ԱՐԵՎԻ ՃԱՄՓԱՆ

 Արեւ, փեշերդ ես ամուր բռնած
Չգիտեմ, թե դու ինձ ո՞ւր ես տանում,
Օտար երկրում սիրտս կոտրված
Միակ մտերիմ դու ես իմ սրտում.
Արեւ, ես էլ մենակ եմ քեզ պես,
Թող որ գրկեմ շեկ վարսերը քո հուր
Օտար երկրում իմ կյանքն ու հույսն ես
Սիրտս մի թողնի անտեր ու թափուր
Արեւ, սպասիր, քեզ հետ եմ գալիս,
Հողիս կարոտից սիրտս է լալիս
Այստեղ չհանգչեմ իմ մայրամուտիս
Գեթ այգաբացիդ ես քեզ հետ լինեմ,
Արեւ, շողերդ որ գիրկս առնեմ
Տանեմ շողերդ շաղեմ ամենուր,
Սառած սրտերին տամ կրակ ու հուր
Իմ Մասիս սարին շողերդ շաղեմ,
Որ նրա սրտի խոր ձյունը հալեմ
Արեւ, փարվիր ինձ, մտնեմ ես քո ծոց
Դարձիր ինձ ընկեր, տեր ու ուղեցույց,
Գնանք միասին երկիրն իմ հայոց:

2003, Բրյուսել