ՀԱՄՇԵՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ԵՎ ԲԱՐԲԱՌԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայկանուշ ՄԵՍՐՈՊՅԱՆ, բ.գ.թ., դոցենտ

Համշենը (Համամաշենը) Թուրքիայի Ռիզեի նահանգում է, Սև ծովի հարավ-արևելքում։ Լեռնային այդ երկիրը 17-18-րդ դարերում բացառապես հայաբնակ էր։ Հետագա դարերում այն ենթարկվում է ֆիզիկական բնաջնջման և մահմեդականացման։ Օսմանյան բռնաճնշումներից խույս տալու նպատակով հայերից շատերը թողնում են Համշենի անտառաշատ վայրերը և բնակության նոր վայրեր որոնում՝ շարժվելով դեպի արևմուտք՝ Գունեյսու, Կալկանդերե, Օֆ, Սյուրմենե, Արսին, Յոմրա, Տրապիզոն, Գիրեսուն, Օրդու, Ֆաթսա, Սամսուն, Սինոպ, Ադաբազար, հասնում մինչև Նիկոմեդիա։

Տրապիզոն քաղաքում հիմնականում բնակվում էին Բագրատունյաց թագավորության անկումից հետո Անիից և հարակից վայրերից եկած հայերը։ Համշենահայերը նախընտրում են Տրապիզոնի մերձակա գյուղական վայրերը՝ Խուրշունլի, Գարա-Տերե (Սև գետ), Թորոսլի, Յունիէ և այլն։ Մինչև 1915 թ. Համշենում և շրջակա տարածքներում հայաբնակ էին մոտ 100 անուն գյուղ՝ Զեֆանոս, Սամարուքսա, Կուխլա, Շանա (Ծինկիլա, Կյուշանա), Ճոշարա, Կալաֆկա, Ուզ, Ապիոն, Կռոմիլա, Փերվանա, Գատրա, Էլեմոնաս, Վահանացիք, Մախթելա, Քութունոց, Քինուցոց, Սարես, Ալչաք-տերե, Ժուժք, Փիրկի, Մանտրալ, Փլաթանա, Սաթարիա, Մալա, Անիֆա, Վերանա, Էլեու, Ֆոշ, Ղալինոս, Կիրասոն, Օրտու, Կիրասոն, Չամալ, Մուսագըրգ, Քելթեփէ, Խոճղոլու, Սռլլար, Խոշկելիր, Պազարսու, Գուշճի էորեն, Ալաճատամ, Սայաճա, Գրմա, Պուլթան, Գատըր, Չաթալ, Ֆոտանա, Թեփեքեոյ, Չաթախ, Օրթաըյմախ, Էրենճիք, Մարթիլ, Թեքյուր, Թախտալըգ կամ Ղափուղայա, Էորեյի-պեյ, Գոնուքլուք, Գապալաք, Գուրշունլու,, Գարա-ըթլուք, Աղուլուճ, Ղապա-Ճեվիզ, Էյրի-տերե, Ուլու-Փունար, Կեովճե-քեոյ, Աղճա-կյունե, Սըթա-սու, Յուչ-փունար, Քեոքլիք, Էքինճիք, Քերփիճլիք, Յաղպասան, Պալչըգ, Քելաս, Եոքյուզքեոյ, Ղոճաման-պաշ կամ Ղարաճալը, Էլեմտաղը, Սուլուճա, Չըպըգըլըգ, Ղայա-արտը։ Պարբերաբար կրկնվող կոտորածների պատճառով անընդհատ տեղի են ունեցել բարբառախոսների տեղաշարժեր, որոնց հետևանքով փոփոխվել է Համշենի բարբառի լեզվաաշխարհագրական պատկերը։ Մինչև հայոց զանգվածային տեղահանությունները, Համշենին հարկից շրջանների՝ Արդվինի, Արդահանի, Բաբերդի, Երզնկայի, Կարինի, Գյումուշխանեի հայերի համար ապաստան էին Համշենի անտառուտները։ Համշենահայերը, ինչպես նաև Արևմտահայաստանի տարբեր շրջաններից Համշեն եկած հայերը բարբառախոս էին։ Համշենի բարբառի հետ միաժամանակ գործածվում էին Խարբերդ-Երզնկայի, Կարինի, Անիի և այլ բարբառներ։ Ժամանակի ընթացքում եկվոր բարբառները մոռացվում են՝ լեզվական տարրեր թողնելով բնիկների խոսքում։

20-րդ դարասկզբից ապրելով կովկասյան ժողովուրդների մեջ՝ համշենահայերը շարունակում են խոսել մայրենի բարբառով և մինչև օրս չեն մոռացել այն՝ չնայած ռուսերենի, կովկասյան լեզուների և գրական արևելահայերենի զորեղ ազդեցությանը ուսումնական գործընթացի և մամուլի ու գրահրատարակչության ճանապարհով։ Ցավոք, երիտասարդ սերունդը ներկայումս սկսել է տուրք տալ ռուսերենին։

Հ. Աճառյանը 20-րդ դարի առաջին կեսին Համշենի տարածքում գործառված խոսվածքները բաժանում է երեք հիմնական մասի՝ Համշենի կամ Ճանիկի, Տրապիզոնի և Օրդուի։ Համշենի կամ Ճանիկի խոսվածքով հաղորդակցվել են տարբեր ժամանակներում Արևմտահայաստանի տարբեր վայրերից Համշենում ապաստան գտած հայերը։ Տրապիզոնի բարբառով խոսել են Համշենը թողած և Տրապիզոնի շրջակա գյուղերում ապաստանած հայերը, որոնք հետագայում անցան Կովկաս և Կուբան։ Այսպիսով, Տրապիզոնը Նիկոմեդիային, Կեսարիային հարող բարբառային կղզյակ էր՝ բնակեցված Կարնո բարբառի Անիի խոսվածքի ներկայացուցիչներով։ Հին Համշենի սերունդների հաղորդակցության միջոցը Օրդուի խոսվածքն է, քանի որ բուն համշենցիներն ի վերջո հաստատվում են Օրդուում և արևելքից ու արևմուտքից հարևան Գիրեսունի և Ֆաթսայի շրջաններում։

Ըստ Գ. Ջահուկյանի՝ բարբառների դասակարգման բազմահատկանիշ սկզբունքի՝ Համշենի բարբառը մտնում է արևմտյան խմբակցության Համշենի կամ հյուսիսարևմտյան միջբարբառախմբի մեջ՝ Մարթիլի, Մալայի, Զեֆանոսի խոսվածքներով։ Գ. Ջահուկյանը Տրապիզոնը և Օրդուն համարում է Փոքր Ասիայի կամ արևմտյան բարբառախմբի Պոլսի միջբարբառի խոսվածքներ։

Դիտարկելով այս տարածքում հայության տեղաշարժերը, հայ բարբառագետների դասակարգումները, ինչպես նաև Կովկասի և Աբխազիայի հայության ներկայիս լեզվավիճակը, կարծում ենք, որ Համշենի բարբառը՝ որպես տեղի լեզվական հաղորդակցության միջոց, հաղթող է դուրս եկել եկվոր խոսվածքների շրջապատում։ Անիի, ինչպես նաև Երզնկայի դաշտի հայությունը ժամանակի ընթացքում մոռացել է իր բարբառը, յուրացրել է Համշենի բարբառը՝ միաժամանակ այն հարստացնելով Կարնո և Խարբերդ-Երզնկայի բարբառների լեզվական տարրերով։ Այդ են վկայում նաև ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառային գրանցումներով տետրերի մեր համեմատությունները, որոնց արդյունքները կներկայացնենք ստորև։

Ըստ ձևաբանական դասակարգման՝ Համշենի բարբառը պատկանում է կը ճյուղին։ Համշենի բարբառին բնորոշ են պարզ ձայնավորները, առկա են նաև ա’’, ու’’, օ՛՛ քմայիններ։ Գրաբարի այ, ոյ, իւ երկբարբառները պարզվել են՝ համապատասխանաբար դառնալով ոյ>ու (լոյս>լուս, կապոյտ>գաբուդ), իւ>ու (ձիւն>ծուն, մրջիւն>մէյչում, հիւսել>հուսուշ) և քմային այ>ա’’ (այծ>ա՚՛ձ, գայլ>կա՛՛լ)։ Բաղաձայնական համակարգը ըստ մեր դիտարկումների՝ եռաշարք է՝ ձայնեղ>< խուլ տեղափոխություն տեղաշարժով, այսինքն՝ բառասկզբում ձայնեղները վերածվում են խուլերի, խուլերը՝ ձայնեղների, ինչպես և ընդունված էր միջին գրական հայերենում (բամբակ>պօմբագ, գանգատ>կօնգադ, դատարկել>տայդգուշ, ճանճ>ջօնջ)։ Բարբառագիտական գրականության մեջ այս բարբառի բաղաձայնական շարքերի առանձնացման հարցում տարբեր մոտեցումներ կան։ Ա. Ղարիբյանը Համշենի բարբառի հայրենիքը համարում է Տրապիզոնի շրջանը, և բարբառը դասում է կը ճյուղի եռաստիճան խլազուրկ խմբի մեջ, այսինքն՝ բ՛, բ, փ։ Հ. Աճառյանը Մալայում արձանագրում է շնչեղ ձայնեղներ, Տրապիզոնում՝ պարզ ձայնեղներ, Ճանիկում՝ խուլեր (գ՛օնգդուշ, կօնգդուշ) (Քննություն Համշենի բարբառի, էջ 42)։ Իսկ “Գավառական բառարանում” առանձնացնում էր Տրապիզոնի և Համշենի բարբառներ՝ ընդունելով երկշարք խլազուրկ բաղաձայնական համակարգը։ Նա գրում է. “Հին հայերէնի երեք խումբերու տեղ կը մնայ երկու խումբ. թրթռուն և թաւ. գրաբարի թրթռուն և խուլ ձայները հաւասարապէս կը դառնան թրթռուն, թաւերը կը մնան” (էջ 32)։ Հանդիպում է նաև ձայնեղի շնչեղխլացում (գինի>քինի), որը բնորոշ հատկանիշ չէ Համշենի բարբառին, և, կարծում ենք, Խարբերդի բարբառի ազդեցություն է։ Բարբառում դիտվում է շնչեղ խուլերի ապաշնչեղացման երևույթ (ոչ բառասկզբի դիրքերում), որը, սակայն համատարած ընդգրկում չունի։ Ձայնաբանական երևույթներից առանձնահատուկ է մ և ն ռնգայիններից առաջ ա>օ հնչյունափոխությունը (աման>օմօն, դանակ>տօնագ)։ Բառավերջում և նախաբաղաձայնական դիրքերում կա ր>յ (խնձոր>խնձէօյ, գործել>կօյձուշ), ր>շ անցումը (գաշտա՛՛յ գու) և այլն։

Հիմնական հոգնակերտն է նի-ն (օնուն>օնուննի, խընձէր>խընձէյնի, ջօմպա>ջօմպընի), կան նաև այլ հոգնակերտներ՝ կ (<ք) (քինի>քինիկ, քօմի>քօմիկ, սէրմըծու>սէրմըծուկ)), էր (գօվ>գօվէր, ա՛՛ձ>ա՛՛ձէր), վի (ձունգ>ձընգվի, ծէռկ>ծէռվի). բաղադրյալ հոգնակետներ են վընի (<վի+նի) (յէտկ>օդվընի), էր+դա՛՛կ (քուր>քուրէյդա՛՛կ, դա՛՛կր>դա՛՛կէյդա՛՛կ) և այլն։ Հոգնակի ձևերը, ինչպես արևմտյան բարբառներում և արևմտահայ գրական լեզվում է, պատկանում են ու հոլովման, որոնք կարող են հանդես գալ ն որոշիչ հոդով կամ առանց հոդի (կիշէյնուն, կօղէրուն, պէյնընուն, դընէրուն և այլն)։ Որոշիչ հոդ ստանում է նաև եզակի սեռականը (ձարին շուքը, շա՚՚րիդին ջօթը>պարանի ծայրը, պըխէրիգին մուխը>երդիկի մուխը)։ Բացառականին բնորոշ է -ըն (<-էն) վերջավորությունը (մաշտըն, դընըն, օյվըն, ախպըրըն)։ Անորոշ հոդը ետադաս է (Մաշտ մը հընու գընիգ մը գըլլին։ Ավուրը մէգը ա՛՛ս մաշտը հիվընդնա գու)։ Գրաբարի բայական չորս լծորդությունների դիմաց Համշենի բարբառում պահպանվել է մեկը՝ ուշ վերջավորությամբ (ձունդռընուշ “աղոթել”, օնիձուշ, էշտվըննուշ “երդվել”, հավդուշ)։ Անկանոն բայերից մի քանիսը ժխտական ձևեր կազմելիս հանդես են գալիս ալ, իլ, էլ վերջավորություններով (չիմ գինալ, չինկ լալ, չի ասէլ, չայկը ասիլ, չինկ խօսիլ)։

Սահմանական եղանակի ներկա ժամանակը կազմվում է գը նախադաս և գու ետադաս մասնիկներով (գուդիմ, գինա՛՛յկը գու, գաշտօմ գու)։ Բարբառին բնորոշ է շարունակական ներկան՝ ունի կամ գունի հարադրությամբ (գ՛ուդիմ ունի, բ՛էրիմ գունի), ինչպես նաև իմս էշտուշ ա “ես գնում եմ” և նման առանձնահատուկ կառույցները։ Վաղակատար ներկա և անցյալ բայաձևեր չկան, դրան փոխարինում է հարակատարով կազմվող պարզ կամ նկարագրական ձևը (գէծաձ ին, յէս կըրաձ ունիմ, տունկ կըրաձ ունիկ, գէծաձ ա՛՛ կէղին, դուն շինաձ ունի, հած գէրաձ ունի) և այլն։

ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնում կան Ճենիկի, Տրապիզոն քաղաքի, Օրդուի, Օրդուի Չիբլուխու, Սամսոն քաղաքի, Սամսոնի Ծինգեր, Միմեր, Օ՚րմօ՛՛նքօ՛՛յ գյուղերի, Համշենի Ունիե, Բալլուղ, Աբխազիայի Ծեբելդա բնակավայրերի խոսվածքների գրանցումներով տետրեր, որոնք օգնում են Համշենի բարբառի ներկա լեզվավիճակի մասին ընդհանուր գաղափար կազմելուն։ Ըստ այդ նյութերի՝ տեղի են ունեցել բարբառախոսների հետևյալ տեղաշարժերը։ Եղեռնից առաջ՝ 1884 թ.-ին, ճենիկցիները տեղափոխվել են Սոչիի Արդուճի կոչված վայրը։ 1898 թ. 20 ընտանիք տեղափոխվել է Սուխումի։ Որոշ ժամանակ անց ճենիկցիներից շատերը վերադարձել են հայրենիք։ Օրդուի Չամբաշի գյուղից նույն թվերին գաղթել են Նիկոմեդիայի Խաչ գյուղ։

19-րդ դարի 60-70-ական թթ. Աբխազիայի Գուլրիփշի շրջանում՝ Սուխումի քաղաքից 30 կմ հեռավորությամբ հիմնադրվել է հայկական Ծեբելդան, որտեղ հիմնականում ապրում են ճանիկցիներ: Տեղաբնակները գյուղը կոչում են Ջա՛՛բա՛՛լ, շատ հազվադեպ՝ Ջէբէլ: Ծեբելդան ունի կենտրոն, որը բնակիչները կոչում են Բազար, և մի քանի գյուղակներ. Խաճ տուռը, որտեղ եկեղեցի է եղել, Ռէնգառտը, Լըմսին կյէղը, Թօպճէծ կամ Թօպճըծէծ կյէղը (=Թոփչանների), Քյէսծէծ կամ Քյէսծըէծ կյէղը (=Քեսյանների), Բիջի Կարավէյճը կամ Փոքր Կռաևիչ (նախկին գյուղապետի ազգանունը): Դրա կողքին կար Մեծ Կռաևիչը (Մեձ Կարավէյճ), որը գյուղապետի մեծ եղբոր կալվածքն էր։ Ծեբելդայի կազմում եղել են նաև այլ գյուղակներ՝ Միսա՛՛լիմծէծ կյէղը (Մուսելիմյանների) և Բուղազը, որոնք հայրենական պատերազմից հետո դատարկվել են: Գյուղի բնակչության փոքրամասնությունը կազմող մենգրելները ապրում էն առանձին գյուղակում՝ Մըգռէլնէծ- Մենգրելովկայում, իսկ հայերի հետ խառը ապրում են միայն կենտրոնում, մյուս գյուղակներում այլազգիներ չկան: Մէձարա գյուղից հետո Ծեբելդան համարվում է Աբխազիա գաղթած համշենահայերի ամենահին գյուղը: Հետագայում գյուղը համալրվել է եղեռնից մազապուրծ համշենահայերով: Բարբառակիր Սահակ Լևոնյանը, հետևելով Հ. Աճառյանի դասակարգման սկզբունքին, հավաստում է. “Աբխազիայի հայաբնակ տարածքներում տարբերվել է հիմնականում երեք խոսվածք՝ Թիրաբիզօնի, Ջէնիգ կամ Ջընիգի և Էռդի (Օրդուի): Ճանիկի և Օրդուի խոսվածքների տարբերությունները մեծ չեն եղել”։ Տրապիզոնցիները իրենց խոսվածքը պահպանել են Ծեբելդայի Լըմսին գյուղակում, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում: Մնացած գյուղակներում հաղթել է Ճանիկի խոսվածքը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համշենահայերի որոշակի հատվածի հաջողվում է խույս տալ ջարդերից և բնակություն հաստատել Կովկասում և Սև ծովի արևելյան ափերին, մասնավորաբար Սուխումի, Ադլեր, Կուդեպստա, Խոստա, Մացեստա, Սոչի, Լոո, Մծարա, Ծեբելդա, Շափշուկա, Նոր Աֆոն, Գագրա, Գանդիադի, Գելենջիկ և այլ բնակավայրերում։

Օրդուից, Ֆաթսայի և Օրդուի միջև գտնվող Չիբլուխու գյուղից բարբառախոսները բնակություն են հաստատել Գագրայում և շրջակա Գրեբեշոկ, Բզիբ, Կոլխիդա, Ագարակ գյուղերում։ Գագրայում ապրում են նաև մծարացիներ։ Տրապիզոն քաղաքից, Օրդուից, Ինիայից ներգաղթել են Աբխազիայի Բագատյաշա, Գուլրիփշիի շրջանի Մյասնիկով, Մէձարա գյուղեր։

Տրապիզոնի Ծինգեր և Միմեր գյուղերից և Օրդուից գաղթել են Աբխազիայի Գուլրիփիշի շրջանի Երկրորդ Բագատյաշտա (հին անունը՝ Ջուղին կեղ)։ Գաղթականների մի մասը բնակություն է հաստատել լեռնային շրջաններում՝ Ծեբելդա, Ամթքելի, Ազանտա, Լատա և այլուր։ Լեռնաբնակները հետզհետե իջել են դաշտավայր, նաև Բագատյաշտա։ Հայերի հետ ապրում են վրացիներ, մեգրելներ, ռուսներ, սակավաթիվ աբխազներ և սվաններ։ Ինչ խոսք, այս շփումները ազդել և ազդում են նաև լեզվական իրողությունների վրա։ Տրապիզոն քաղաքի բնակիչները հիմնականում ապրում են Աբխազիայի Մյասնիկով գյուղում։ Օրդուցիները և ջենիկցիները այստեղ փոքր թիվ են կազմում։ Աբխազիայի Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի բնակիչների մեծ մասը համշենահայեր են, 20-րդ դարի սկզբին գաղթել են Սամսունից։ Հասարակությունը լեզվական տեսակետից համասեռ չէ, քանի որ նույն տարածքում ապրում են Օրդուից և Տրապիզոնից գաղթածներ։ Սուխումի շրջանի Ախալիսօփէլլի (հին անունը՝ Նէյդօրֆ) գյուղում ապրում են Օրդուցի Քյա՛՛լդա՛՛պա՛՛ կամ Բօզդա՛՛պա՛՛ գյուղից եկածներ, սնապցիներ (մոտ 200 տուն), տրապիզոնցիներ (մոտ 10 տուն)։ Խոսում են Սուխումի քաղաքի խոսվածքից տարբերվող խոսվածքով։

Սամսոնի Թերմայի գավառակի Օ՚րմօ՛՛նքօ՛՛յ գյուղից 1913 թ. գաղթել են Ադլեր: Նույն թվականին Սամսոնի Զիլիֆտար գյուղից գաղթել են Սոչի:

Համշենի բարբառի խոսվածքային տարբերակների մասին գաղափար կազմելու համար ներկայացնում ենք Ջենիկի (1), Տրապիզոնի Ծինգեր և Միմեր (2), Օրդուի Չիբլուխու գյուղերի (3), Օրդուի (4), Սամսոն գավառի (5), Տրապիզոն քաղաքի (6) իմաստային տարբեր խմբերի պատկանող հասկացական-բառանվանողական մի քանի զուգաբանություններ։ Ասենք, որ օրինակներն ընտրել ենք պատահականորեն։

ա) Կրոնական բառապաշարին պատկանող բառեր. - համապատասխանաբար գրանցված են՝ խաչ (1)-խաճ (2)-խաճ (3)- խաչ (4)- վօնկ//խաճ (5)- խաչ (6) (բոլորն էլ եկեղեցի իմաստով), ընկա՛՛ր (1)- գընկա՛՛ր (2)-գընկյա՛՛ր (3)-գընկյա՛՛ր (4)- գընկա՛՛ր (5)- գընկա՛՛ր (6) (=կնքահայր), գընկամա՛՛ր //գընկագին (1) -գընկագին (2) -գընկագյին (3) -գընքագին (4)- գընկագին (5) -գընքագին (6) (=կնքամայր), զայզայտար (1) -զայզայտար (2)-Չ (3)- զայզայտ՛ըրիգ (4) - զայ-զայտար (5)- Չ (6) (=ծաղկազարդ), իրիծկին (1)- իրիցկին կամ դերային գընիգը (2) -իրիծգյին (3)- իրիցկին (4)- դէրի գընիգ (5)- դէրդէրին գընիգը (6) (=երեցկին), խաչ հօնուշ (1)- խաճ հօնուշ (2)- խաճ ընուշ (3)- խաչ քաշուշ (4)- խաճ քաշուշ (5)- խաչ քաշուշ (6) (=խաչակնքել), փուռվառ (1)-Չ (2)-բուլվառ (3)- Չ (4)- Չ (5)- Չ (6) (=բուրվառ), շուրչալ (1)-շուռչալ (2)-Չ (3) - Չ (4)- Չ (5) -Չ (6) (=շուրջալ), վաշտէվիր (1)-վաշտէվօր (2)-վարտըվօր (3)- Չ (4) – Չ (5) – Չ (6) (=վարդավառ), օրտնէնկ (1)-օրտնօնկ (2)-օռտնէնկ (3) -օրտնունկ (4) - Չ (5) - օրտնօնկ (6) (=օրհնանք) և այլն։ Չ-ով գրանցումները նշանակում են չիք, չկա. կարծում ենք, բարբառախոսը պարզապես համարժեքը չի հիշել։

բ) Բուսաննուներ.- լազդ (1) -լազդ (2) -լազդ (3) -լազդ (4) -լազդ (5) -լազդ (6) (=եգիպտացորեն), տընտում (1)-տընտում (2)-տըտում (3) -տընտում (4)- տընտում (5)-թընթում (6), բիբէռ (1)-բիբէռ (2)-բիբէռ (3) -բիբէր (4) -բիբէռ (5) -բիբէր (6), բալդըրօն (1)-Չ (2)-Չ (3) -Չ (4) -Չ (5) -Չ (6) (=փիփերթ. հավանաբար այս բույսը այդ տարածքում չի աճել), էղիջ (1)-էղինջ (2)-էղիճ (3) -էղիջ (4) -էղիջ (5) -էղինջ (6) և այլն։

գ) Բնության երևույթներ. - վըրայէգ (1)-թատավ (2)-վըռայիգ (3) -վըրայիգ//վըրէյգ//վըրա//վըրայէգ (4)- վըրէգ//վըրայէգ (5) -թաթավ (6) (=անձրև), գարգուդ (1)-գարգուդ (2)-գարգուդ (3) -գարգուդ (4) -գարգուդ (5) -գարգուտ (6), էղըմ (1)-բաղկ (2)-էրիմ (3) -էղիմ (4) -էղիմ (5) –մառօզ (6) (=սառույց), չիզա՛՛ (1)-այճօն//բար (2)-այճօն//վըռայիգ (3) )-այչօն//բար (4) -այչօն//բար (5)- Չ (6) (=արև եղանակին բարակ անձրև) և այլն։

դ) Ազգակցություն ցույց տվող բառեր.- մա՛՛ր//մա// յէմա (1)-մա՛՛ր// մա// մամա (2)-մա՛՛ր// մարիգ (3)- մա՛՛ր// մա՛ (4)- մա՛՛ր// մարիգ (5)- մա՛՛ր (6), հա՛՛ր// յէբա (1)-հա՛՛ր// պա // պապա (2)-հա՛՛ր// հարիգ (3) -հա՛՛ր// հարիգ (4) -հա՛՛ր// հարիգ (5) -հա՛՛ր (6), տըրգիծ (1)-տըրգիծ (2)-տըրգյիծ (3) -տըրգից (4)-տըրգիծ (5)-տըրգից (6), ա՛՛րիգ//մաշտ (1)-ա՛՛րիգ// մաշտ//հալէվօր (2) -մաշտ (3) -ա՛՛րիգ//մաշտ (4)- ա՛՛րիգ(5)- ա՛՛րիգ//մաշտ (6) ՛և այլն։

Բարբառի բառապաշարի և շարահյուսական առանձնահատկությունների մասին գաղափար կազմելու համար ներկայացնենք մի քանի նախադասություն նույն խոսվածքներից։ Այսպես՝ համապատասխանաբար ունենք Թակվօրի ձաղիգը կայնօն առաճին ձաղիգն ա՛՛ (1)- Ծընձաղիգը կարունվօնծու առաճին ձաղիգն ա՛՛ (2)-Ծընձաղիգը կայնօն առաճին ձաղիգն ա՛՛ (3)- Ձընձաղիգը գըլլի կայնօնը (4)- Թակվօրի ձաղիգը կայնօն ծու ձաղգիգու (5)- Չ (6) (=Ձնծաղիկը գարնան առաջին ծաղիկն է)։ Իչգիլը իրէկ թէրլի յա՛՛, ձաղիգն ա՛՛լ պօլըրիգ ա՛՛ (1)- Իրէգնուգը գուննա իրէգագօն թէր հընու կըլօր ձաղգընի (2)- Իրէկնուգը սօպիտին վըրըն օննա գու իրէկագօն դերէվնի ու կըլօր ձաղիգնի (3)- Կըլէվիրը լավ խէօ՛՛դ է՝ (4)- Դըղա՛՛կը յօնջա ժօղվէյնը գու (5)- Չ (6)։ Ախճիգը բուրբադնիգ խաղա՛՛ր գու (1)-Ախճիգը կուկլիգօվ խաղա՛՛ր գու (2)-Ախճիգը կուկլիգօվ խաղար գու (3) -Ախչիգը խաղա՛՛ր գու կուկլիգօվ (4) -Բուլիգը բուրբադիգօվ խաղա՛՛ր գու (5)։ -Ախչիգը կուկլայօվ խաղա՛՛ր գու (6) և այլն։

Օրինակները ցույց են տալիս, որ 20-րդ դ. երկրորդ կեսին Համշենի խոսվածքների տարբերություններն առանձնակի որակ չեն կազմում։ Մինչդեռ Հ. Աճառյանի 1913 թ. “Գավառական բառարանի”, 1947 թ. տպագված “Քննություն Համշենի բարբառի” գրքի տվյալների և 20-րդ դ. 70-80-ական թթ. կատարված գրառումների միջև տարբերություններն ակնհայտ են։ Հ. Աճառյանի նշած բաղաձայնական տարբերություններն արդեն վերացել են։

Թուրքիայի համշենահայերի ներկայիս լեզվավիճակին ի մոտո ծանոթ չենք։ Ռուսաստանի և Վրաստանի համշենահայության հետ շփվելով և բարբառի զարգացման ընդհանուր միտումներին ծանոթանալով՝ կարող ենք ասել, որ այսօր բուն հայրենիքում՝ Հեմշենում բնակվող մահմեդական հայերի ավագ սերունդը պիտի որ ավելի անաղարտ պահած լինի բարբառը, քան ռուսական, աբխազական, վրացական միջավայրում ապրող և գրական արևելահայերենի ազդեցությանը ենթակա համշենահայությունը։ Համշենցիները Հայաստան չեն ներգաղթել, առանձին բնակավայրեր չունեն, այդ իսկ պատճառով ՀՀ տարածքում Համշենի բարբառը չի գործածվել և անհասկանալի է շատերի համար։ Հայաստանաբնակ սակավաթիվ համշենահայեր բարբառով թերևս խոսում են միայն ընտանիքում։

Աղբյուրներ

1. ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի բարբառային գրանցումներով տետրեր։

2. Աճառեան Հ.Յ., Հայերէն գաւառական բառարան, Թիֆլիս, 1913։

3. Աճառեան Հ. Յ., Հայ բարբառագիտութիւն, Մոսկուա-Նոր Նախիջևան, 1911։ 4. Աճառեան Հ.Յ., Հայերէն գաւառական բառարան, Թիֆլիս, 1913։

5. Աճառյան Հ. Հ., Քննություն Համշենի բարբառի, Երևան, 1947։

6. Գրիգորյան Ա.Վ., Հայ բարբառագիտության դասընթաց, Երևան, 1957։

7. Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագիր, Երևան, 1977։

8. Ղարիբյան Ա. Ս., Համառոտագրություն հայ բարբառագիտության, Երևան, 1941։

9. Ղարիբյան Ա.Ս., Հայ բարբառագիտություն, Երևան, 1953։

10.Պետրոսյան Հ. Զ., Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

11. Ջահուկյան Գ. Բ., Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972։