ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ

Մի հեռավոր կապույտ թռչուն,
Մի բարալիկ, տխուր ուռի...
Քնած է կտուրը մեր տան,
Լուսնյակի մեջ ու լազուրի:

Առուն գնում է սիրտը ելած,
Տանում է լույս երազանքներ,
Երկինքն ի վար՝ աստղերի լաց
Ու աստղային տխուր զանգեր...

Երկինքն ի վար՝ ամենամեծ,
Ամենատաք, ամենահուր
Ասուպն ընկել իմ սրտի մեջ
Ու սրտիս հետ մխում է լուռ...

Մի մոլորված կապույտ թռչուն,
Մի բարալիկ տխուր ուռի,
Մի աստղային անքնություն
Լուսնյակի մեջ ու լազուրի: