Հովի շունչը կար ու հովի թև

Հովի շունչը կար ու հովի թև,
Ու լուսին կար խոշոր,
Եկել էր նա՝ հագին թեթև,
Հագին բարակ մի շոր:
Եկել էր նա, եկել թաքուն,
Բայց հլու չէր, ա՜խ, չէր,
Գալարում էր մեջքը ճկուն
Եվ ուզում էր փախչել:
Բայց վախվորած սիրտը սրտիս
Ուրի՜շ բան էր ասում...
Ու բուրում էր նրա շուրթերից
Մեղքի համը հասուն:
Հովե՜րն էին... կուրծքը բացին,
Շա՜տ էր բարակ հագել,
Ու լուսնի տակ թպրտացին
Տատրակի զույգ ձագեր:
Եվ դողում էր, դողում էր նա՝
Հագին բարակ մի շոր...
Շողում էին լուսնյակի տակ
Արցունքները խոշոր…