Գ. “ՎԻՊԱՍԱՆՔ”

“Վիպասանքը” պատմագեղարվեստական արտահայտությունն է հայոց քաղաքական վերելքի, երբ հանդես է գալիս բուն հայկական պետականությունը՝ ընդհատումներով իրար հաջորդող երեք թագավորություններով, նախ՝ Երվանդունիներ (մ. թ. ա. Զ դարից), ապա՝ Արտաշիսյաններ (մ. թ. ա. 189 թվականից) եւ այնուհետեւ՝ մասամբ վաղ Արշակունիներ (մ. թ. 66 թվականից մինչեւ Գ դ. սկիզբ)։

     “Վիպասանքը” սկզբնապես չի առաջացել որպես մի ամբողջական վեպ, սկզբնավորվել է առանձին դրվագների ձեւով։ Դրանք պարզ ու միամիտ բանաստեղծական հորինվածքներ են եղել, վիպական պատումներ հայ ժողովրդի պետականության ստեղծման ճանապարհին հանդես եկած հերոսների ու քաղաքականևռազմական մեծագործ անհատների մասին, վիպել են հայ նախարարական տների ծագման, քաղաքների հիմնարկության, առհասարակ երկրի ու ժողովրդի կյանքում կատարված նշանակալից դեպքերի, պատերազմական անցքերի մասին, այն մասին, թե ինչպես են հաստատվել իշխող հարստությունները։ Դարերի ընթացքում այդ անջատ դրվագները գումարվել են միմյանց եւ ավելի վաղ ժամանակներից ավանդված երգերի ու որոշ առասպելական զրույցների հետ միավորվել, կազմել մի ամբողջական ավանդական վիպասանություն (իհարկե, հարաբերական առումով ամբողջական)՝ մի քանի ճյուղերով։ “Վիպասանքի” պահպանման համար եւս պարտական ենք դարձյալ Մովսես Խորենացուն, որի “Հայոց պատմությունը” (բազմաթիվ գլուխներ Ա եւ Բ գրքերից), եթե բացառենք Գրիգոր Մագիստրոսի (ԺԱ դ.) թղթերից մեկում պահպանված դրվագը Արտաշես արքայի մասին, վեպի գրեթե միակ աղբյուրն է։

     Աբեղյանը տարորոշել է “Վիպասանքի” ճյուղերը՝ “Մեծն Տիգրան”, որին միահյուսված է մարերի թագավոր վիշապազն Աժդահակի առասպելը, “Սանատրուկի վեպ”, “Երվանդի վեպ”, “Արտաշես եւ Արտավազդ”։ Դրանց շարքին են պատկանում նաեւ զրույցները Վարդգես Մանուկի խնամախոսության եւ օտարության մեջ մեռնող ու հայրենի ծխանի ծուխը տենչացող Արտաշես արքայի (հավանորեն Արտաշես Երրորդ) մասին։ Տիգրանը, որն ըստ Խորենացու պարսից Կյուրոս արքայի ժամանակակից Երվանդ Սակավակյաց հայոց թագավորի որդին է, ինչպես ուսումնասիրություններն են պարզել, իր մեջ միավորում է պատմական երկու դեմքերի՝ նույն Հայկազն Տիգրան Առաջինի եւ Արտաշիսյան հզոր աշխարհակալ Տիգրան Երկորդի քաղաքական և ռազմական գործունեությունն ու անհատականությունը։ Դա հետեւանք է այն բանի, որ Խորենացին իր տրամադրության տակ չի ունեցել բավականաչափ պատմական սկզբնաղբյուրներ եւ լիովին վստահել է ժողովրդի մեջ կենցաղավարող “Վիպասանքին”՝ հիմք չունենալով Երվանդյան Տիգրանի մեջ տեսնելու եւ տարանջատելու ժամանակով եւ գործով միմյանցից տարբեր Տիգրաններին (Երվանդյան եւ Արտաշիսյան)։

