ՂՈՂԱՆՋ ՈՐԲՈՒԹՅԱՆ

Իր ժողովրդի զավակն իսկական`
Ժողովրդի պես ինքն էլ որբ մնաց.
Նա նույնիսկ չկար և մի տարեկան,
Երբ… Մայրը գնաց:

Ա՜խ, եթե գնաց`
Նրա լույս հոգին թող որ համբառնա,
Արժանի դառնա
Իր հավատացած երկնային գահին:

Բայց ինչո՞ւ գնաց Հայոց Թագուհին:

Մնար
Ու ծիծ տար
Իր Սողոմոնի՛ն – մեր Կոմիտասի՜ն:
Մնար
Ու հոգար
Իր մինուճարի՜ - իր որդո՛ւ մասին:

Մնար ու նրան մայրություն աներ.
Հուսահատության, տրտմության պահին
Նրա ճակատի
Ամպերը վաներ,
Նախ` նրա ոտի
Ու հետո` սրտի
Փշերը հաներ:

Մնար, որ հետո,
Շա՛տ ու շատ հետո,
Երբ որդին քայլեց մութ արահետով,
Որ անդարձ եղավ ու եղավ անել,
Թերևըս նա իր մայրական սրտով
Իր մինուճարի
Ու մեր հանճարի
Սև ցավը տաներ…

Մնար, որ նրան մի ողջ ժողովուրդ
“Մեծ մա՛յր” անվաներ,
“վեհամա՜յր” կոչեր.
Մի ողջ ժողովուրդ սուրբ ձեռքը նրա
Իր բերնին տաներ,
Փեշե՜րը պաչեր…

Մնա՛ր… Չմնա՜ց:

Գեթ հայրը մնար…
……Բայց նա էլ գնաց.
Երբ որդին չկար դեռ տաս տարեկան:
Իր ժողովրդի պես նա որբուկ մնաց:
Նա մնաց անտուն, մնաց բնավեր:
-Տո լաճ տնավե՛ր...
Եղավ անդադար, եղավ քնավեր:
-Տո լաճ տնավե՛ր…

Գրկանոց հասակ, վիրավոր սրտիկ,
Աչքերում` արցունք, ճակատին` քրտինք,
Աշնան պաղ քամուն և ձմռան ցրտին
Որբուկն ո՞ւր մնա, որբուկն ո՞ւր գնա,
Որտե՞ղ տաքանա, ո՞ւմ թոնրան շրթին:
-Տո լաճ տնավե՜ր...

Որբուկի սիրտը` ապակի փշուր,
Ա՜խ, դրսից կարմիր – ներսից փուշ մասուր,
Որբը` մոլոր գառ, աշխարքը` մսուր, -
Ո՞վ նայի վրան կամ ո՞վ տա նրան
Մի պատառ ժպիտ, շոյանք մի փշուր:
-Տո լաճ տնավե՜ր…

Դռնեդուռ երգեց – ձայնը` կլկլան,
Բերանն էր կերգեր, աչքերը կուլան:
Դունչիկից կելներ ծխի տակ քուլան,-
Սրտիկն էր էրվում, չէր տեսնում ոչ ոք:
Ցավերն էին փուքս, անձիկն էր քուրան…
-Տո լաճ տնավե՜ր...

Երկու ձիգ տարի նա այսպես պիտի
Ման գա երգելով ու շուրջը դիտի,
Մի հացի հույսով կամ մի հավկիթի,
Միտքը` հազար տեղ, աչքը` մի կետի...
Սկիզբըդ խոց էր, վերջըտ` ո՞վ գիտի…
-Տո լաճ տնավե՜ր…