“ՍԱՄՈՒԷԼ”

Պատմական Վէպ (364-400).
1888

( հատուածներ )

Ա . Ի Ր Ք

1. Երկու սուրհանդակները
2. Տարօնի առաւօտը
3. ուժկան
4. Մի աղօտ միտք ծագում է նրա մէջ
5. Մայր եւ որդի

 

3. ՈՒԺԿԱՆ

Ողական ամրոցի սենեակներից մէկի մէջ, թանկագին գորգով պատած գահաւորակի վրայ, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ։ Նա, ինչպէս երեւում էր նրա քնէած դէմքից, դեռ նոր դուրս էր եկել իր քնարանից եւ դուրս էր եկել իր զարթնելու ժամից շատ վաղ։ Ոչ հագնուել էր, ոչ լուացուել էր եւ ոչ սանդրուել էր։ Մի լայն, ասրեայ, նուրբ վերարկուի մէջ սփածուած էր նա, եւ բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռուել էին թիկունքի վրայ, եւ երբեմն սքօղում էին նրա գեղեցիկ, գունաթափ դէմքը։ Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին՝ փոքր ինչ ուռած, կարմրագոյն շրթունքի նորաբոյս ընչացքը, թէեւ ոլորելու շատ պաշար չէին գտնում։ Այդ ցոյց էր տալիս սրտի խորին խռովութիւնը։ Իսկ սեւորակ, նշաձեւ աչքերի մէջ նշմարուում էր մի անբացատրելի վրդովմունք։ Քսան եւ հինգ տարեկան հազիւ կը լինէր նա, նուրբ կազմուածքով եւ փոքր ինչ մոյգ-դեղնագոյն դէմքով, որ պահպանուել էր նրա մէջ ժառանգական արիւնից։

    Երիտասարդը Վահան Մամիկոնեանի որդին Սամուէլն էր։

    Սենեակը, որտեղ նստած էր նա, ներկայացնում էր նրա ընդունարանը։ [...]

    Այդ սենեակը աւելի զինարանի նմանութիւն ունէր, քան թէ ընդունարանի։ Երիտասարդ իշխանը սիրում էր իրեն շրջապատել այն առարկաներով, որ իր սրտին շատ մօտ էին։ Միակ առարկաները, որ յիշեցնում էին, թէ դա եւ հիւրանոց էր, էին մի քանի փառաւոր բազմոցներ, որ դրած էին պատերի մօտ, պատուաւոր հիւրերի համար։

    Սենեակի դռները ներսից փակած էին եւ լուսամուտների ծիրանեգոյն վարագոյրները, զարդարած ծանր, ոսկեթել ծոպերով, ցած էին թողած։ Մի դուռ միայն բաց էր մնացել, որ տանում էր դէպի քնարանը։ Այդ դրան մօտ կանգնած էր մի տղամարդ, երկու ձեռքերը իր դաշոյնի կոթի վրայ դրած։ Նա հագած ունէր սուրհանդակի թեթեւ զգեստ. մի կարճ մուշտակ, որի մորթեղէն կողմը դէպի ներս, իսկ մաշկեղէնը դէպի դուրս էր թողած. մէջքը պնդած էր կաշեայ լայն գօտիով, որ պատել էր կուրծքի մի մասը՝ մինչեւ փորի ստորին մասները, որպէս զի ձիու սրարշաւ ցնցումներից փորոտիքը չխախտուէին։ [...] Նրա տարիքը դեռ չէր անցել երեսուն եւ հնգից, բայց կարճ գանգրահեր մօրուքի մէջ արդէն նկատուում էին սպիտակ մազեր։ Բնականից թուխ դէմքը աւելի մռայլ գոյն էր ստացել եղանակների խստութիւնից եւ երկար ժամանակ արեւի տակ այրուելուց։ Բայց այդ այրական դէմքի մռայլ արտայայտութիւնը մեղմանում էր, պայծառանում էր երկու լուսափայլ աչքերով։

- Ուրեմն քեզ նամակ չտուի՞ն, Սուրէն, - ասաց իշխանը, շարունակելով ընդհատուած հարց ու փորձը։

- Չտուին, տէր իմ, - պատասխանեց սուրհանդակը. - զգուշացան, որ նամակը կարող էր բռնուել ճանապարհին։ Իսկ ես հազիւ կարողացայ հասցնել ինձ իմ տիրոջ մօտ, որպէս կենդանի նամակ։ Ամէն ինչ պատմեցի ձեզ, դուք այժմ գիտէք բոլորը…

- Բայց դու լաւ չբացատրեցիր ինձ, Սուրէն, - հարցրեց իշխանը խռովուած ձայնով , - թէ ի՞նչը հրապուրեց իմ հօրը ուրանալ իր կրօնը եւ յանձն առնել մի այդպիսի ամօթալի գործ… Միթէ Մերուժան չարագո՞րծը խելքից հանեց նրան… Ես Արծրունիներին ճանաչում եմ… նրանք իմ քեռիներն են… փառքի, իշխանութեան եւ պատուի համար ամէն սրբութիւն կը վաճառեն նրանք… Բայց իմ հա՜յրը… այդպէս չէր իմ հայրը… միթէ նա՞ էլ խաբուեցաւ…

    Վերջին խօսքերի միջոցին երիտասարդի ձայնը սկսեց դողալ, ձեռքը տարաւ դէպի ճակատը, գլուխը խոնարհեցրեց եւ մի քանի րոպէ մնաց տխուր մտախոհութեան մէջ։ Սուրէնը խորին ցաւակցութեամբ նայում էր նրա վրայ։ Երբ կրկին գլուխը վեր բարձրացրեց նա, Սուրէնը պատասխանեց.

- Չխաբուեցաւ, տէր իմ։ Այլ այն օրից, որ ձեր հօրեղբօրը բերեցին Տիզբոն, եւ այն օրից, որ Շապուհ արքան այնպիսի չարաչար մահով սպանել տուեց ձեր հօրեղբօրը, - ձեր հայրը հետամուտ եղաւ ստանալ հայոց սպարապետութիւնը. Շապուհը տուեց նրան այդ, եւ ձեր հայրը կատարեց Շապուհի կամքը…

- Այժմ հասկանում եմ… խօսեց երիտասարդը ինքն իրեն։ - Պատմի՛ր, Սուրէն, ի՞նչպէս եղաւ իմ հօրեղբօր մահը։

    Սուրհանդակը դժուարանում էր պատմել քաջ հերոսի մահը, որի թիկնապահներից մէկն էր եղել ինքը, որի կռիւների մէջ այնքան երկար տարիներ մասնակցել էր ինքը։ Բայց երբ երիտասարդը կրկին թախանձեց նրան, պատմեց։

- Ձեզ յայտնի է, տէր իմ, թէ որպիսի՛ խաբէութեամբ Շապուհ արքան մեր Արշակ թագաւորին եւ ձեր հօրեղբօրը հրաւիրեց Տիզբոն։ Թագաւորին երկաթեայ շղթաներով աքսորեց Խուժաստանի Անյուշ1 բերդը։ - Այդ ես պատմեցի ձեզ։ - Յետոյ բերել տուեց ձեր հօրեղբօրը դատելու։ Այն օրը Շապուհի դիւանի ամբողջ հրապարակը լի էր բազմութեամբ։ Ներկայ էի եւ ես։ Երբ կանգնեցրին ձեր հօրեղբօրը դիւանի առջեւ, երբ Շապուհը նայեց նրա վրայ եւ, տեսնելով անձով փոքրիկ, արհամարհանքով հարցրեց. - “Դո՞ւ էիր, որ այդքան տարի կոտորում էիր արիներին (պարսիկներին). դո՞ւ էիր, որ այդքան ժամանակ անհանգստացնում էիր մեզ”։ Ձեր հօրեղբայրը համարձակութեամբ պատասխանեց. - “Այո՛, ես էի, արքայ”։ - “Աղուէ՜ս, ասաց Շապուհը զայրանալով, “աղուէսի մահով սպանել կը տամ քեզ”։ Ձեր հօրեղբայրը այսպէս պատասխանեց արքայի սպառնալիքին. “Այժմ դու տեսնելով ինձ անձով փոքրիկ, արհամարհում ես. միթէ այդքան ժամանակ չհասկցա՞ր իմ մեծութեան չափը։ Մինչեւ այսօր ես քեզ համար առիւծ էի, իսկ այժմ աղուէ՞ս։ Լսի՛ր, արքայ, ես այն Վասակն եմ, որ մի հսկայ էի, մէկ ոտս մէկ լերան վրայ էի դրած, միւս ոտս մի այլ լերան վրայ. երբ աջ ոտիս վրայ էի յենուում, աջակողմեան լեռը գետնի տակն է տանում, իսկ երբ ձախ ոտիս վրայ էի յենուում, ձախակողմեան լեռը գետնի տակն է տանում”։ Շապուհը հարցրեց. - “ Ասա՛ ինձ, որո՞նք են այն երկու լեռները, որ դու գետնի տակն էիր տանում ”։ Նա պատասխանեց. - “ Երկու լեռներից մէկը դու էիր, միւսը յունաց թագաւորը։ Քանի որ հայոց նախարարների մէջ միաբանութիւն կար, քանի որ նրանք կապուած էին իրենց թագաւորի հետ, եւ քանի որ մենք պահում էինք մեր հայր Ներսէսի խրատները, - այնքան ժամանակ Աստուած մեզ հետ էր եւ մենք կարողանում էինք խրատել մեր աշխարհի թշնամիներին, որոնց թւում եւ քե՜զ, արքայ։ Բայց երբ մեր նախարարների երկպառակութիւնը մատնեց մեր թագաւորին քո ձեռքը, այն օրից մենք ինքներս մեր կործանումը պատրաստեցինք… Այժմ ինչ որ կամենում ես արա՛, ես պատրաստ եմ, արքայ”։ Հրապարակի վրայ հաւաքուած ամբողջ բազմութիւնը զարմանում էր ձեր հօրեղբօր համարձակութեան վրայ, զարմացաւ եւ ինքը Շապուհ արքան, եւ գովեց նրա քաջութիւնը։ Բայց յետոյ հրամայեց մորթել նրան, կաշին տիկ հանել, լցնել խոտով եւ տանել Անյուշ բերդը։ Այնտեղ դրուած է նա, իբրեւ նախատինք, շղթայակապ Արշակ թագաւորի աչքի առջեւ, եւ դժբաղդ թագաւորի աչքից արտասուքը չէ պակասում, քանի որ նայում է իր քաջ, հաւատարիմ սպարապետի վրայ։

    Երիտասարդը, լսելով ցաւալի պատմութիւնը, թաշկինակը տարաւ դէպի լճացած աչքերը եւ ծածկեց իր արտասուքը։

- Հերո՜սը հերոսի նման մեռաւ, - բացականչեց նա։ - Նրա որդին, Մուշեղը, կարող է պարծենալ հօր մահուամբ։ Բայց ե՜ս… ես ինչո՞վ կարող եմ պարծենալ… ես պէտք է յաւիտենական նախատինքի տակ մնամ… Իմ հայրը իր եղբօր սպարապետութիւնը ստանալու համար, դառնում է նրան սպանել տուող Շապուհի ձեռքում մի անարգ գործիք… եւ այժմ պարսից զօրքով գալիս է ողողելու Հայաստանը արիւնով… Թշուա՜ռ եմ ես, թշուա՜ռ… ինչո՞վ պէտք է քաւեմ այդ նախատինքը…

    Արեգակի առաջին ճառագայթները, ընկնելով ծիրանագոյն վարագոյրների վրայ, լցրին սենեակը ծիրանագոյն լուսով։ Երիտասարդը սոսկալով նկատեց, որ օրը լուսացել էր։ Նա դարձաւ դէպի սուրհանդակը, ասելով.

- Շնորհակալ եմ, Սուրէն, ես քո ծառայութիւնը չեմ մոռանայ։ Այժմ կարող ես գնալ, քանի որ ամրոցում դեռ քնած են։ Երբ հարկաւոր լինես, կրկին կը կանչեմ քեզ։

    Սուրէնը, մինչեւ յատակը խոնարհուելով, գլուխ տուեց։

- Դու, ի հարկէ, ձեր տա՞նը կը մնաս, - հարցրեց երիտասարդը։

- Ոչ, տէր իմ, ես երդուել եմ իմ կնոջ, իմ զաւակների երեսը չտեսնել, մինչեւ…

    Նա չաւարտեց խօսքը, բայց երիտասարդը հասկցաւ, թէ ինչ էր կամենում ասել։ Բարի եւ քաջ զինուոր՜. ամբողջ հինգ տարի հայրենիքից տարակայ էր նա, ծառայում էր Պարսկաստանի հայկական հեծելազօրքի մէջ, մասնակցել էր շատ արշաւանքների քուշանաց դէմ2, իսկ այժմ վերադարձել էր իր հայրենիքը։ Նրա հայրենի աւանը, Խորնին, շատ հեռու չէր Ողական ամրոցից, նա չէր ցանկանում իր տնակը տեսնել, որովհետեւ նրան զբաղեցնում էր մի գործ, որ աւելի մօտ էր նրա սրտին, քան թէ կինը, որդին, բարեկամը…

- Ուրեմն դու ո՞րտեղ կը մնաս։

- Աշտիշատի վանքում, - պատասխանեց նա, - այնտեղ չեն ճանաչի ինձ, կը մնամ, որպէս մի օտարական։ Ես իմ ձին այնտեղ եմ պահ տուել։

    Երիտասարդը ցած իջաւ գահաւորակի վրայից եւ, աւելի պինդ փաթաթուելով իր լայն վերարկուի մէջ, անցաւ քնարանը։ Սուրէնը հետեւեց նրան։ Նա մօտեցաւ իր մահճակալին եւ ձեռքով մի կողմ ծալեց մահճակալի առջեւ փռած գորգը։ Յետոյ մատը սեղմեց երկաթեայ հազիւ նշմարուող զսպանակի վրայ, իսկոյն յատակի տախտակամածը բարձրացաւ եւ յայտնուեցաւ մի քառակուսի ծակ։

- Դու ծանօ՞թ ես այս անցքի հետ, - դարձաւ նա դէպի Սուրէնը։

- Ի՞նչպէս ծանօթ չլինել, տէր իմ, - պատասխանեց Սուրէնը մի առանձին զգացմունքով, - այդ սենեակը հանգուցեալ սպարապետի քնարանն էր. ես դեռ պատանի էի, իմ երեսին մի մազի հետք անգամ չկար, երբ այդ սենեակի յատակը աւելում էի …

    Սուրէնը մանկութիւնից սնուել, մեծացել էր այդ ամրոցում։ Մամիկոնեանների գիւղացին լինելով, իբրեւ մի շնորհալի եւ մաքուր տղայ, նրան բերեցին ամրոցը։ Երբ բաւական վարժուեցաւ, սենեկապետի պաշտօն էր կատարում։

    Երիտասարդը պատուհանից վեր առեց պողովատի կայծհանը, կայծքարը եւ աբեթը, զարկեց միմեանց, կայծերը ցայտեցին, աբեթը վառուեցաւ, նրանով վառեց ծծումբի լուցկին, իսկ վերջինով վառեց մոմպատի կծիկը եւ տուեց Սուրէնի ձեռքը, ասելով.

- Դէ՛ , անցի՛ր ։

    Սուրէնը կրկին անգամ լռութեամբ գլուխ տուեց եւ, իր սովորութեան համեմատ, երեսը խաչակնքեց, յետոյ ցած իջաւ քառակուսի նեղ ծակից, որտեղից մի մարդ հազիւ կարող էր անցնել։ Երիտասարդը ցած թողեց տախտակեայ փոքրիկ դռնակը եւ անցքը ծածկեց գորգով։

    Այդ ամրոցի յատակի տակ կային բազմաթիւ ստորերկրեայ անցքեր, որոնք, ցանցատեսակ լաբիւրինթոսի նման, տանում էին դէպի զանազան կողմեր։ լխաւոր սենեակները, որոնց մէջ բնակուում էին ամրոցի տէրերը, ունէին իրենց առանձին գաղտնի անցքերը, որոնք յատակի խորքերում միանում էին եւ այդպիսով պահպանում էին հաղորդակցութիւն թէ՛ միմեանց մէջ, եւ թէ՛ դրսի հետ։