ՂՈՂԱՆՋ ՊԱՆԴԽՏԱԿԱՆ

Հայ դասատուներն իրենք են զգում,
Որ ջահել սանի առաջմղումից
Հոգնում կես ճամփին ու ետ են մնում:

Եվ Կոմիտասը Բեռլին է գնում:
Ու գերմանական
Քաղաքում խոժոռ
Ւնչ-որ վանական`
Աչքերը խոշոր,
Կերպարանքը թուխ,
Դեմքը` բանական,
Իր անբնական
Կուսակըրոնի երկար սևերում
Պաղ անցորդների հայացքն է անվերջ
Վրան սևեռում,
Մինչ մոլեռանդի աչքերը նրա`
Նույնպես բևեռուն,
Չեն մեխվում սրա
Կամ նրա վրա,
Այլ պեղում են լոկ անծանոթ հեռուն:
Եվ կոշտ ու կոպիտ գերմաներենը
Շուրջ երեք տարի, հարկնդըրաբար,
Ճկվում է անվերջ նրա բերանում,
Սակայն չի ջարդվում վերջնականապես, -
Կարծես թե թողած լեզուն կենդանի`
Գրում-կարդում է նորից գրաբար`
Ճեմարանական խելոք սանի պես:
Ի՜նչ անենք. ոչի՛նչ, ոչի՜նչ, որ այդպես
Գերմաներենը նեղում է հային:
Կար ա՛յլ մի լեզու` համամարդկային,
Այդ լեզվով խոսող գերմաններ կային,
Ու չէր վերջանում նրանց զրույցը:
Կոտրելով բառի բարակ սառույցը,
Ոչ իբրև օտար – սառն ու կեղծամիտ,
Այլ մեծ պապի պես` առանց կեղծամի`
Երգեհոնի դեմ, ֆիզհարմոնիայի,
Ու բարի ժպտում մրահոն հային:
Եվ ալիքվում էր մի վսեմ մեսսա,
Ու Բախը կարծես ասում էր.
-“Տեսա՞ր”:
Անհուն սրբությամբ երկինք էր միտում
Մի հոգեսրբիչ հոյակապ խորալ,
Եվ ծերուկ Բախը ջահելին դիտում,
Հարցնում էր կարծես - և գրաբարո՜վ.
-“Իմա՞ստը դորա”:
Իսկ այնուհետև մի լուսե ֆուգա –
Եվ հիմա արդեն Գյումրու բարբառով.
-“Հը՞, դուրըդ կուգա՞”:
Իսկ այնուհետև`
Օրատորիայի
Նարեկանման ծփացող մի ծով
Լռիկ մեղմությամբ, աղոթքի ճիչով
Դիզվում էր դանդաղ, փլչում շատ արագ,
Մինչդեռ ականջում մոլեռանդ հայի
Օրատորիայի ծփանքի միջով
Խեղդելով խորթ ձայնն Օրատորիայի`
Իրենն էր հնչում –
Մի նոր Պատարագ…
Ու մեկ էլ հանկարծ Մոցարտն էր գալիս`
Գեղեցի՛կ, ջահե՛լ, կայտառ ու խնդո՜ւն
Եվ պաղ դահլիճում ծիծաղն էր թնդում:
Նա մերթ` բարեկիրթ մանկան պես` ուշիմ
Լսում էր հային, խփում էր ուսին,