ԿԱՆՉ

Ու ես ասում եմ._ կանգնիր, առավո´տ
Ես էլ եմ գալիս,
Այնպես է թվում, թե հեռու հեռվից
Ինձ ձայն են տալիս:
Ու ես չգիտեմ, դա անլսելի
Զնգյո՞ւն է քարի
Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը
Սոսյաց անտառի:
Ու ես չգիտեմ, անդունդում կորած
Գե՞տն է տվայտող,
թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս
Մամռոտած մի տող:
Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
Ապրող անձավի,
թե´ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
Հնամյա ցավի:
Գուցե լեռներում վարգում է մի որբ,
Տխուր հովատակ
Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ
Վրնջոցը տաք:
Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ
Ինձանից զատված
Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում
Մաքուր ու զտված:
Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու
Աշխարհ է լալիս:
Ու ես ասում եմ._ կանգնիր, արավո´տ,
Ես էլ եմ գալիս: