Կան խայտառակ ժամանակներ

Կան խայտառակ ժամանակներ,
Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,
Ապա նրա ձեռք ու ոտքին
Ուրիշներն են դնում կապանք:
Մենք մեր լեզվի կապն ենք կտրել,
Որովհետև ճիշտ է լեզուն չունի ոսկոր ,
Բայց կարող է...ոսկո´ր ջարդել,
Նաև կապանք ձեռք ու ոտքի:
Մենք , որ մարդ ենք ծնվել մորից,
Ո´չ, չենք ուզում դառնալ ընձուղտ,
Որ վիզներս չերկարացնենք
Դեռ չեղած ու չլինելիք
Բան տեսնելու հիմար հույսով:
Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,
Որ մեր մաշկին անհուր աստղեր չդաջոտեն՝
Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,
Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին
Ո´չ մի անգամ ամբողջ կյանքում
ձայն ու ծպտուն չի՜ արձակում...