ՄՆԱՔ ԲԱՐՈՎ

- Մնաք բարով, իմ հայր Սիփան,
Եվ դու, իմ մայր, Վանա ծով,
ՈՒր էլ գնամ` ձեզ հավիտյան
Չեմ մոռանա իմ լացով:

Չարի ձեռն է մեզ բաժանում,
Մնաս բարով, Ախթամար,
Իմ աղավնուն քեզ եմ թողնում,
Պահիր մոր պես, իմ սուրբ մայր:

Մնաս բարով, Արածանի,
Մնաս բարով, Մեղրագետ,
Ինձ սև բախտը ուր էլ տանի`
Հայ կմնամ, կուգամ ետ:

Մնաս բարով և դո'ւ, իմ սեր,
Բայց թող հայրդ իմանա,
Ինչ էլ լինի, ես կգամ դեռ,
Հայն անմուրազ չի մնա: