ԳԾԱՆԿԱՐ

Կաթնագույն մի օր,
Լույսից ու մութից սերած, ծոցվորած
Մի վաղորդայնի
Ես իջա մորս գրկից
ՈՒ ոտքս
Հայկական պարի վրա դրեցի,
ՈՒ սկսեցի քայլել դեպի վեր
Հայկական պարի եզրագծերով:
Քայլեցի՝ այսպես,
Նախ տոտիկ-տոտիկ, թոթով քայլերով
Եվ ապա՝ ամուր,
Համառ, հաստատուն:
Քայլեցի նորից՝
Այս անգամ Մասսի եզրագծերով,
Մինչև որ հասա ճերմակ գագաթին:
Այստեղ կանգնեցի երկար, երկյուղած.
Աշխարհն էր շուրջս,
Եվ ժամանակը՝
Տարինե՜ր, դարե՜ր, հազարամյակնե՜ր:
Ես մեջս առա շուրջս ու հեռուն,
Առա աշխարհը և ժամանակը՝
Տարիներ, դարեր, հազարամյակներ
Եվ էջքի ճամփան բռնեցի հետո...
Հոգնած էի շատ,
Փոքր Մասիսը բարձրացա-իջա
Դժվար, երերուն,
Ծանր քայլերով:
ՈՒ հիմա իջնում,
Իջնում եմ՝ ընդմիշտ անէանալու
Հարթավայրերում...
Տեսնես, մնացի՞ն ոտնահետքերս
Իմ անցած ճամփի
Եզրագծերին...
2002թ.