“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888

( հատուածներ )

Ա . Ի Ր Ք

1. Երկու սուրհանդակները
2. Տարօնի առաւօտը
3. ուժկան
4. Մի աղօտ միտք ծագում է նրա մէջ
5. Մայր եւ որդի

 

ՅԱՌԱՋԱԲԱՆ.

    Պատմական վէպը մի ժողովրդի պատմական կեանքի նկարագիրն է: Նա պատկերացնում է իր մէջ՝ թէ ո՛րպէս ապրել է եւ ո՛րպէս գործել է մի ժողովուրդ, պատկերացնում է նրա բարքը, վարքը, սովորութիւնները, պատկերացնում է նրա մտաւոր ու բարոյական յատկութիւնները, մի խօսքով, ներկայացնում է հնադարեան մարդուն իր բուն, նախնական կերպարանքով, որը ժամանակների ընթացքում փոխուել եւ ներկայ սերնդի համար մոռացուել էր:

րելով “Սամուէլը”, ես նպատակ եմ ունեցել՝ ներկայացնել մի այդպիսի նկարագիր մեր պատմական անցեալից:

    Պատմական վիպասանին նիւթ է մատակարարում ինքը պատմութիւնը եւ այն յիշատակարանները, որ պահել են իրենց մէջ անցեալի յիշատակները եւ աւանդել են ապագայ սերնդին:

    Բայց ի՞նչ է տալիս հայ վիպասանին հայոց պատմութիւնը:

    Մենք կարդում ենք նրա մէջ մեր թագաւորների, մեր իշխանների անունները, ծանօթանում ենք նրանց ներքին կռիւների ու արտաքին պատերազմների հետ, գիտենք, թէ ո՛րը ո՛րքան տարի տիրեց, կամ ի՛նչ լաւ եւ վատ գործեր կատարեց,- այդ բոլորը գիտենք մենք: Բայց թէ ի՞նչպէս էր կազմակերպուած նրանց ընտանեկան կեանքը, ի՞նչ սովորութիւններ ունէին, ի՞նչպէս էին հագնում, ի՞նչ տեսակ տների մէջ էին ապրում, մի խօսքով, իբրեւ մարդ, նրանց ընտանեկան եւ հասարակական կենցաղավարութեան մասին՝ մեր պատմութիւնը, եթէ չասեմ իսպառ, կարող եմ ասել մեծ մասամբ լռում է:

    Բայց վէպի համար հարկաւոր է ընթացիկ, շարժուն կեանքը իր բոլոր երեւոյթներով, եւ ոչ թագաւորների կամ իշխանների աշխարհակալութեան կամ պարտութեան չոր ու ցամաք տարեգրութիւնը:

    Մեր պատմութեան մէջ գրեթէ բոլորովին մոռացուած է ամբոխը: Մեր պատմագիրները չեն նկատել, որ բացի թագաւորներից եւ իշխաններից, բացի հոգեւորականներից եւ զինուորներից, Հայաստանում կար եւ ժողովուրդ, որ ապրում էր, որ իր կեանքն ունէր, որ իր տօները, հանդէսները եւ ցնծութիւններն ունէր, եւ որի հոգեկան եւ բարոյական հակումները արտայայտուում էին այս եւ այն հասարակական երեւոյթների մէջ: Մեր պատմութեան մէջ ժողովուրդ չկայ, կան միայն տիրապետողներ: Մենք չգիտենք, ի՞նչպէս էր ապրում հայոց շինականը, ի՞նչ տեսակ յարաբերութիւնների մէջ էր իր տէրերի հետ, կամ ի՞նչ էր ուտում եւ ի՞նչ էր հագնում, եւ ի՞նչ տեսակ զուարճութիւններ ունէր: Մենք չգիտենք, թէ ի՞նչ էր շինում հայոց արհեստաւորը, ո՞ր երկրների հետ առեւտուր ունէր հայոց վաճառականը, կամ ի՞նչ տեսակ անասուններ էր սնուցանում հայոց խաշնարածը: Մեր պատմութիւնը լուռ է այդ բոլորի մասին: Բայց վէպի համար դրանք կարեւոր են:

    Մեր պատմութեան մէջ մոռացուած է եւ մեր ժողովրդի մի նշանաւոր տարրը - կինը: Մենք ծանօթ ենք մի քանի կանանց անունների հետ միայն, իսկ նրանց կեանքը իր բոլոր մանրամասներով մեզ անյայտ է: Ի՞նչ էր հայ կինը, որպէս ամուսին, ի՞նչ էր նա, որպէս մայր, ի՞նչ դեր է խաղում, որպէս ընտանիքի եւ հասարակութեան անդամ, - այդ մենք չգիտենք: Մենք չգիտենք նաեւ, թէ ի՞նչպէս էր յայտնուում նա ժողովրդական տօների եւ հանդէսների մէջ, կամ ո՞ր աստիճան մասնակցում էր նրա ուրախութիւններին եւ տրտմութիւններին: Իսկ առանց կնոջ վէպ կարող չէ լինել. կինն է նրա ոգին եւ կենդանութիւնը:

    Եւ այդպէս, մեր պատմութիւնը, իբրեւ չոր ու ցամաք տարեգրութիւն, խիստ նուազ նիւթ է տալիս մի վիպասանի, որով կարող լինէր նա նկարել անցեալի ճիշտ պատկերը իր բոլոր երեւոյթներով:

    Ինչ որ թերի է թողել պատմութիւնը, կարող էին լրացնել բանաստեղծական գրուածքները, եթէ մեզ հասած լինէին: Բայց մենք չունենք ո՛չ Էսքիլէսի եւ Սոֆոկլէսի ողբերգութիւնները, եւ ո՛չ Հոմերոսի եւ Վիրգիլիոսի դիւցազնական հագներգութիւնները: Մեր հին գրականութիւնը դուրս չեկաւ եկեղեցական շրջանակից: Մեր հեղինակները գրեցին մեկնութեան ստուար գրքեր, հռետորական ճառընտիրներ, գրեցին փիլիսոփայական եւ աստուածաբանական աշխատութիւններ, բայց ո՛չ մի վէպ, ո՛չ մի դրամա կամ կօմեդիա չտուեցին մեզ:

    Մեր հին գրականութեան մէջ, թէեւ կեանքի եւ սովորութիւնների, ընտանեկան եւ հասարակական կազմակերպութեան լիակատար նկարագիրներ չկան, բայց կան հազիւ նկատելի նշմարներ, փոքրիկ բեկորներ, որոնք ի մի ամփոփելով, պարզելով եւ դասաւորելով, կարելի էր, եթէ ոչ բոլորովին ամբողջական, գէթ մասնաւոր գաղափար կազմել պատմական հայի կեանքի մասին:

    Այդ աշխատանքը պէտք է մեր արդի հնախօսութեան գործը լինէր: Բայց մեր հնախօսութիւնը այդ մասին դեռ շատ աննշան գործ է կատարել: Մեր հնախօսութիւնը դեռ չէ դուրս եկել այն նեղ, սահմանափակ շաւիղից, ինչ շաւիղով որ ընթացել է պատմութիւնը: Պատմութիւնը խօսում է միայն թագաւորների, իշխանների եւ հոգեւորականութեան մասին. հնախօսութիւնը նոյնպէս զբաղուած է նրանցով: Մեր հնախօսութեան մէջ կեանքի քննադատութիւնը, իր բոլոր երեւոյթներով, խիստ աննշան տեղ է բռնում: Կարդալով Ինճիճեանի երեք պատկառելի հատորները, չէ կարելի մի պարզ հասկացողութիւն կազմել նախնական հայի կրօնի, պաշտամունքների, սովորութիւնների եւ ծէսերի մասին, - չէ կարելի տեղեկանալ, թէ ի՞նչպէս էր ապրում հայը իր տան մէջ եւ հասարակութեան մէջ:

    Այդ բոլորից յետոյ, ինքն ըստ ինքեան հասկանալի է, թէ ո՛րքան դժուար է հայ վիպասանի համար պատմական վէպ գրել: Թէ՛ հին եւ թէ՛ նոր գրականութիւնը նրա համար բաւականացուցիչ նիւթ չէ պատրաստել: Նա ինքը պէտք է բոլորը ուսումնասիրէ, նա ինքը պէտք է բոլորը պատրաստէ: Բայց ո՞րտեղից:

    Արդեօք ունե՞նք մի մուզէում, որդեղ հայ վիպասանը մտնելով, տեսնէր, թէ ի՛նչ տեսակ զգեստ ունէին նախնի հայերը, ի՛նչ տեսակ զարդեր ու զէնքեր ունէին, կամ ի՛նչ տեսակ տնային կարասիք էին գործածում: Արդեօք մենք ունե՞նք մեր հին արձանները, մեր հին նկարները: - Ոչինչ չունենք: Իսկ այդ բոլորը պէտք են պատմական վէպի համար: Եթէ Վօլտեր Սկօտը եւ Էբերսը գրեցին գեղեցիկ պատմական վէպեր, որոնց մէջ իր բոլոր մանրամասներով պատկերանում է վաղեմի մարդու կեանքը, - այդ յաջողութիւնը պէտք է վերաբերել ո՛չ այնքան նրանց տաղանդին, որքան նիւթերի այն ահագին պաշարին, որ պատրաստել էր նրանց համար նախընթաց գրականութիւնը: Այդ երջանիկ վիպասաններին մնում էր միայն օգուտ քաղել արդէն պատրաստի նիւթերից: Բայց հայոց դժբախտ վիպասանը ի՞նչ ունի: Նա պէտք է ուժ տայ իր երեւակայութեանը, իսկ լոկ երեւակայութիւնը մի ճիշտ պատմական վէպ նկարել չէ կարող:

