Ողբամ մեռելոց “ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԳ” պոեմից

Այս լեռներում լեռնաքարե՞րն են շատ,
թե՞ կերպա ծևված շիրմաքարերը:

Եվ ծառերն են շատ այս լեռնակղզում,
թե՞ վեր ծառացաց սուրբ խաչքարները"
Եվ ավելի շատ անտա՞ռ է հատվել,
թե՞ անսուրբ ձերքով խաչքար է ջարդվել
դարեր ալեծած այս լեռնակղզում...

Սակայն ես այսօր և ամենայն օր
մշտական վշտով նրա՞նց եմ ողբում,
ովքեր չունեցան շիրիմաքար-շիրիմ,
ինչպես չունեցան պատանք- պատարագ:

-Ողբամ մեռելո՛ց,
անթա՜ղ մեռելոց:

Մե՛կ չէին նրանք
և ո՛չ էլ երկու:
Նրանք՝ բյու՜ր- բյուրո՛ց,
նրանք՝ ազգ- ազի՜ինք,
և չվախճանվեց նրանցից ոչ ոք
իր ակողնու մեջ մահով բնական,
ո՛չ մանուկ, ո՛չ ծեր,
ո՛չ կին և ո՛չ այր...
Չմեռա՜ն նրանք, այլ սպանվեցին՝
ո՛չ գոտեմարտում,
ո՛չ խրամատում,
այլ իրենց տանը, այգում և ատրում,
իրենց սրտի պես լեզուն ցորենի հորերում իրենց,
իրենց հոգու չափ խոր- խորհրդալի ձորերում իրենց, -
մահապարտվեցին հազա՜ր ձևերով,
ամենքն՝ անխնա,
ամենքն՝ անխտիր...

- Ողբամ մեռելո՛ց,
բյու՜ր- բյուրո՛ց ողբամ:

Ես ի՜նչ իմանամ, և այդ ով կասի,
թե ո՞վ էր արդյոք անյ առաջինը,
ում սպանեցին,
ա՛յն առաջինը,
որ ընդամենը մեկ միավոր էր:
Բայց միավորի կողքին շարվեցին նոր- նոր զերոներ.
և զերոների թիվն անցավ հինգից ու հասավ վեցի՝
կես միլիոն
ու մեկ,
մեկ միլիոն
ու կես,
և ամենքն՝ անպարտ,
և ամենքն՝ անմեղ...

-Ողբամ մեռելո՛ց,
միլիո՜ն մեռելոց:

ՈՒ ջնարակվեց հողը արյունով,
լռած բերանը՝ սարսափով խոսուն,
օդը՝ տագնապով անտեղիտալի,
իսկ ահից կապված երկինքը լիղակ՝
անխուփ աչքերի մեռելափայլով...

-Ողբամ մեռելո՛ց,
Կապտա՜ծ մեռելոց:

Ջարդված ազդերի ու սրունքների,
անջատված թաթի ու կրունկների
չչափագրված ձևերն այլազան
պահանջում էին էվկլիդեսական գիտություն
որ նոր էր միայն սկզբնավորվում
Էվկլիդեսների շիրիմին պպպզած
ահեղ Գորշ Գայլի մութ ուղեղի մեջ՝
ի տես սրածվող մի ամբողջ ասզգի,
որ հնամենի իր հողի վրա
մի պտղունց հողով աչքը փակելու
բախտից էր զրկվում...

-Ողբամ մեռելո՛ց,
անհո՜ղ մեռելոց:

Բոլոր բանտերից ազատել էին մարդասպաններին
և զինել զենքով
ու հրազենով.
- Կեցցե Բարաբբա՜ն...
Եվ լցվել էին բոլոր բանտերը մարգարեներով՝
խոսքի՛ ու գրքի՛,
մտքի՛ և ձեռքի՛,
հու՜յս ու հավատքի՛ մարգարեներով.
_ Հիսուսի՜ն ի խաչ...

Կախաղաններից ճոճվող սրբերի դուրս ընկած լեզվից
հպարտությունն էր անընդհատ ծորում,
մարդկության վրա,
ա՛յն խեղճ ու կրակ- թշվառ մարդկության,
որ ինքներ նաև խեղդամահ լինում,
քանի որ նրա կոկորդում նեղլիկ
մարդկայնությունն էր խրվել- մնացել...

-Ողբամ մերելո՛ց,
խեղդվա՜ծ մեռելոց:

Իրենց մինուճար ու սրտահատոր դիակի վրա
մայրեր- մանուկներ,
քույրեր- ծերուկներ
կաղկանձում էին, սակայն... անարցու՜նք.
սպառվել էին նրանց արցունքի պաշարները ողջ,
ինչպես որ իրենց անբան թշնամու գանձարան խազնեն:
ՈՒ երբ հասնում էր մահը ցանկալի,
իրենց ոսոխից վրեժ լուծելուն այլևս անկարող,
գեթ Աստծուց էին վրեժն այդ լուծում՝
թքելով դեպի երկինք,
մի երկինք.
որ աշխատում էր նրանց հետ խոսել
ասղերի լեզվով խուլ ու համրական.
- այլևս այդ լեզուն հասկացո՛ղ չկար...
որ ասուպներ էր շաղ տալիս հերթով,
ասես թե պառավ գուշակի նման գարի էր գցում.
-ո՞վ կհավատար այսքանից հետո...
որ արշալույսով հարալեզի պես,
լիզում էր նրանց կարմիր վերքի բոցերը.
-իզու՜ր...
որ լուսնալույսով ցողում էր նրանց խոսքերը.
-իզու՜ր...
Հասնում էր մահը՝ ցանկալի միակ.
և ամենուր սեղմած ատամն ատամին,
մահանում էին՝ բա՛ց ատամներով,
ատամների տակ վրե՛ժն անկատար...
Եվ Արարատից մինչև Արաֆաթ, Սիփանից՝ Սինա,
Սև ծովից՝ Կարմիր, Կարմիրից՝ Մեռյալ
փռված- սփռված մեռելներն իրոք
վրե՛ժ լուծեցին թշնամուն իրենց՝
արտաշնչելով ժանտախտ, տե՛նդ ու տիֆ...

Եվ երկնքից առկախ այս լեռնակղզին
դարձրեցին այժմ մի թշվառ... թատրո՜ն,
ուր կրակը լոկ՝ ողբերկա՛կն այդ կույր,
խաղաց բազմաթիվ - բազմազան դերեր:

Ծուխն էր համբարձվում՝ Հիսուսի նման,
կրակն էր մնում՝ Մուհամմեդի պես...
Եվ հորից- մորից
երկնքի կապույտ սպունգը ցամքեց ու ճմռտորվեց՝
վաչկատունների տրեխի նման:
ՈՒ ճմռտորվեց հողն էլ ներքևում՝
փլատակներով,
որ շպռտում են...պոռնիկի դեմքին:

Եվ երկրի վրա,
այրվող տներից - շեներից բոլոր,
ողջ կենդանի բյուր կիզվողների ճիչի հետ մեկտեղ
փռվեց զառանցանքն՝ ազանի՛ նման:
Սարսափն էլ երկրի ձայները բոլոր
հավաքեց բռում,
կախեց մատներից՝
նվագավարի- խմբավարի պես,
և անիրավված- տարաբախտ երկրի
ողբերգախաղաց բացօթյա բեմում
հնչեց մի համե՛րգ,
մի համանվա՛գ.
որ մղձավանջն էր՝
շարունակելի՛ն...
Ջարդեցին այսպես՝
ոչնչի՛ համար
և
ամե՛ն ինչի:
Ոչնչի՛ համար
և
ամե՛ն ինչի:

2 000 000 մարդ ի խաչ բարձրացավ,
2 000 000 խաչ չտնկվեց հողում,
2 000 000 խաչ տապանաքարերի չփորագրվեց,
քանզի... հասարակ տապան- դագաղը
կարծես թե դարձավ աստծու պես մի բան.
մա՛րդ չարժանացավ նրան տեսնելու եզակի բախտին...

Ինքը երկիրն էր մի անկափարիչ դագաղ վիթխարի,
մինչև նրա բոլոր բնակիչները՝ անդագաղ դիեր...

Եվ ահավասիկ ես ասում եմ ձեզ՝
տասնըմեկերիրդ պատվիրակի պես.

- Ամենից առաջ
փայտե դագաղի՛ պաշտամունք պետք է ունենալ
կյանքում
փայտե դագաղի՛,
նաև պատանքի՛:
դագաղ- պատանքի՛ պաշտամունք պիտի ունենալ,
այո՜,
վասնզի եթե չի ճարվում դագաղ,
ուրեմն արհավիրք - աղետ է ահեղ,
վասնզի եթե դին չի պատանվում,
ուրեմն ամեհի- ահարկու օրհաս,
մահ- տարաժամ է,
եղեռն ու նախճիր...

Եվ դու՛ չես ասում, ո՛չ էլ դու՛ք,
այլ Ե՛ս.
ես՛ Սիս- Մասիսըս,
այս եմ ես ասում
անդու՛լ - անդադար- անվե՜րջ զնգացող իմ անքուն զանգով:
Գողթան երգերի չափով ահազդու,
բամբ բամբիռների հնչյումով խրոխտ
Սիսն ու Մասիսն ղողանջում անվե՛րջ- անդադա՛ր-
անդու՜լ...
ով ականջ ունի,
հավատո բլթակ՝
նա լսում է միշտ
լսում է նրանց հանգերգն ահազդու,
որ տարգմանվում են նույնպես զույգ բառով.