ՂՈՂԱՆՋ ՆԵՐՄԱՆ

Եվ նա սկսեց... թուրքերեն երգել:

Մանկական ձայնը, սկըզբում կերկեր,
Վայրկյաններ հետո ինքն իրեն գտավ,
Հունի մեջ մտավ
Ու գնա՜ց-գնա՜ց:
Կաթողիկոսը մթագնեց մնաց:

Մինչ հանկարծահաս զայրույթի ծնած
Կրակը վառվեց ծեր աչքերի մեջ`
Հենց նոր սկսվող ժպիտը հանգավ:
Առաջի՜ն անգամ, առաջի՜ն անգամ
Ա՛ստ` Վեհարանի հին պատերի մեջ
Սրբապղծորեն թուրգ երգ է մխում...
Ա՛ստ` հայոց հոտի այս սուրբ փարախում,
Հովվապետն ինքը ականջ է կախում
Ինչ-որ մի մանկան անօրեն երգի…
Ա՛ստ, ուր հնչել են մեղեդիք ոսկի`
“Հայր մեր”, “Տէր կեցո”, “Արեգակն արդար”,
“Բարեխոսութեամբ” կամ “Խորհուրդ խորին”,
Ուր գրաբարն է հնչել դարեդար,
Եվ շարականն է հուզել բոլորին,-
Ա՛ստ` Վեհարանի հին պատերի մեջ
Առաջի՛ն անգամ, առաջի՜ն անգամ
Սրբապղծության մանանեխ ընկավ...

Բայց Վեհափառը իր վեհ դերի մեջ`
Ինչպես վայել է` անայլայլ մնաց:
Իսկ մանկան երգը... թա՜փ առավ - գնաց:
Գնաց – բարձրացավ,
Եկավ – ծանրացավ,
Քարեքար ընկավ, պատեպատ խփվեց
Եվ հետո` կրկին պոկվեց ու գնաց,
Մի վայրկյան օդում կախ ընկավ մնաց`
Մի անտես թելով կարծես թե կապվեց
Եվ, մի պահ հետո, հանկարծ ցած թափվեց.
Թափվեց` նշենու ծաղկաթերթի պես,
Հին վանքի ծեփի ճաքած շերտի պես…

Բառերը… եղո՜ւկ: Իսկ ձայնը… զուլա՜լ,
Այդպես լեռնային վտակն է կարող
Քարերի վրա ծիծաղել ու լալ:
Բառերը… եղո՜ւկ: Իսկ ձայնը… գերո՜ղ.
Մերթ բողոքում է ու գանգատ անում,
Մերթ` դառնում այնպես վսեմ ու բարի,
Կարծես հինավուրց այս Մայր Տաճարի
Երկինք խոյացող զանգակատընում
Կախել են մի նոր` անլեզվակ մի զանգ –
Մի համա՜կ հուզանք…

Թվաց` ամպերն են բացխուփիկ խաղում,
Թվաց` երկինքը շողեր է շաղում,
Թվաց, թե շոգը հանկարծ կոտըրվեց,
Թվաց, թե մի հին երգում կատարվեց…

Կաթողիկոսի ծեր երակներում
Ասես սրսկվեց ջահել տաք արյուն`
Անցած օրերի արյուն վարակիչ –
Երբ աննյութ հոգուն մարմինն էր այրում`
Մարմինը մեղսոտ, սատանայակիր:
Եվ հին լլկանքով կրկի՞ն չարչարել…
(-Տէ՜ր, ողորմեա, ինձ փրկեա ի չարէ)...

Իսկ երգող տղա՞ն,
Մորմոքող տղա՞ն:
Իրենց ամենքի աչքերի առաջ,
Ասես հեքիաթի դյուցազուն դառած,
Նա միանգամից աճե՛ց, զորացա՜վ...

Կաթողիկոսը մի պահ մոռացավ,
Թե ինքը որտե՞ղ և ի՞նչ է անում,
Ովքե՜ր են շուրջը` իր Վեհարանում,-
Եվ այդքանի մեջ,
Ասես քնի մեջ,
Նա դանդաղ ժպտաց
Աչքերով իր թաց:
Հետո ժպիտը սկըսեց հալվել
Ու հետզհետե անհետ վերացավ,
Մինչդեռ աչքերի թացն ավելացավ,
Թացն ավելացա՜վ ու ավելացա՜վ…

Փղձկացող Վեհը հազիվ բարբառեց.
-Որդյա՜կ իմ, ո՜րբ իմ…
Ու ձայնը մարեց: