ԽԱՐԲԵՐԴԻ ԲԱՐԲԱՌԸ՝ ՀԱՄԱՍՏԵՂԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ

“Ժողովրդական բարբառներից օգտվելը ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու”:

Հովհ. Թումանյան

Մայրենի բարբառի հանդեպ թումանյանական սիրուց ու գնահատանքից են ծնված Համաստեղի ստեղծագործությունները։ Բարբառախոս միջավայրում Համաստեղն ապրել է 18 տարի։ “Ծնած եմ 1895-ին, ապրած գիւղին մէջ .... Յետոյ սորվեցայ Մեզիրէի (կուսակալական քաղաք) կեդրոնական վարժարանը, ուր... կարևոր աւանդոյթ մ՚էր ազատ և ազգային դաստիարակութիւնը,- գրում է Համաստեղը, ապա հավելում,- 1913-ին տեղափոխուեցայ Ամերիկա, այլևս “չտեսնելու համար թրքական կեավուռային վերագրումները։ ...Ամերիկայի մէջ կաղ ու կիսատ ուսանողութիւն մը ունեցայ”։

Օտար ափերում, սակայն, Համաստեղը չի մոռացել իր մայրենին և Խարբերդի Բարջանչ (Փերչենճ) գյուղի տեսիլքը՝ Ս. Բարթող եկեղեցիով, Խաչաղբյուրով, Գարաճա լեռով, Գոթանենց չարտախով, Գանձակ Պարսամի վաճառանոցով, Չալոյի շուրջ հյուսվող զվարճություններով, Տափան Մարգարի գոմեշների ու Թորիկ Ղուկասի Տողանի ու Տիքքոյի հոգնաբեկ հայացքներով, Մխսեի ու Մնուշ պաճիի ամենօրյա վիճաբանություններով, ցորյանի արտերով, զովասուն թթենիներով ... ուղեկցել է նրան մինչև կյանքի մայրամուտ։ Փերչենճից հետո Համաստեղին հոգեհարազատ էր հարևան Վարդաթիլը, որն անաղմուկ ապրում էր գրողի մանկավարժական տարիների հուշերում։ Այդ մասին նա գրում է. “Զարմանալի կերպով իմ պատմուածքներուն գետինը, մեր գիւղէն յետոյ եղած է Վարդաթիլ (Նամականի, էջ 257)1”։

Խարբերդը, որ հայտնի է նաև Քարբերդ, Հորեբերդ անուններով, բերդաքաղաք էր Ծոփքի Անձիտ գավառում, Խարբերդի դաշտում, Արածանիի ձախափնյա սարահարթում։ Այն հիշատակվում է դեռևս Ուրարտական թագավորության ժամանակներից (Ք.ա. 9-8-րդ դդ.) ոչ միայն որպես արհեստների՝ ջուլհակության, ոսկերչության, զինագործության, և հմուտ արհեստավորների կենտրոն, այլև իբրև գիտամշակութային նշանավոր օջախ։ Մինչև 1915 թ. Խարբերդի նահանգը հռչակված էր եկեղեցիներով ու բազմաթիվ կրթարաններով, ինչպիսիք էին Աստվածաբանական ճեմարանը, Եփրատ քոլեջը, Ազգային կեդրոնական, Հռիփսիմյանց օրիորդաց, Սմբատյան ընկերության երկսեռ վարժարանները, ուներ թատրոն, տպարան, պարբերական մամուլ, մշակութային-հասարակական բազմաթիվ կենտրոններ։ Փերչենճ գյուղը անմասն չէր նահանգի կրթամշակութային անցուդարձից։

1915 թ. թուրքարարությունները արմատախիլ են անում խարբերդցիների դարավոր մշակույթը։ Բնօրրանից բռնագաղթված խարբերդցիները սփռվում են աշխարհով մեկ. 1929 թ. հայության մի խլյակ բնակություն է հաստատում Արևելյան Հայաստանում՝ հիմնելով Նոր Խարբերդը։ Արարատի մարզի Արմաշում ևս բնավորվում են ոտնակոխ նահանգից մազապուրծ մի քանի ընտանիք։ Նոր բնակավայրում խարբերդցին, երանի տալով անցած օրերին, իր բույնն է հյուսում՝ հոգում անթեղած հայրենի եզերքի կարոտն ու մրմուռը։ Բնավեր Խարբերդից փրկվում է միայն քաղցրաբառ խոսքը։

ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնին հաջողվել է գրանցել Խարբերդ քաղաքի, ինչպես նաև Հաբուսի (Հաբուսու) և Բազմաշեն գյուղերի խոսվածքները։ Ցավոք, Փարչանչ գյուղից բարբառախոս չի հանդիպել։ Այս բացը կարող է լրացնել 1938 թ. Բոստոնում տպագրված “Բարջանջ գիւղ, համայնապատում (1600-1967)” աշխատությունը, որի մասին հիշատակում է Համաստեղը, ապա հավելում. “Մեր տարեց գիւղացի Մանու Ծերունեան գրած է գիրք մը “Փէրչենճ” կամ “Բառչանճ” վերնագրով”։

Խարբերդի գյուղերի բնակիչները խոսում էին միմյանց հասկանալի բարբառով, որը բարբառագիտական գրականության մեջ առանձնանում է որպես արևմտյան բարբառախմբի կը ճյուղի բարբառ։ Այն լեզվաբանորեն սերտ առնչակցություն ունի Երզնկայի բարբառի հետ և հաճախ բարբառագիտական գրականության մեջ այդ երկուսը միասին նշվում են որպես Խարբերդ-Երզնկայի բարբառ, որը հատկանշվում է հետևյալ առանձնահատկություններով։

Խարբերդի բարբառին բնորոշ են պարզ ձայնավորները, առկա են նաև ա’’ և ու’’ քմայինները։ Գրաբարի այ, ոյ, իւ երկբարբառները պարզվել են՝ համապատասխանաբար դառնալով ոյ>օ, իւ>ի և քմային այ>ա’’ (ծայր>ձա՚՚ր, բութ մատ >պօթ մադ, բույն>պօն, կապույտ գույն>գաբօդ կօն, աղբյուր>ախպիր, հյուսիս>հիսուս կամ հիսիս, ձյուն>ծօն, դյուրին>տօրին)։ Բաղաձայնական համակարգը եռաշարք է՝ ձայնեղ>< խուլ տեղափոխություն տեղաշարժով, այսինքն՝ բառասկզբում ձայնեղները վերածվում են խուլերի, խուլերը՝ ձայնեղների, ինչպես և ընդունված էր միջին գրական հայերենում (բերան>պէրան, ջուր>ճուր, գագաթ>կակաթ, տուն>դուն, կարմիր>գարմիր, կարկուտ>գարգուդ)։ Բառասկզբի սպ, ստ հնչյունակապակցություններում առկա է ս-ի անկում (սպանել>բաննէլ, ստեպղին>դէղբինդ, սպիտակ>բիդագ, Ստեփան>Դէփան կամ Դիփան, ստեղծող>Դէղձօղ Ասված և այլն)։ Հոգնակերտներն են էր, նէր, վի, վընի, վընէր, ստան և այլն (ջրաղացներ>ճաղաշքնէր, բանալիներ>պալլիք, այգիներ>էքէստան, խնամիներ>խնամդիքը, մատանիներ>մաննէստան, մաննինէր կամ մաննիք, մատներ>մադվի, մադվընէր կամ մադէր, սատանաներ>սադանդիքը, աչքեր>աշֆի կամ աչվընի, շներ>շընվընի, շընվըներ կամ շուներ, ձիեր>ծինէր կամ ծիան, մանր>մայրը, մայրուքը, մայրուքները, մորաքույր>մօրքըրդա՚՚ք և այլն)։ Հոգնակի ձևերը, ինչպես արևմտյան բարբառներում և արևմտահայ գրական լեզվում է, պատկանում են ու հոլովման, որոնք կարող են հանդես գալ ն որոշիչ հոդով կամ առանց հոդի (պէրվընէրուն, պէրվընուն>բերանների, կօղէրուն, ձաղիգնէրուն կամ ձախկընէրուն, դունէրուն կամ դընվընուն, օսկօրնէրուն կամ օսկըրդա՚՚ց և այլն)։ Բացառականին բնորոշ են -էն, -մէն, -մընէ վերջավորությունները (ախպօրմէ կամ ախպօրմընէ, թօրնիգինմընէ, հօրմընէ, հօրմէն կամ հայրիգէն, մարթէն կամ մարթումընէ, հոգնակին՝ մարթօցմէ, մարթիքներէն, քօրվըդօցմէ, քօրվըդօցմընէ կամ քօրէրէն>քույր)։ Հատկացուցիչն ստանում է որոշիչ հոդ (ձարին շուքը, շա՚՚րիդին ջօթը>պարանի ծայրը, պըխէրիգին մուխը>երդիկի մուխը)։ Անորոշ հոդը ետադաս է (Էրիգ մը//մի ու գընիգ մը//մի կըլլին։ Օր մը ա՚՚ս մարթը հըվընտցավ)։ Բայական լծորդություններն են՝ է, ի, ա (տընէլ, պըռնէլ, գօրսըվիլ, մա՚՚րնիլ> մեռնել, հավդալ, մըննալ>մտնել)։ Վաղակատար դերբայի վերջավորությունը, ինչպես և արևմտահայ գրական լեզվում է, ր-ով է (Չաղան>երեխան նըստէր էր կէդինը։ Դէնէրին> տանիք վըրա ծօն էգէր ա՚՚//է։ Տըրացին նըստէր էր տուռին էշիգը>շեմ՝)։ Ներկա ժամանակը կազմվում է կը, գի, գը նախամասնիկով։ Ի դեպ, բուն Խարբերդ քաղաքի խոսվածքում գրանցված են կը-ով ներկայի ձևեր, իսկ Հաբուսի գյուղում գի-ով և գը-ով ներկայի ձևեր (Խարբերդ՝ Չըթիլնէրը կըդընգէն կարունէն գանուխ։ Ջընջըխկահացիգը>փիփերթ կուդինք։ Ֆասուլյան կը խաշէն ու կը դաբգէն։ Հաբուսի՝ Դօլաբին մէչ թա՚՚փսի գը//գիտընէյա(ն)ք։ Առիքէն հօղ գիթափի։ Ձառին խիժը չաղանէրը>երեխա գուդէն)։ Բարբառին բնորոշ է նաև շարունակական ներկան (հըմա կը գարթամ, հըմա կը խօսա), ապառնի ժամանակը կազմվում է դի, դը>պիտի մասնիկներով (դուդիմ, դուդէս, դուդէ>պիտի ուտեմ..., դի հաիմ, դի հաիս, դի հաի>մնալու եմ..., դը կամ դի խօսամ)։ Փարչանճ գյուղում, ըստ Համաստեղի պատմվածքների, գործածական է եղել պի տարբերակը. օրինակ, “Տոմարը կըսե՝ էսօր կամ վաղը անձրև պի գա”։

Բարբառի պատկերը լրացնելու համար լսենք Համաստեղին։ Սուրեն Մանվելյանին ուղղված նամակում նա գրում է. “Շատ լաւ ըրած էք յաճախ բառերը հում ձևին մէջ գործածելով. ինչպէս՝ ըդ, ընը, միեր, ըտանկ, դէ։ Խարբերդի բարբառին մէջ կան այդ բոլորը և որոշ գիւղերու համար գործածելի։ Գիւղացին տի չի գործածէր, կը գործածէ պինի կամ պիտնի։ Տի-ն այդ շրջանի քաղքենի գործածութիւն է և դուրսէն եկած։ Իսկ միերը նոյնպէս յատուկ էր որոշ գիւղերու։ Թլկատինցին, որ նոյնպէս կը սիրէր բարբառները իրենց եղած վիճակին մէջ գործածել, միեր ձևով գործածած չէ։ Ուրախ եմ, որ որոշ հնչումներ և բառեր թարմացուցիք իմ մէջ ” (Ն., էջ 395)։ Ասվածից ակնհայտ է, որ ե, ո երկբարբառները բնորոշ են եղել Խարբերդի ոչ բոլոր գյուղերի խոսվածքներին։

Ընդհանրապես, Համաստեղի բարբառային դիտարկումներն ու պարզաբանումները արժեքավոր նյութ կարող են հանդիսանալ Փերչենճի խոսվածքը ուսումնասիրելիս։ Բաբկեն Փափազյանին ուղղված մի նամակում հեղինակը գրում է. “Իմ պատմուածքներուս մէջ գործածած եմ “մայր” բառը. փոխանակ “մարէ”ի։ “Մարէ-ն խորթ է ինծի համար”։ Ապա շարունակում է պարզաբանել մի շարք բարբառային արտահայտություններ ու բառեր. այսպես՝ “Փէճ-ը ուսն է, իսկ խութն միշտ ալ կը գործածուի “խումաշին” փոխարեն։ Հագուստի համար էն սուղ ապրանքն է, գուցէ թաւիշ։ Երիտասարդ տղամարդը կը հագնի էնթարի, կօշիկը՝ եէմէնի, և գլխին՝ ֆէս, իսկ երբ տարիքը առնէ, կը հագնի շալվար, ֆէսին շուրջ՝ բարակ փաթթոց, ու փաթթոցը աւելի հաստ, մինչև ականջներուն կէսը հետը առնուած։ Իսկ եթէ գրոց-բրոց է և կամ ուսուցիչ, արդէն փանթալոն։ Աղջիկները կը հագնին ֆիսթան՝ կոճակներով ու պասմայով ծաղկաւուն։ Եթէ աղջիկ է, գլխին լաչակ... Կիներու կօշիկները կրունկով են, եթէ ունևոր է, ունի ոսկեդրամներով վզնոց, ճակատին՝ թէքէլի ձեռագործ՝ ժապաւէնի լայնութեամբ։ Այլ է րէնճբէրին (հողագործ) և ճիւվէլէկին (անոնք, որ հողին հետ գործ չունին)” (Ն., էջ 384)։ Ինչ խոսք, բարբառային բառերի ու արտահայտությունների նշված բացատրությունները ունեն նաև ազգագրական արժեք։

Ընդհանրապես ազգայինի ու բարբառների բնավայր գավառն ու գավառացին այն էական տարրերն են, որոնք ոգի ու շունչ են ստացել նուրբ հոգեբանի ստեղծագործություններում՝ հայ գրականությանը հաղորդելով անտիկ ազնվականություն։ Բենիամին Նուրիկյանի “Այգեկութ” ժողովածուի մասին գրված գնահատանքի խոսքում արտահայտված է այն անսահման սերը, որ Համաստեղը տածում է գավառի ու գավառականի հանդեպ. “Գաւառը՝ Խարբերդը, աւելի հարազատ պահած ես ոճիդ և պատկերներուդ մէջ։ Է՛հ, ի՜նչ ալ ըլլայ, մեր գրականութիւնը ինչ ձևերու մէջ ալ մտնէ, գաւառը միշտ ալ պիտի պահէ իր անտիկ ազնուական գեղեցկութիւնը։ ...Գրքիդ յաջողութեան գաղտնիքը այդ անկեղծութեան մէջ գտայ (Ն., էջ 253)”։ Ապա, նշելով գավառի գրականության անմիջականության ու անկեղծության մասին, հավելում է. “Գաւառի գրականութեան արժէքն այն է, որ սեթևեթութիւն չունի”։ Այդ անկեղծությունն, ինչ խոսք, բարբառային խոսքի ծնունդ էր։

Ե՛վ Համաստեղը, և՛ նրա հերոսները խոսում են անսեթևեթ։ Այդ գրականությունը խարբերդցու լեզվամտածողության արգասիրք է՝ համեմված Խարբերդի տարածքին բնորոշ բառերով ու դարձվածքներով, պատկերավոր արտահայտություններով. “Ես չպի մեռնիմ, Մխսի, քեզ պէս քառսուն քավթառները որ չթաղեմ...”։ “Տէ՛ր Աստուած, դուն սապռ ու լըռանք տաս”։ Կամ՝ “Էրիկը Մնուշ պաճիին սեպեպով (սաբաբ, պատճառ) մեռաւ” և այլն (տե՛ս “Երանի՜ այն օրերուն)։ “Մուրս գլուխնուդ, կալը կուտը, փստիկին հարսնիքը, նստեր, տամա կը խաղան”, - դժգոհում է Խաթունիկ պաճին։ Փերչենճի խոսվածքը մշտանորոգվում ու մանկանում էր գյուղի երեխաների շուրթերին, հաղորդակցության միջոց դառնում անգամ ընտանի կենդանիների հետ շփվելիս. “Մանուկները Չալոյի հետ կը խօսէին այնպէս, ինչպէս իրարու հետ, և չէին ուզեր հաւատալ, թէ ան իրենց խօսածներէն շատ բան չէր հասկնար”։

Համաստեղի ստեղծագործությունների լեզուն բարբառի և գրական արևմտահայերենի բնականոն և կատարյալ շաղախ է և անհնարին է դրանք սահմանազատելը։ Օրինակ՝ “Նեզենիմ ձեռքերս դայեկի ձեռքեր եղան։ Է՜հ, խուրպան ըլլամ, Աստուած, տեսէ՛ք նիրոջս բախտը. կուժի չափ պոյ մ՚ունի, տեսնես իր էրկան հետ իրարու շողիք կը լըզեն, գիշեր-ցերեկ քըսփըսնին չի հատնիր...”, - բողոքում է բախտից Տափան Մարգարի կինը՝ Թամարը։

Համաստեղի բարբառասիրությունը լիովին պատկերացնելու համար բավական է կարդալ նրա մեկ տողը. “Բարբառը կօշիկին և հագած շալվարին պէս անհրաժեշտ է։ Անցեալ օրը թատըրկիւն բառը միտքս ինկաւ, և մանկան պէս հաճոյք զգացի” (Ն., Բ. Նուրիկյանին)։

Համաստեղը այնքան է ներդաշն իր հողին ու բառին, որ այդ մասին հաճախ ավելորդ է համարում հիշատակել։ Այսպես. Ա. Չոպանյանին գրում է. “Գաւառը, ուրկէ ներշնչուած եմ, Թլկատինցիի ու Զարդարյանի Խարբերդն է։ Կ’ենթադրէի, որ պատմուածքներուս լեզուն պիտի ըսէր այդ. ահա թէ ինչու աւելնորդ սեպեցի որևէ ծանօթութիւն աւելցնել (Ն., էջ 291)”։

Հայրենի եզերքի կարոտն ու բնօրրանի անդառնալի կորստի ողբերգությունը գրողի երկերում վերարտադրվում է բնածին ու անխառն լեզվով՝ բարբառի բարձրարվեստ համադրությամբ։

Համաստեղի անձնական վերաբերմունքը և ջերմ զգացմունքները հարազատ բարբառի հանդեպ արտահայտված են հատկապես նամակներում։ Հեղինակն իր նամակները հիմնականում գրում է գրական արևմտահայերենով, սակայն հաճախ որպես հորդաբուխ աղբյուր, ժայթքում է բարբառը՝ որպես բնական խոսքի, անձի էության և ասելիքի կատարյալ ներդաշնակության առհավատչյա։ “Նամականին” լեզվաոճական առումով դիտարկելիս նկատելի է, որ աշխույժ ու պատկերավոր բարբառաբանություններով հատկապես հարուստ են Վահե Հայկին, Վահան Նավասարդյանին, Հակոբ Ասատուրյանին, Նիկոլ Աղբալյանին, Հովհաննես Ավագյանին, Գուրգեն Մահարուն, Բենիամին Նուրիկյանին, Արշակ Չոպանյանին, Սուրեն Մանվելյանին գրված նամակները։ Մյուսներին գրելիս Համաստեղը հիմնականում գործածում է գրական արևմտահայերենը՝ հարազատ մնալով պաշտոնական ոճի առանձնահատկություններին։ Ակնհայտ է, որ բարբառին նա դիմում է հատկապես մտերիմ անձանց հետ նամակագրության ընթացքում։

Կարելի է ասել, որ բարբառը Համաստեղի գեղարվեստական ստեղծագործությունների հենքի հիմնատարրն է, իսկ “Նամականիում” այն երանգավառ վրձնահարված է գրական խոսքի համայնապատկերի վրա։

Ընդհանրապես բնօրրան, բարբառ, համերկրացի - Համաստեղ հարաբերությունն ու փոխկապակցվածությունը կարելի է բաժանել երկու հիմնական մասի։ Առաջինը՝ որպես բարբառախոս հանդես են գալիս Համաստեղի կերտած գրական հերոսները, և երկրորդ, բարբառախոս է ինքը՝ Համաստեղը՝ որպես բարբառակիր։

Համաստեղի հերոսների խոսքում կան՝ կրակտուն, արախչի (հագուստի մաս), տառապա (խանութի դարպաս), ճըռթոն, լոֆ մը սապոն, քըր քըր խընտալ, մասայով մխտել (եզը շփել), նեղ սրա, թաժա հավկիթ, պոռպռտուք, արևամարեն հետո, գամերով ժրեցուց, ցորենին չմոտեցվիր (թանկ է), ցորենը քանիի՞ կերթա (ինչքանո՞վ կվաճառվի), Աստված ուղուրով ընե, Արևը պորտի վրա գա։ Աստված խելլին ընե և այլն, և այլն։ Նման բառերի ու արտահայտությունների կարելի է հանդիպել յուրաքանչյուր նախադասության ու պարբերության մեջ։

“Նամականի”-ում ևս մեծաթիվ են այն նյութերը, որոնցում արտահայտված են Համաստեղի ջերմ սերը մայրենի բարբառի նկատմամբ և հայրենաբաղձ կարոտը հարազատ եզերքի հանդեպ։

Խարբերդի ու Փերչենճի հանդեպ տածած սիրո արտահայտություններ կան Հ. Ասատուրյանին ուղղված նամակներում։ Նրա արվեստի մասին խոսելիս գրում է. “Կը սիրեմ խաս ներկերը ձեր գիւղական նկարներուն (Ն., էջ 54)”։ Այնուհետև Համաստեղը առիթը բաց չի թողնում արտահայտելու իր սերը բարբառի հանդեպ և անդրադառնում է շարադրանքի լեզվին. “Գործածածդ գաւառական բառերուն մէջ նոյնպէս կը գտնեմ տոհմիկ անկեղծութիւն մը։ Սրտանց կը մաղթեմ որ այդ շնորհքը ձեր մէջ մնայ տևական հաճոյք ու իմաստ (Ն., էջ 54)”։

Վահե Հայկին ուղղված նամակում կարդում ենք. “Մեծ հաճոյքով կարդացի “Քեռին տի գայ”...՝ գաւառը անկեղծ շունչով մը տուած ըլլալուդ համար (Ն., էջ 214)”։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում էլ գավառը՝ որպես գավառական լեզվի խառնարան, առանձնակի ուշադրության է արժանացել տաղանդաշատ արձակագրի կողմից։ Հայրենասեր հայորդին, տարիներ շարունակ ապրելով Ամերիկայում, երբեք չի տարվել քաղքենիական հովերով և միշտ ապրել է գյուղաշխարհից ժառանգած պարզությամբ ու անմիջականությամբ։ Նրան ցավ է պատճառում գավառի ու գավառականի աստիճանաբար մոռացումը, հայահունչ բարբառի կորուստը։ Ա. Չոպանյանին գրում է. “Գաղութներուն մէջ ծլող երիտասարդ գրողներ օտար գրականութեան ազդեցութեան տակ կ՚իյնան հետզհետէ ու կ՚անտեսեն մեր անցեալի փառքն ու գեղեցկութիւնը (Ն., էջ 291)”։ Եվ քաջալերում է յուրաքանչյուր քայլ՝ արված գավառի արժեքների, հատկապես լեզվի պահպանման համար։ Նա գնահատում է իր “Այծետոմարը” թատերգության վերածելը, քանի որ Բաբկեն Փափազյանը դրանով նպատակ ուներ “Բեմով տալ գաւառն ու գիւղը մեր տոհմիկ, որ այնքան արագ կորսուեցաւ ու հնութեան մէջ ինկաւ” (Ն., 383)։

Անդրեասյանին ուղղված մի այլ նամակում, գնահատելով պօլսահայ գրականությունը, Թլկատինցու և Զարդարեանի մեծ դերը, գրում է, որ նրանց ստեղծագործության շնորհիվ. “արդէն նոր զգայարանքի պէս իմ մէջ յայտնուեցաւ գաւառը, իմ գիւղը, իմ ոճը...”։

Ընդհանրապես, մայրենի բարբառի անհետացման մտահոգությունները բազմաթիվ են։ Այդ ցավը տեսնում ենք Բ. Նուրիկյանին ուղղված մի նամակում. “Կը զգամ, որ այն թարմութիւնը չէ մնացեր և նոյնիսկ գաւառի բարբառը ներկի մը պէս կը կորսնցնէ իր խաս գոյները։ ...Ես դեռ այնտեղ եմ, գիւղին մէջ. այնտեղ է իմ ներշնչման աղբիւրը։ Ինչ որ բան կը պակըսի”։

Մի այլ առիթով դարձյալ մտահոգ է. “...արդէն փոխուած է և նոյնիսկ աղճատուած մեր գիտցած նկարագիրները թէ՛ բարբառով և թէ՛ բարքերով։ Գէթ փրկուին այդ բեկորները որ վաղը պիտի հատնեն իսպառ” (Ն., էջ 258)։

Հարազատ խոսվածքը կորստից փրկելու համար Համաստեղը ջանք չի խնայում։ Նա իր “Գաւառը և Թլկատինցին” աշխատանքին հավելում է Խարբերդի գաւառական բառարան, որ անձամբ էր կազմել։

Համաստեղը համոզված է, որ լեզուն է մեր գոյության հիմքը և այդ հիմքի խարխլումը ենթադրում է մեր հոգևոր խարխլումը։ Այդ առումով Անդրեասյանին գրում է. “Մեր լեզուն և մեր մշակոյթը, այլ խօսքով մեր գոյատևման շունչը հետզհետէ մաշումը կ’ենթադրուի։ Երբ կորսնցուցած ենք մեր լեզուն գալիք սերունդներուն մէջ, կորսնցուցած ենք մեր ոգին, որովհետև լեզուն ՀԱՑ ու ՋՈՒՐ չէ, այլ պատմութիւն, արուեստ, գրականութիւն, աւանդութիւն և որովհետև հայ ժողովուրդին մէջ առողջ է ապրելու կենսատարրը, որպէս ազգային հաւաքականութիւն, ան իր հզօր ճիգը կ’ընէ գալիք Սփիւռքի սերունդներուն մէջ պահել այդ կենսատարրերը” (Ն., էջ 438)։

Կյանքը նրա համար իմաստավորվում է, երբ օտարության մեջ խոսում ու լսում է հայերեն, մասնավորապես իր հայերենը՝ խարբերդյանը։ Այսպես, գնահատելով Մուշեղ Իշխանի “Հացի ու սիրոյ համար” վեպը, գրում է. “Լաւ գիրք մը կարդալ հայերէնով, մեր լեզուի ջերմ ու գեղարուստական արժէքով, ուրիշ հաճոյք է ինծի համար, ինչպէս ուրիշ է հայկական թոնիրէն ելած հացին, մեր հացին համն ու հոտը։ Գիրքդ ինծի այդ հաճոյքը տուաւ” (Ն., էջ 464)։

Համաստեղը, իր նամակներում գործածելով բարբառաբանություններ, ոչ միայն հոգեկան բավականություն է ստանում, այլև գործնականորեն ջանում է կորստից փրկել իր մայրենին։ Նրա խոսքին բնականորեն միահյուսված են բարբառային բառեր, դարձվածային արտահայտություններ, ժողովրդական առածներ ու ասացվածքներ։ Օրինակ՝ պտղի, աղի ու մաղի պակաս, խանչալէն քար վար չիյնար, խարբերդցի խալիճէներ (գորգավաճառ), ինծի պէս առանց կոտոշի մարդիկ, ուղտի մը պէս կուտկէն (սապատ) իւղովը սնանիլ, կակուղ աչքերով (հաճելի, բարի), մըյրադ<մկրատ, վիրա-վիրա, գաբան (երդիկը փակելու տախտակ), բռնոտած, զօ տալ, Մէկը դհոլին ձայնը կը սիրէ, ուրիշ մը՝ զուռնին և այսպես շարունակ։

Բարբառաբանությունների մեջ առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բայական դարձվածային արտահայտությունները, ինչպես աշխատանքը բռնած է իմ վիզէն (այսինքն՝ զբաղված եմ), կողովի մը մէջ դնել (անտեսել), սեղանին վրայ ծռիլ (տքնաջան աշխատել), վէպը կլորնալ (ավարտվել), երեսը ժրել (հանդգնել), առողջութիւնը կարկտնել (կազդուրվել), մաքուր առնել (սրբագրել), դուրսին հետ խառնուիլ (շփվել) և այլն։

Այսպիսով, Խարբերդի բարբառի լեզվական գանձարանի բարձրարվեստ կիրառությամբ ստեղծվել են անկրկնելի էջեր, որոնք իրենց հաստատուն տեղն ունեն հայ գրականության մեջ և անմահացնում են ոչ միայն Համաստեղի անունն ու գործը, այլև Խարբերդն ու ամենայն խարբերդյանը։

Գրականություն

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի բարբառային գրանցումներով տետրեր Ն 6. Խարբերդ, Ն 195. Բազմաշեն, Ն 303. Հաբուսի։

Սփյուռքահայ պատմվածք, Երևան, 1995։

Համաստեղ, Հատընտիր պատմվածքներ, Երևան, 2008։

Համաստեղ, Նամականի, Երևան, 2003։

Ճիզմեճյան Մ., Խարբերդը և իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։

Վահէ Հայկ, Խարբերդը և անոր ոսկեղէն դաշտը, Նիւ Եօրք, 1959։