     Վիպական Տիգրանը տիրակալի կատարելություն է, մեծության խորհրդանիշ, եւ Խորենացին, վերանալով նրա հեթանոս լինելու իրողությունից, սիրով հանձնվում է ժողովրդական վեպի հերոսական տարերքին։ Իր համար քաղցր է համարում երկրորդել ասքը նախընտրած հերոսի մասին, որը չի արհամարհել նվաստներին եւ չի նախանձել լավերին, բոլորի գործն ու ծառայությունը կշռել է իր մտքի լծակով եւ ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը՝ ամբողջ ազգը բարձրացնելով եւ ազատելով հպատակի լծից, ավելին՝ նրան գերիշխող եւ լուծ դնող դարձնելով ուրիշների վրա։ Ինչպես հայտնի է դարձել, Տիգրանի ներբողը կատարելիս Խորենացին օգտվել է Դավիթ անունով ոմն քերթողի բանաստեղծական մեծարժեք գործից՝ “Հիւսումն պիտոյից” կոչված հանգերգությունից, որը, ցավոք, պահպանվել է աննշան մի հատվածով։

     “Վիպասանքը” քաղաքական մեծ տեղաշարժերի վեպ է։ Երկրի հզորացման իրենց աշխարհաշեն գործունեությամբ են աչքի ընկնում նաեւ Արտաշես Առաջինն ու նրա հետնորդը՝ երկրորդ Արտաշեսը, որն ընդունում է կարգեր ու օրենքներ եւ կատարում բարենորոգումներ։ Վեպի բովանդակությանը ճոխություն ու գունագեղություն են հաղորդում հայ կյանքի ու կենցաղի տարբեր կողմերը ներկայացնող վիպասանական երգերը, որոնք վերաբերում են այդ վաղ ժամանակներում ժողովրդի կյանքի համար տիպական բարքերին ու սովորույթներին (Ալանների թագավորի դուստր Սաթենիկի խոսքը՝ ուղղված Արտաշես արքային, արքայադստեր առեւանգումը, հարսանիքը, Սաթենիկի տենչանքը վիշապազունների առաջնորդ Արգավանի նկատմամբ, Արտավազդի չար բնավորությունը, նրա դժգոհությունը վախճանված հորից, Արտաշեսի անեծքը, Արտավազդի գահավիժումը Մասսի վիհի մեջ եւ այլն)։ Հակառակ քրիստոնեական ըմբռնման՝ “Վիպասանքում”, ինչպես առասպելներում, ընդգծվում են հերոսների մարմնական կատարելությունը եւ ուժը, նրանց անօրինակ սխրանքներն իբրեւ արդյունք հաղթ բազուկների գործողության եւ արագ ու հաջողակ շարժումների։ Նրանք գեղատես են “անձնեայ եւ թիկնաւէտ”, “գեղեցկոտն, քաջահասակ”, միաժամանակ նաեւ հոգով գեղեցիկ ու անվախ, իմաստուն, պերճախոս, արդարադատ ու շինարար։ “Վիպասանքից” Խորենացու բառացի վկայակոչած չափածո հատվածներն աչքի են ընկնում նախնյաց գրաբար հայերենի հարստությամբ ու մշակվածությամբ, ճաշակավոր պատկերներով ու համեմատություններով։

     Մանուկ Աբեղյանը հայ հին գրականության զարգացման ընթացքը բաժանում է երեք մեծ պարբերաշրջանի՝ իրավացիորեն առաջին շրջան համարելով հայ ժողովրդի անգիր ժամանակների ստեղծագործությունը եւ այն բնութագրելով որպես “Նախնական առասպելա և պատմական բանահյուսություն” (հնագույն դարերից մինչեւ Դ.) Հաջորդ ժամանակների գրականությունը, որը համեմատաբար կարճ ժամանակ անց ձեռք է բերել իր լիարժեք դրսեւորման միջոցը՝ գիրը, գիտնականը դիտում է երկու մեծ շրջանով՝ “Եկեղեցա և քաղաքական մաքառման գրականություն” ((Գևից մինչեւ Ժ դ-ի վերջերը) եւ “Վերածնության գրականություն” (ԺԱ դարից մինչեւ ԺԷ դարի վերջերը)։ Այդ պարբերացումը հիմնավորված է եւ յուրաքանչյուր շրջանի համար ճիշտ է արտահայտում գրականության զարգացման գաղափարական միտումներն ու սլացքը, գեղարվեստական առանձնահատկությունները։