16. ՅԻՍՈՒՍԻ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ (Մատթ. Գ. 1-11)

1Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ 2Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 3Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. “Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն”։ 4Նա պատասխանեց և ասաց. “Գրուած է՝ ﬕայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից”։ 5Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը և կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6“Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետև գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, և ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես”։ 7Յիսուս դարձեալ նրան ասաց. “Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես”։ 8Սատանան նորից նրան առաւ տարաւ ﬕ շատ բարձր լերան վրայ և ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը և նրան ասաց. 9“Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես”։ 10Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. “Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետև գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն և ﬕայն նրա՛ն պիտի պաշտես”։ 11Ապա սատանան նրան թողեց. և ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան: