ԱՐՑՈՒՆՔՆԵՐՍ

Ա

Եվ մաքրաթև երազիս հետ մինակ էի, հովիտներուն մեջ հայրենի,
Քայլերս էին թէթև, ինչպես քայլերը խարտիշագեղ եղնիկին,
Եվ զվարթությամբ կը վազեի, կապույտեն և օրերեն բոլորովին գինով,
Աչքերս ոսկիով և հույսով` և աստվածներով լեցուն...

Բ

Եվ ահա բարեբեր Ամառն իր պտուղները զամբյուղ առ զամբյուղ,
Մեր պարտեզին ծառերեն դեպի հողը և դեպի զիս կ'ընծայեր,
Եվ ես լռությամբ` գեղուղեշ ուռիին ներդաշնակ հասակեն,
Երգերս ստեղծելու համար խորհրդավոր սրինգիս ճյուղը կը կտրեի...

Գ

Կ'երգեի... Ադամանդյա առվակն և թռչուններն հայրենագեղ,
Աստվածային աղբյուրներուն հստակահոս մեղեդիներն անդադրում,
Եվ առավոտյան զեփյուռը, քրոջական գորովներու այնչափ նման,
Այս բոլորն իմ երջանիկ երգերուս թոթովումին կը ձայնակցեին...

Դ

Այս գիշեր երազիս մեջ, ձեռքս առի զքեզ, ո՜վ քաղցրախոս Սրինգ,
Շրթունքներս զքեզ ճանչցան` ինչպես համբույր մը հին օրերու,
Բայց շունչս` հիշատակներու զարթնումեն, հանկարծորեն մեռավ,
Եվ երգիս տեղ` շիթ առ շիթ , շիթ առ շիթ, արցունքներս էին, որ ինկան վար...