Հետո նստում ուրախ ու գոհ

Ա՜խ, ես գիտե՛մ, չէ՜իր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:


Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք քաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
“Սիրում-սիրում” անվերջ խաղում:


Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ե՛ս միշտ կամ
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ո՜չ մի անգամ:


Որքա՜ն անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:


Չէ՜,ինձ չէի՛ր, չէի՛ր սիրում...
Թե չէ – ի՞նչ է, բա՞րդ էր այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մեկ անգամ: