ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ

Առտու մը դեռ մթնշաղ՝
Կը ծավալեր շող ու շաղ,
Ծաղկանց մեջ քեզ տեսա ես,
Կը ժըպտեիր լուսնո պես:

Աչերդ սիրո ատրուշան,
Մատներդ էին գիրգ շուշան,
Այտերդ վարդի նոր թերթեր,
Նայվածքեդ ծներ նոր եթեր:

Սիրտըս թըռավ ոտքիդ տակ,
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ...
Սիրով եղան ձյուն մազեր,
Ըսին՝ կյանքը երազ էր:

Մինչդեռ դու չես սիրեր զիս,
Մ'իշխեր գոնե տկար սրտիս.
ՈՒր որ երթամ դեմքդ ինձ հետ՝
Նայվածքդ չէ այդ... մահո՜ւ նետ:

Երբ անտառի խորն նըսեմ
Կերթամ լալ՝ լուռ մենաճեմ,
Դարձյալ հոն կգտնես զիս,
Տերևներեն կը խոսիս:

Երբ առվակին եզերքը՝
Նըստիմ սփոփել իմ վերքը՝
Դարձյալ դու կը գտնես զիս,
Ալյաց մեջեն կը ժպտիս:

Երբ լեռները կը փախչիմ՝
Որ չը տեսնեմ քեզ՝ հանգչիմ,
Հողմույն մեջեն կը խոսիս,
Թե՝ դու բնավ չես սիրեր զիս:

Լուսնի լույսով գիշերը
Երբ ցողեն իմ աչերը,
Դարձյալ դու կը գտնես զիս,
Աստղերուն մեջ կը ժըպտիս:

Իսկ գերեզման երբ մտնեմ,
Քեզ հոն պիտի չը գտնեմ...
Մնաս բարյա՜վ... հայուհիս,
Անգո՜ւթ, արցունք մ'ալ չունիս: