ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

Խանգարե՞լ: Ինչի՞ համար...

Գարուն էր: Չեկած ամառ`
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց` կրակի՜ պես...
-Գարուն ա, ձուն ա արել...
Գետերը մեր երերման
Հոսեցին` երակի՜ պես
-Արունը ջուր ա դառել...
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը գերեզմանոց.
-Ջուրը մեր տունն ա տարել...
Ամեն քար` լուռ մահարանձան,
Ամեն տուն` վառման հնոց...
-Բնավեր հավք ենք դարձել…
Ինչքան բառ` ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ` ո՜ղջը լալով.
-Զուլում էր, զուլու՜մ, լաո՛…
Թրի դեմ, սրի, հրի`
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
-Տնավե՜ր-բնավե՜ր լաճ…
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ.
-Սե՜վ կապիր, սեվսիրտ մարե…
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռավ, այլ… մահացավ.
-Գարուն ա, ձուն ա արել…

Գարուն էր: Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայրը զրկվեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
-Գարուն ա, ձուն ա արել…

…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...
Գառնարած, հովիվ, նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից…
Կեսօրին էլ ո՞վ կերգեր.
-Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում…
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով…
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
-Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը մաց եմ թողում…
Ձկնորսը Վանա ծովում
Չըփրկվեց ճարպիկ լողով…
Աղջիկը զու՜ր էր կանչում
-Իմ ծամթել տամ լողվորչուն…
Երկրի մեջ մարդ չըմնաց`
Մարդ թաղեր մարդու նման…
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
Ու կանչեր.
-Դլե յամա՛ն…
…Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...

…Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամկոչին կախ տվեցին
Պարանից զանգակատան…

Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը` արնոտ պատան…

Մայրը ընկավ` ծիծը թողած
Իր փըմփլիկ մանկան բերնում,
Ծծի տեղ ցից խրելով`
Խեղդեցին մինուճարին…

Տատն ընկավ` ձեռքը մեկնած
Կըչկըչան հավի թառին –
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում…

Կալի մեջ պապիկն ընկավ –
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի…

Ով ծաղիկ հաց էր թխում`
Խորովվեց թոնրի ծխում…

Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բախշի մի լաճ տղա,
Իր արյամբ մոմը մարեց`
Չավարտած ՙՏե՜ր, քեզ մեղա՚ -ն…
-Գարուն ա, ձուն ա արել…
…Խոցեցին ու ջընջեցին,
Հատեցին հաստ ու բարակ,
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ,
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձրունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ,
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սու՜րբ նշխար` շա՜ն բերանում,-
Ուզեցին մեկ հայ թողնել,
Եվ այն էլ… թանգարանում…
-Գարուն ա, ձուն ա արել…