    Մեր գրականութեան չքաւորութեան մէջ, անհրաժեշտ նիւթերի պակասութեան մէջ, խոստովանուում եմ, որ իմ կողմից մեծ վստահութիւն էր՝ ձեռնարկել մի վէպ գրելու, որ նա պատմական ճիշտ նշանակութիւն ունենար: Բայց “Սամուէլը” վաղուց իմ մտածումների առարկան էր դարձել: Խրախուսուելով այն գաղափարով, թէ ո՛րքան մեծ կրթողական ազդեցութիւն ունի պատմական վէպը ընթերցողի համար, երբ նա տեսնում է իր նախնեաց մեծագործութիւնները եւ աշխատում է հետեւել նրանց առաքինութիւններին, տեսնում է եւ նրանց մոլութիւնները, աշխատում է հեռու պահել իրեն նրանց կատարած սխալներից, - այդ միտքը քաջալերեց ինձ: Ես սկսեցի գրել: Բայց թէ ի՞նչ աղբիւրներից եմ օգուտ քաղել, աւելորդ չեմ համարում բացատրել իմ ընթերցողներին:

    Նախ, ես օգուտ եմ քաղել այն յիշատակներից, որքան յաջողուել է ինձ գտնել մեր ազգային եւ օտարազգի գրականութեան մէջ: Երկրորդ՝ իմ ճանապարհորդութիւնների ժամանակ, ես օգուտ եմ քաղել ներկայ հայի կեանքից, այն չափով միայն, ինչ չափով պահպանուել է նա իր նախնական ձեւի մէջ: Եթէ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Քսենոփոնի 24 դար առաջ նկարագրած գետնափոր խրճիթները, եթէ մենք այսօր տեսնում ենք Հայաստանում Հերոդոտոսի 24 դար առաջ նկարագրած մաշկապատ նաւակները Եփրատ գետի վրայ, ինչո՛ւ պէտք է չմտածել, որ դեռ շատ բան չէ փոխուել հայոց աշխարհում: Նոր քաղաքակրթութիւնը կարող էր ոչնչացնել, ինչ որ նախնական էր, ինչ որ հին դրոշմ էր կրում: Բայց Հայաստանում դեռ մնացել են այնպիսի խուլ, առանձնացած տեղեր, ուր ժողովուրդը դեռ ապրում է իր վաղեմի, աւանդական սովորութիւններով: Այդ տեղերը ես առիթ եմ ունեցել տեսնելու եւ նրանց կեանքը ուսումնասիրելու:

    Համարելով հայերին մի եւ նոյն ցեղին պատկանող եւ ոչ այնքան տարբեր կեանքով ապրող մի ժողովուրդ, որպիսին էին հին պարսիկները եւ մեդացիները, ես առել եմ շատ բան պարսիկների եւ մեդացիների կեանքից, ի հարկէ, զանազանելով, ինչ որ ազգային առանձնայատկութիւն է եւ ինչ որ օտարամուտ է:

    Հայոց կեանքի եւ սովորութիւնների վրայ ոչ սակաւ ազդեցութիւն են գործել եւ այն մեծ գաղթականութիւնները, որ հին դարերում, կա՛մ ինքնական եկել են եւ կա՛մ իբրեւ գերի բերուել են Հայաստան: Դրանցից մեծ տեղ են բռնել քաղդէացիք, ասորեստանցիք, պարթեւները, հնդիկները, ճենացիք եւ հրէաները: Ես ի նկատի եմ ունեցել եւ դրանց սովորութիւնները:

    Այդ բոլորը բացատրուած է առանձին ծանօթութիւններով, որ կցուած են գրքիս վերջում:

    “Դաւիթ-բէգից” եւ “Պարոյր Հայկազնից” յետոյ, “Սամուէլը” իմ երրորդ պատմական գրական փորձն է: Այդ վէպի նիւթը առնուած է մեր պատմութեան Դրդ. դարու անցքերից: