ՀԱՅՐԵՆԻՔ

Անցած դարերին հայացքըս հառած` նայում եմ հեռուն,
Մեր ժողովրդի ոլորապտույտ մեծ ճանապարհին,
Արարատի պես հավիտենական ու մտախոհուն`
Հառնում են իմ դեմ մեր պապերը հին:
Ահա սարից-սար, աշխարհից-աշխարհ թափառ, դեգերուն,
ՈՒրարտու երկրի գարնան գունեգեղ արևածագին`
Ելնում է իմ դեմ նախահայրը` շանթը աչքերում,
Վիշապակործան աղեղը ձեռքին:
Որպես փառապանծ դյուցազուն կանգնած Սիփանոս լանջին
Դյութված, կախարդված դիտում է ծփուն ծովը Բզնունյաց,
Առատ ըմպում է անկախ վայրկյանի հրճվանքն առաջին,
Ձյունոտ լեռների կախարդանքն անանց:
Թողած արևշատ երկիրն արգավանդ, հողը հայրական,
Անսանձ տարերքի զարկին մատնելով տուն ու ընտանիք,
Նետահարելով բռնակալ Բելի սիրտը դիվակում`
Որոնում է նա ազատ հայրենիք:
Թշնամու գլխին, որպես մահաբեր փոթորկածին շանթ,
Ահեղ իջնում է հայրենապաշտպան թուրը Վարդանի,
Որ իր արյան մեջ տապակվի անվերջ բռնապետը ժանտ,
ՈՒ ազատ շնչի հողն Հայաստանի:
Տեսնում եմ` հեծած Քուռկիկ Ջալալին, ձեռքին կայծակ-թուր,
Կռիվ ե գնում Դավիթը ընդդեմ Մսրա Մելիքի,
Զարկում է, զարկվում Սասնա կորյունը` հզոր, քաջակուռ`
Հանուն հարազատ իր հայրենիքի:
Մեռնում է Դավիթ` սուրբ հայրենիքի կարոտն իր սրտում,
Եվ այդ կարոտը անցնում է անվերջ սերնդից-սերունդ,
ՈՒ սերունդներից, որպես անմարում, անմահ սրբություն`
Ժառանգում է մի ամբողջ ժողովուրդ:
Մահճակալը լացող հորովելով է դաշտերն ակոսում,
Ապառաժի դես մեջքին նստել է օտարը դժնի,
Հնձվորի աչքից ոսկի հասկերին արցունք է հասնում, -
Հայրենիք, ազատ հայրենիք չունի:
Պանդուխնտ հյուծվում է օտարության մեջ գիշեր ու ցերեկ,
Կարոտով դիմում երկնքով անցնող ամեն թռչունի,
Հոգու հույզերից հորինում է նա աղեկտուր երգ,
Հայրենիք ,ազատ հայրենիք չունի:
Եվ բազմաքարքար մեր ժողովուրդը դարեր անդադրում
Մի երազ ուներ` ամենից շքեղ, վար' ու գեղեցիկ,
Այս արևի տակ, արևափափագ անծիր աշխարհում
ՈՒնենալ մի շեն, ազատ հայրենիք:
ՈՒ գալիս էին, անվերջ հաջորդում սերունդ-սերնդին.
Բայց անկատար էր մնում երազն այդ` այրող ու անշեջ,
Ե վ աշխարհում լոկ տոկուն, անկոտրում մեր ժոգովրդին
Հայրենիք տվեց Հոկտեմբերը մեծ:
Մեր սիրտը թնդաց, մեր կյանքը դարձավ խորն ու իմաստուն,
Փռվեց, մեծացավ, օվկիանոս կտրեց մեր լիճը փոքրիկ,
Ողբի ու ուրբի երկիրը դարձավ հերոսների տուն,
Ծնվեց մի ազատ, անպարտ հայրենիք: