Ը. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ԺԳ-ԺԴ դդ.

ԺԳ-ԺԴ դարերը կարելի է համարել հայ աշխարհիկ տաղերգության վերելքի ու հաղթանակի շրջան։ Չնայած քաղաքական հանգամանքները գեղարվեստական առաջընթացի համար աննպաստ էին, ժողովուրդը հեծում էր մոնղոլական եւ արեւելյան այլ հորդաների լծի տակ, բայց մինչ այդ, Անիի Բագրատունյաց թագավորության եւ Նարեկացու ժամանակներից ի վեր, հայոց իշխանական տների առկայությամբ, մանավանդ Զաքարյանների շնորհիվ, ազգային ոգու դրսեւորման եւ գրականության ու արվեստի վերընթացի համար ստեղծվել էին հիմքեր։ Հակառակ աղետաբեր ժամանակներին՝ ցանված սերմերը ծլարձակեցին ու արգասավորեցին հայ ստեղծագործ միտքը։ Ասպարեզ եկան բացառիկ ձիրքով օժտված անհատականություններ՝ Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի, Հովհաննես Թլկուրանցի եւ ուրիշներ։ Նրանց քնարերգության մեջ, հատկապես սիրո երգերում, զգալի է գուսանական ժողովրդական տաղերի՝ հայրենների տաք շունչը։ Գուսանները հայոց լավ ժամանակներում վայելել են թագավորական տների, ազնվականության ու հարուստ քաղաքացիության (պարոնների) հովանավորությունը։ Ժողովրդի մեջ լայն տարածում գտած հայրենները՝ սիրո, ուրախության, հարսանյաց, պանդխտության մասին, երկար ժամանակ կենցաղավարելով իբրեւ երգ, նախ ազդել են բարձր միջնադարի մեր բանաստեղծության վրա (Նարեկացի, Շնորհալի, Գրիգոր Տղա, Ֆրիկ, Խաչատուր Կեչառեցի եւ ուրիշներ), ապա եւ գրառվել ձեռագիր տաղարաններում եւ այլ ժողովածուներում եւ պահպանվել մինչեւ մեր օրերը. նրանց բազմաթիվ նմուշներ՝ Ակնա անտունիներ, օրորներ ու մահերգեր, ժողովրդի բերանից գրի են առնվել նաեւ ԺԹ դ. վերջերին ու քիչ անց՝ հատկապես Ակն և Սեբաստիայի կողմերում։

“Բարակ զգացմանց եւ ուղիղ մտաց տեր” Ֆրիկ բանաստեղծը (ԺԳ դ.) կյանքն ապրել է նրա պարգեւած վայելքներով եւ ուրախություններով, բայց ավելի շատ՝ նրա պատճառած դառնություններով։ Հարստությունն ու փարթամ կենցաղավարությունը նրա քնարերգության մեջ հուշ են միայն, իսկ թշվառությունը՝ կենդանի իրողություն, որին դատապարտված են նրա տանջահար մարմինն ու հոգին։ Հինգ տասնյակից անցնող նրա բանաստեղծությունները անկեղծ խոստովանություն են ապրածի ու տեսածի, նաեւ այն բազում փորձությունների մասին, որոնք շարունակել են տակնուվրա անել նրան, որ անվարան ընդառաջ է գնացել դաժան ճակատագրին։ Նրա ուղին խաչվել է մոնղոլ իշխանավորների՝ խաների ու սահիբ դիվանների հետ, խաբվել է մասասչիներից, ունեզրկվել ու կյանքի դառնության բաժակը խմել ցմրուր։ Ամեն ինչ տեսած՝ նա գանգատվում է ու ցավագին հարց տալիս՝ ինչու է Աստծու արարած աշխարհն այդքան անարդար։ Ճակատագի՞րն է պատճառը, բախտի անի՞վը, թե՞ ինքն Աստված, որի առաջ, սակայն, ծունկի է գալիս՝ չշարունակելով մեղադրանքը այն համոզմունքով, թե՝

Քան զքեզ այլ ծանօթ չունիմ,

Քու դրանէդ ո՞ւր հեռանամ։

Ֆրիկն ըմբոստ է, գանգատվող, բայց ոչ աստվածամերժ։ Նա սփոփվում է իր բաժին բարձրագույն պարգեւով՝ բանաստեղծելու, ճշմարտությունը տեսնելու եւ ասելու կարողությամբ, որ Աստված է շնորհել իրեն։ Նա էլ Նարեկացու նման խորհրդապաշտ է, բայց դրսեւորման ավելի առօրեական ու անպաճույճ ձեւի մեջ. Նարեկացին խոստովանողն իր մեկուսի խցի ու յոթերորդ երկնքի միջեւ է՝ վեհասլաց ու վեհախոս. Ֆրիկն ամուր կանգնած է մայր հողի վրա՝ թշվառ մարդկության համար մորմոքը հոգում, ռամկորեն մրմունջով։

Հովհաննես Պլուզ Երզնկացին (վախճ. 1293 թ.), իմաստուն վարդապետների ձեռքի տակ համակողմանի կրթություն ստացած, իրեն նվիրել է բովանդակ հայաշխարհի՝ Կիլիկիայից մինչեւ Արեւելյան Հայաստան ժողովրդի մեջ լուսավորության տարածմանը եւ նրա հոգում ազգային գիտակցություն ու հայրենասիրություն արթնացնելու առաքելությանը։ Իր քնարերգությունն էլ գաղափարական այդ հենքի վրա է ձեւավորվել եւ գերազանցապես ուսուցողական խորհուրդ ունի՝ հոգեւոր ու խրատական մտածումներով։

Երզնկան հայ միջնադարին տվել է եւ մի մեծ բանաստեղծի՝ Կոստանդին Երզնկացուն (մոտավորապես ԺԳ դ. վերջին քառորդ և ԺԴ դ. առաջին կես), ներաշխարհով հարուստ մի անհատականություն, դժգոհ իր միջավայրից ու մարդկանցից, որոնց կասկածով է նայում, նրանց մեջ տեսնում արյան ծարավիների։ “Բովանդակ աշխարհս է գայլ”, և չի վարանում հայտարարել նա եւ դժգոհում հոգով կույր ու անմիտ մարդկանցից, որոնք տգիտության պատճառով՝ չեն խոսում “ի մարդ սիրով”։ Անչափ զգայուն է, նաեւ՝ կասկածամիտ, կարծում է, թե բոլորն իրեն “կու ատեն թշնամաբար”։ Շուրջը միայն թշնամիներ է տեսնում։ Մենակության ու չհասկացվածության դատապարտված բանաստեղծին ցավ է պատճառել մանավանդ այն, որ ոմանք նախանձել են ստեղծագործելու իր ձիրքին։ Գրելու իր իրավունքն արդարացնելու համար Երզնկացին ներկայացնում է մի տեսիլ՝ ինչպես Աստված իրեն գրական տաղանդ է պարգեւում.

Զոր ես խօսիմ հոգով՝ այն մեծ Տիրոջն է մանանայ։

Կոստանդինը բանաստեղծի իր գերագուն խորհուրդն արտահայտել է այլաբանական բանքերում։ Այստեղ նա իսկապես Նարեկացու հոգեզավակն է, այլաբանության ձեւի ավանդները զարգացնողը՝ ինքն էլ իր հերթին հետեւության օրինակ դառնալով հաջորդ բանաստեղծական սերունդների համար (Առաքել Բաղիշեցի, Մկրտիչ Նաղաշ, Գրիգորիս Աղթամարցի եւ ուրիշներ)։ Նա հնչեցնում է ցրտաշունչ ձմեռվանից, մութ ու մլարից բնության արթնացման երգը, գարնան ու աշխարհի նորացման ղողանջներ՝ հյուսելով առ վարդը բլբուլի սպասման ու սիրո քնարական վեպը, մի իսկական “Վարդի ռոման”, բայց առանց կուրտուազական (կնամեծարական) միտումի, այլ խորքում, իբրեւ ենթաբնագիր ու նպատակ, արտահայտելով հոգեւոր բովանդակություն, Քրիստոսի աշխարհ գալն, ու կյանքի նորոգումը հեթանոսական խավարից։ “Մի՛ մարմին հասկանայք զբանս, և շարունակ զգուշացնում է նա, և այլ հոգեւոր”։ Դրանով հանդերձ՝ Կոստանդինի բանքերը, հուզական ու շքեղ պատկերներով, ընկալվում են հատկապես իբրեւ մարդու հոգու հրճվանք բնության գեղեցկությունների նկատմամբ։ Այդ ցնծալից տրամադրության ու գեղեցկության առանցքը սերն է,

Զի ով որ սէր չունենայ, առ ինք չկայ գեղեցկութիւն։

Երզնկացու քնարերգության մեջ մերթ էլ “առակօք” խոսելն ու այլաբանությունը տեղի են տալիս, արանք բացում երկրային սիրո համար։ Այդպիսի 3 և 4 տաղ է պահպանվել նրանից, որոնցով հայ միջնադարյան քնարերգության մեջ նա հանդես է գալիս որպես սիրո առաջին երգիչ (եթե բացառենք գուսանական հայրենները, որոնց ստեղծողների անունները հայտնի չեն)։ Դրանք գրել է Երզնկայի առեւտրական ու արհեստավոր երիտասարդների միության անդամների՝ եղբայրների ցանկությամբ։ Այդ երգերով Կոստանդինը պայմանավորեց սիրո տաղերգության հետագա զարգացումը՝ ստեղծելով սիրո արտահայտման պատկերային մի իսկական համակարգ։ Դա սիրո դրսեւորման գեղարվեստական հարդարանքն էր՝ արեւելյան գունագեղությամբ, որ նորանոր երանգներով հարստացավ մինչեւ ՍայաթևՆովա։

Վարդի եւ սոխակի սիրո այլաբանական տաղ ունի նաեւ Կոստանդինի վաղ ժամանակակիցը՝ Խաչատուր Կեչառեցին, որը թողել է անձնականությամբ շեշտված քնարական գողտրիկ երգեր։ Բայց նրա դերը մեծ եղավ հատկապես նրանով, որ մոռացության փոշուց դուրս բերեց, ճշգրտեց, խմբագրեց ու ընթերցանության սիրված գիրք դարձրեց Կալիսթենեսին վերագրվող, “Ալեքսանդրի վարուց պատմությունը”, որ հինգերորդդարյան թարգմանություն է հունարենից, եւ թարգմանիչն էլ համարվում է Մովսես Խորենացին։ Կեչառեցին շատ բան արեց այդ պատմության տեղայնացման ու հայկականացման համար. նրա բնագրին ներհյուսեց ալեքսանդրյան մոտիվներով ու առանձին հատվածների չափածո վերաշարադրմամբ իր հորինած բանաստեղծություննրը՝ “կաֆա” անվանումով։ Մի քանի խմբագրություններով հայտնի հայկական բնագրի կաֆայավորման ու նրա ձեռագրերը մանրանկարչորեն ձեւավորելու գործում իրենց ծանրակշիռ դերը խաղացին ԺԶ դ. բանաստեղծևմանրանկարիչներ Գրիգորիս Աղթամարցին, Հովասափ Սեբաստացին, Զաքարիա Գնունեցին եւ ուրիշներ։ Կեչառեցին բնագիրն օժտել է նաեւ, այսպես կոչված, “տնօրինականքով” (Հիսուս Քրիստոսի հետ ընդհանուր գծերով Ալեքսանդրի նմանության բաղդատում) եւ բարառնություններով։

Հովհաննես Թլկուրանցին (ԺԴ դ.)՝ Կիլիկյան հայոց թագավորության անկման շրջանի այդ պայծառ քնարերգուն, սիրո, խոհական ու վիպական երգերի հեղինակը, ազատ է այլաբանությունից ու պայմանականություններից։ Նրա երգերը ջրաներկի թափանցիկություն ունեն։ Չի գաղտնախոսում, ամեն ինչ ներկայացնում է պարզ ու տեսանելի։ Թեպետեւ սիրած էակը պաշտամունք է նրա համար, սերն էլ՝ ամենահաղթ զգացում ու գաղափար, սակայն սիրելու հարցում, այնուամենայնիվ, ազատ չէ քրիստոնյայի մտավախությունից։ Հոգեւին հանձնվում է սիրուն, բայց եւ գիտակցում՝ “Մահու մեղաց ներքեւ եմ ես”։ Խոստովանում է չսիրելու իր անզորությունը։ Ինչպե՞ս չսիրի, երբ սիրուն ենթակա է անգամ 100 տարեկան աբեղան, որ պատարագն ընդհատելով՝ “զքեզ ուզէ առջեւ խաչին”։ Սիրո առաջ ոչինչ ի զորու չէ. հալեցնում է լեռները, քանդում բարձր բերդեր, ի գիլ հանում վեմ ու քարեր։ Թլկուրանցու ըմբռնումով՝ սերը նաեւ կյանք է շնորհում, սիրած աղջկա ծոցը անմահական դրախտ է, որ ետ է դարձնում ելած հոգին, կյանք պարգեւում մեռածին։ Սիրո համար Խեւ Հովհաննեսը (ինչպես ամենուրեք կոչում է իրեն) պատրաստ է անձնազոհության.

Ես իմ սրտիս դանակ ածեմ,

Զաչքս ճաղի տամ հանելու…

Թլկուրանցու սիրերգությունն աչքի է ընկնում անհատականությամբ. նա սերը երգում է ոչ թե հավուր պատշաճի, նմանակելով, այլ իբրեւ անձնական զգացում, իր իսկ կենսագրության փաստ։ Ինչևոր տեղ սիրած էակի գովեստն ու նրան հասնելու տենչը ընդհատվում են. սիրուհին դաժան է գտնվել (“Անթուր ու անդանակ՝ զարիւնս հեղեր ես”), մերժել է նրան, որը հավասար էր սպանելու։ Այդ ողբերգությունն ապրած Թլկուրանցին ստեղծել է հայ սիրերգության ամենաթանկ մարգարիտներից մեկը (“Ես քո սիրուն չեմ դիմանար” սկսվածքով տաղը)։ Ա. Չոպանյանն ու ռուս բանաստեղծ, հայ պոեզիայի գիտակ ու թարգմանիչ Վ. Բրյուսովը հիացական գնահատական են տվել այդ սիրերգին։ Ըստ առաջինի՝ այն հորինելու համար կարծես արեւելցի մի Բոդլեր եւ Վեռլեն իրենց տաղանդները միացրել են իրար, իսկ Բրյուսովի գնահատմամբ՝ “Հովհաննեսն իր երգում “բացում է զգացմունքի այնպիսի խորությունները”, որոնք պոեզիային հասու են դարձել ԺԹ-Ի դարերում, եւ որ “իսկական կրքի այդպիսի պոռթկումներ չկան ո՛չ Պետրարկայի սոնետներում… եւ ո՛չ էլ Ռոնսարի սիրո երգերում”։