են պատկանում ճրագալույցի, Ծննդյան, Տյառնընդառաջի, Հարության, Հոգեգալստյան, Վարդավառի, Աստվածածնի վերափոխման կարգերի շարականները, որոնք օրհնություններ են, մեծացուսցեներ, հարցեր, ճաշու կոչված երգեր և այլն: