ՄՏՔԵՐՆ ԻՄ ԱՆՄԵՌ

 Կարո՞ղ եք սպանել մտքերս երկնած
Փորձեք, կարո՞ղ եք, հարցնում եմ ձեզ
Նրանք ձիեր են հրեղեն, անսանձ
Շանթ ու որոտի հրից են ասես
Ոչ ոք չի կարող նրանց բռնանալ,
Լոկ ես եմ տերն իմ նժույգների,
Ամուր բռնել եմ սանձերը նրանց
Նրանք արքան են իմ ծով մտքերի.
Ու երազներիս թամբին ես նստած
Սլանում եմ երկնի անհունում
Ողջ էությունս նրանցով լցված
Անձիս մասին եմ հաճախ մոռանում
Մտքերս հեծած հրեղեն ձիեր
Ինձ հեռո~ւ, հեռո~ւ, հեռու են տանում
Որ ցանեմ սիրո, բարության սերմեր
Այս չար ու անգութ, դաժան աշխարհում
Տանեմ մտքերս անհաղթ, երկնային
Շաղեմ սար ու արտերում անծայր
Գութն իմ ներարկեմ ես քար սրտերին
Տամ հոգուս լույսն աշխարհին արար
Երբ արտերն իմ բերքի տակ կքվեն,
Այդժամ հանգիստ, խաղաղված սրտով
Իմ նժույգներին ազատ կարձակեմ,
Որ ճախրեն մտքերս աշխարհից աշխարհ
Երգն իմ հավերժի ամենուր սփռեմ,
Որ չլինեն գեթ ավեր ու դավեր,
Չարին, խավարին մտքով շանթարգել,
Որ վառվեն մտքերն իմ լուսեղեն ջահեր
Անսանձ, հրածին մտքերն իմ անմեռ...

2004, Բրյուսել