ՂՈՂԱՆՋ ԱՇՆԱՆԱՇՈՒՆՉ

Բայց ահա նաև շոգն է կոտրվում`
Գոռոզության պես,
Եվ իր տեղը զիջում
Իր գինն իմացող համեստությանը:
Կապող անձրևի միջամտությամբ
Երկիրն ու երկին
Գրկվում են կրկին`
Վերջ տալով իրենց սուր խստությանը
Ու գժտությանը:

Եվ աշունն էլի,
Չարչիների պես ու բոշաների,
Տեղից-տեղ գնում,
Դռներն ընկընում
Եվ զբաղվում է իր ներկարարի սիրված փեշակով:
Չարչին բարձրականչ կհպարտանա
Իր հուլունքների հազար տեսակով,
Ասեղ ու շյուղեր, ծամոն կծախի
Պառավ տատերին, հարսներին շարմաղ:
Բոշան ցորենով զամբյուղ կփոխի
Եվ ինչով ուզես` մեծ ու փոքր մաղ:
Մինչդեռ աշունը…
Նա բա՜ն չի ծախում,
Օդ, եղանակ, գույներ է փոխում:
Մինչդեռ աշունը
Միայն բաշխում է`
Ցորեն ու գարի,
Խմիչք ու փշատ,-
Հազար մի բարիք
Եվ – ամենից շատ –
Անվարձ ու ձրի
Միայն նախշում է...
Եվ այնպես դանդաղ, որ չես նկատի,
Ավելուկների ծամերը կանաչ
Էյվանի դեմքին ու տան ճակատին
Դեղնում են հանկարծ, դառնում անճանաչ:
Ու քաղցրությունից ճաքող սեխերի
Անուշ բուրմունքով
Օծվում են կրկին բոստան-բաղերը:
Իսկ ձմերուկի կըրծված ճաղերը –
Լուսնի հաստ-բարակ փուլերի նման –
Հող ու փոշով են ամպոտվում հիմա:
Ընկուզենիներն իրենց սաղարթով
Այնպես են մեկից դառնում հուրհրան,
Կարծես թե լինեն
Մարմանդ առկայծող հսկա ծխամորճ,
Եվ որպես ծխի կոհակվող քուլա`
Մշուշն է սողում դաշտերի վրա
Ու պտույտ տալիս
Ծերուկներիպ ես պպզած լեռների
Սանր չտեսած – փռչոտ գլխի շուրջ:
Մինչ դեղձին պարկեշտ ու ծիրանին լուրջ
Իրենց սաղարթն են աշխատում կոճկել
Լիրբ քամու հանդեպ`
Հաստլիկ ուռենին ու ձիգ կեռասին
Պատրաստ են իսկույն
Իրենց լաչակը գլխներից քանդել`
Մարդաթող հարսի,
Լաչառ կնկա պես:
Նորից, իսկապե՛ս,
Աշուն է, աշո՜ւն:
Նորից սանդի մեջ ծեծում են կորկոտ,
Ձավար են խաշում,
Տաք հնձաններում ճմլում են խաղող
Ու գինի քաշում:
Նորից առիշտան,
Որ ձողերն են շարեշար փռել,
Թաց` օրորվում է լուռ ու անշշուկ,
Չորացած` խշշում
Եվ փշուր-փշուր
Թափվում է գետին`
Խսիր-կարպետին:
Քամին կարծես թե բան է կորցրել
Եվ որոնելով`
Ավլում է գետնին
Ու տեղից-տեղ խաշամը քշում:
Եվ տերևների հաստ ծածկույթի տակ
Ավռակ ու վտակ
Խոսում են ոչ թե խշշոցով ջրի,
Այլ կարծես անվերջ տժտժում-թշշում`
Իրենց մեջ ընկած բոց տերևների
Չմարող հրից:
Սերկևիլները սրտի թրթիռով
Վերջինն են լքում անխռով այգին
Ու տեղափոխվում-մտնում են սնդուկ,
Որ հաստակաշի ու կողքապնդուկ
Զառ խնձորների հարևանությամբ
Պլլվեն սիրով ու գորովագին
Կանանց պահուստի շորերին փոթ-փոթ
Եվ իրենց բույրը խենթորեն խառնեն
Նրանց մարմնային բուրմունքին տռփոտ:
Աշուն է, աշո՜ւն:
Լուսաստղը հիմա
Նույնիսկ ցերեկվա դռներն է մաշում
Եվ ճառագայթուն ու մեծ է այնքան,
Կարծես մի բացված հովհար է որ կա:
Հովհարը սակայն
Ո՞ւմ է հարկավոր, երբ շոգ չէ արդեն,
Երբ եղանակը այնքան է ցրտել,
Որ նորից ահա տան խոնավ օդից
Մինչ աղը լալիս`
Լավաշն է ծաղկում,
Իսկ պաղ եղյամի հալվելուց հետո
Կալում մնացած կույտը ծղոտի
Ւրար է կպչում`
Կարծես թե թաղքում
Մազերի նման շեկլիկ աղջկա:
Անցած ձմռանը նշանվածների կոպերի տակով
Անհամբերությամբ սահում է հիմա երազանքն այրող
Այն հարսանիքի,
Որ պիտի լինի, բայց դեռ, ա՜խ, չկա:
Գիշերվա կեսին ոռնոցն է լսվում
Հոտ ու նախիրի հետ սարից գյուղ իջած
Անկուշտ գայլերի:
Իսկ նույնքան անկուշտ ջրաղացների
Անխոնջ չախչըկան
Կոչնակի նման կանչելով անվերջ`
Ճամփան է պահում
Աղունով բացված սողուն սայլերի:
Եվ ահա –
Կամաց քշեք սելերը...
Եվ ահա –
Աշուն եկավ սարիցը...
Եվ ահա –
այստե՛ղ –
Երկինքն ամպել է…
Եվ ահա –
այնտե՛ղ –
էս լուսնակ գիշեր…
Եվ ահա –
այսպե՛ս –
Միշտ նա է ներկա`
Նա՛
շինականի հար հավատարիմ,
հավետ անբաժան
մեծ օգնականը.
Նա՛ -
շինականի համկալ ընկերը,
հոտաղ-մշակը
ու… երրորդ ձեռքը –
Նա՛ -
ինքը... ե՜րգը: