Չեմ հիշում հիմա, թե անունն ի՞նչ էր

Չեմ հիշում հիմա, թե անունն ի՞նչ էր...
Հայացքը տխուր, տխուր ու ջինջ էր:
Մորթը սևուկ էր ու չալ էր պոչը,
Աստղերի հետ էր նրա հաչոցը:
Նրա ոռնոցը լուսնի դեմքին էր,
Ու նրա տեղը մեր տան շեմքին էր:
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Եվ մշուշի մեջ ոռնում է շունը:
Նա մեր գնալու հոտը առել էր,
Ցավից կուչ եկել ու տառապել էր:
Տխուր էր այնպես ու սրտադող էր,
Ոռնում էր անվերջ, փորում էր հողը:
Եվ շան մասին էր իմ տատի հարցը.
-Ի՞նչ պիտի լինի խեղճ արարածը:
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը:
Մեր բեռը կապած ու ձին բարձած էր,
Մեր դռան առաջ արցունք ու լաց էր:
Շունը կլանչում, շեմքը թողնում էր,
Փաթաթավում տատիս, տխուր ոռնում էր:
Մերթ վազում դեպի մեր քարավանը,
Մերթ ետ էր դառնում, պառկում դռանը:
Հարցում էր անում, ասես, մեր շունը.
Թե թողնի՞ արդյոք այգին ու տունը,
Ծանոթ աստղերը, ծանոթ լուսինը,
Որ ամեն գիշեր մեր տան ուսին էր:
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը:
Տխուր զնգում է ձիու զանգակը,
Մեր ճամփան հեռու երկնքի տակ էր:
Ու քանի անգամ, ախ, քանի-քանի,
Նա եկավ հետքով մեր քարավանի:
Հևիհև էր նա, լեզուն հանած էր,
Խոնավ աչքերում խոնավ մի հարց էր:
Փաթաթվում էր ինձ, լիզում էր ձեռքս,
Կիսում էր հացս, կիսում էր վերքս:
Ոռնում, վայում էր նա գիշերն ամբողջ
Ու ետ սլանում իր եկած ճամփով:
Հետո ամեն ինչ մեգ-մշուշում է,
Ու մշուշի մեջ ոռնում է շունը:
Կլանչում էր նա, վազում հևիհև
Մեր քարավանի ու մեր տան միջև...