ԱՐԵՒԵԼՔէՆ -ԱՐԵՒՄՈՒՏՔ

 ՈՐՊԷՍ ՍԿԻԶԲ



Երկրէ երկիր եւ ծովէ ծով , ուզիներով պատահական,
Ի՜նչ երազներ եմ ծւատել ու որոնել կրկին անգամ ...:

Քանի՜ ազգի միջով անցել՝ սերտել եմ զուր նրանց լեզուն,
Կտոր հացով կուշտ խնդացել, յետոյ լացել մի այլ տեղում:

Ի՜նռ գոյնզգոյն հորիզոննե՜ր , երկինքներ գորշ ու լուսաւոր
Վրաս մթնել են, լուսացել ու հե՜տք թողել իմ սրտի խոր:

Ու դար ի վեր ու դար ի վար ականջս կախ սրտիս զարկին
Սիրտս դարձրած հազար պատառ, պարզած ամէն հանդիպողին,

Շնչելով մերթ հիւսիսի ցուրտ ու հարաւի խորշակը բարկ
Տեսել եմ ես որքան անդունդ ու պարտութիւն ու յաղթանակ :

Ո՜րքան անգամ մահւան հասել՝ անց եմ կացել մահէն անդին
Սատանայի մատը տեսել, մատի վրայ նրա հոգին .

Տեսել դժոխք, կպրէ կարաս ու դրախտի սիրտը թափուր,
Ուր չի հոսում էլ հեզանազ, ոչ մի վճիտ զուլալ աղբիւր...:

Օ՜, տեսել եմ ու գնացել տուտը բռնած ամէն ճամբի ,
Ամէն ճամբի վախճան տեսել , տեսել մարդիկ չորս գլխանի.

Տեսել՝ որքան երկիր ու հող, այնքան կենցաղ ու մոլութիւն
Ու որքան մարդ՝ այնքան իշխող, նոյնքան աղէտ ու խնդութիւն .

Տեսել եմ ես ու գնացել, յետոյ դարձել՝ դարձել էլի
Քո դէմքումն եմ դէմքս գտել վերածնւող իմ Նայիրի :

Թողի երկրիս կապոյտը ծով , հրակատար լեռները վեհ ,
Ու լեռներէն վար խոյացող , ջրերու ջինջ երգը լուսէ:

Լուսատարափ դաշտը ծփուն , ծնծղաներով շող ու շաղի,
Արեւաթագ արտը հոսուն , փառքը հողի ու հոտաղի.


Թողի հովիտն ու իր շուշան շշուկները , հարսին, հասկին,
Աղջիկներու շուրթերն ալւան, բռնկւած բոց արեգակին

Դէմքերը նո՜ւշ ու արեւխաշ, նայւածքները թէժ, խլրտուն
Ու նոր կաթնած, պտկած խաշխաշ, կրծքերն ամէն արբունքի հուն

Թողի մա՜յրս կարօտակէզ, ու մօրս քով՝ իմ մանկութիւն ...
Յուշը մանող իլիկի պէս երկու զմրո՜ւխտ իր աչքերում.

Արեւաթոր միջորէում, ոսկեփոշում ճառագայթի,
Ջրվէժներու ճա՜խրը խտղուն , փշրւող փայլ ադամանդի ,

Կանչը , թաւիշ կանաչներուն, թաւ անտառի հրեղէն ձին՝ ևև
Ձորի բաշը , շա՜չը փրփրուն -- Վրան թառած “ Հիւրի Փէրի ”ն:

Թողի Ձձում հեծնող Ջադուն եօթ գլխանի դեւի դրան
Ու մութէն լոյս տենչող մարդուն, Մմուռք հաւքի թեւի վրան:

Մի կցկտուր հեքեաթի հետք՝ հեռո՜ւ, հեռու , Քարայրէն մութ,
Մինչեւ վանքին նախշուն լեգենդ ու մատուռի լաթապատ սուրբ

Մինչեւ հօտը՝ հովիւը յաղթ, աստւացածաց մի քարափում
Դէմը զոհի անշէջ կրակ ու մոգպետը՝ -- պահապան շուն.

Մինչեւ ծաղկած Աստղկան Բերդ, Նարեկայ Վանք ծովու դիմաց ,
Ծովը իջած Աստղիկը մերկ —  Նարեկացո՜ւ պատուհան բաց...

Մինչեւ Դաւիթ՝ որբ ու մինակ , Մոկաց Մերզէն թուղթը ձեռին,
Մհերի դուռ յաւիտեան փակ, մէջը թաղւած Թուր Կէծակին:

Թողի՜, թողի Սիսէն Մասիս ու Միջագետք փռւած կապոյտ
Հնադարեան մի ովասիս , հրաշակերտ մի ժողովուրդ ,

Հազարամեայ սերունդների երանգն ու ձեւ, ձայնն ու շարժում,
Բազմաբարբա՜ռ իմ Նայիրի լեզուն անուշ ու իմաստուն...

*****

Ու պղտորւած հոգուս նման, հոգուս նման օձապտոյտ,
Ճամբաս կտրեց վերջին անգամ, Արազը յորդ ու յորձանուտ:

Կանգնեց դէմս որպէս պատւար, որ իմ անմիտ երթը կասի,
Կանգնեց դէմս հազա՜ր հազար խոկումներով հին Նայիրի.

Բայց իր գունատ դէմքի վրայ, տեսա՜յ արդէն, լեղապատառ
Լաստը չանգռող մի նախագահ, զինաթափւած մի նախարար...:

Մի ժողովուրդ խառնաշփոթ, Տաթեւէն դեռ ճիչը շուրթին,
Որ գազազածէ ե՜ւ կարեկցոտ, ելք էր փնտռում ու “Ելքի գին”....

Ու... վարանած մի ակնթարթ, յետոյ ելած ինքս ինձմէ ,
Դարձրած՝ նրան պատառ մի լաթ, որ իմ քրտնած ճակատ սրբէ ,

Դրած գրպանս երկրէս մի մաս, խնձորի պէս Արտամետի,
Որ երբ հոգին իմ աներազ սովածանայ , նստի լափի:

Անցա՜յ շտապ իր վրայով ՝ որ կարօտով թէ յետ նայեմ,
Իրանի վառ արեւն ու հող, իմ հոգու մէջ խաշխաշ մաղեն... .

Ու թողնելով խելակորոյս , դէմս թողած ծեր Արազն էլ,
Ինչպէս հողի՝ ձիւնի մի հիւս , հողմաթաւալ լերան մի թեւ՝

— Պայթած ահեղ մի փոթորկի՝ մրրիկի մի թա՜փ ու թռիչք,
Հեղեղակոծ անտառների, ամբոխների տագնապն ու ճիչ ... .

Ինչպէս ինքնին նիշւած վայրկեան ե՜ւ անողոք, ե՜ւ անխուսափ՝
Ելեքտրական մի կայանի մայր երակէն ելնող հոսանք.

Ինչպէս արդէն դուրս պրծած նետ , քաշւած լարովն իմ աղեղի,
Այնպէս անզուսպ ընթացքիս հետ, թռա՜յ անդարձ ու գնացի... .
*****
Եւ անխնա՜յ եւ անզղջում՝ ինչ ունէի լաւ ու անգին,
Հրդեհելով այս խենթ երթում, տալով հողմին ու փոթորկին,

Փշրելով լոյս հոգու մի թեւ , խաժաչուի, կոյս մի հաւատամք,
Չպահելով էլ ոչ մի տեղ երջանկութեան ո՜չ մի պատրանք :


Մրրկածուփ ու ծարաւի մտքերուս հետ հաշտ ու խռով,
Անցայ ամէն ահ ու մահի տառապակոծ ուղիներով... .

Անզսպանակ ու խելագար , կոխոտելով արմատախիլ,
Կեանքը պճնող ամէն համբաւ, փայլուն փառքի ամէ՜ն մե ծիլ

Որ աճելով՝ անժամանակ, թարախակալ վէ՜րք է դառնում
Ու այս պայծառ արեւի տակ, ոչ մի ոսկի հասկ չի ծնում... .

*****
Ու գնացի, ու գնացի, ետեւս աւեր , ինքս աւար.
Ցցւած հազա՜ր պատահարի երկսայասրւ սւինի ծայր:

Գացի նոր անկումներու՝ վերելքներու հզօ՜ր թափով —
Խելացնոր աղէտներու՝ ու խնդութեան փոշու միջով:

Դէպի ուրի՜շ վատնումի դուռ, սպառումի ուրի՜շ օամբայ,
Ուր որ հոգին քաղցած ու կոյր գալարւում է ինքն իր վրայ ...

Ուր սպասում է ակնդէտ , նրբանցքի մօտ, մահէն հզօր՝
Մի այլ ահի սարսուռ ու տենդ , զարհուրանքի ուրիշ մի դող:

Որ ձեռքն ընկած ամէն մի շող , ամէն վճիտ երազ ու սէր
Դարձնի իր այնքան հսկող , խուլ ու համր ցանկութեան կեր... .

Ու գնացի՜ ու գնացի չնայելով այլեւս ետեւ,
Թէ ծեր Արազ ներեց ինձի , ինձ կը ներեն գալիք օրեր... .

*****
Ուրի՜շ, ուրի՜շ օրերու պէս երբ օրս մթնեց ու լուսացաւ
Ու վեր ելայ ընկած տեղես , որ մի այլ տեղ ընկնեմ դարձեալ ,

Գիւղիս ճաթող նռան նման , շողշողո՜ւմ էր դէմս կախւած
Հորիզոնն իր թեւերով լայն ու լեռներէն գլորւում ցած.

Արեւն արեան շիթ էր կարծես , կաթած ձիւնոտ լերան վրայ՝
Որ կապել էր մէջքին բեհեզ , ոտքին արծաթ, գլխին չալմա.

Հեռո՜ւ, հեռո՜ւն, լեռան ետեւ, ուր հորիզոնն էր կորանում,
Աչքերուս մէջ երանգում էր ուրիշ մի լեռ ու համբարձւում:

Ոտքերո՜ւս տակ՝ գարնանահոտ ու ձիւնախառն մածուցիկ հող,
Բռնել էին արդէն մի պար ու քաշկռտում ինձ ձորից ձոր:

Ու մինչ հոգումս թպրտալով՝ ինչպէս կարիճը կրակում,
Հրկիզւում էր ինքն իր թոյնով հնադարեան մի մտածում ,

Իր մէկ ծայրը դեռ Արազում՝ գլուխ դրած լերան լանջին,
Ճանապարհս ուրիշ՜ տրտում երգ էր ասում իմ ականջին ... .

*****
Ուրիշ էր տունն ու օթեւան դէմս հիմա ամէն ճամբում,
Ուր թողել էր Աբու Լալան մի անսպառ հարստութիւն ,

— Մեղկ մի կենցաղ ու մի ղուրան, վրան կքած մի ժողովուրդ
Կորցրած վաղուց իր սրբազան նամազի մէջ , հին մի խորհուրդ :

Ուրի՜շ էին դէմքեր բոլոր , նայւածքները՝ ծո՜յլ, հինայւած,
Քողերու տակ քիչ- քիչ մեռնող ժպիտները պարսիկ կանանց ...:

Ուրի՜շ էր ե՜ւ, ընթացքը իմ, հէքիաթական այս աշխարհում,
Որ տւել էր Շահն- շահին այնքան հարեմ ու խնդութիւն :

Այնքան աֆիոն ու վարդի բոյր ու Շախսէի թափօրն արնոտ,
Ռամազանի ազան տխուր, ամէ՜ն գիշեր եւ առաւօտ...:

Բայց աչքերումս նոյն մաղձն էր դեռ, սրտիս վրայ երկրիս փոշին
Ու բռնկւո՜ղ, բոցակէզ սէրն Անահիտին ու Արփիկին ...:

Նոյն խշրտւող խշշումն էր ծով արտի հասկին , զանգին զնգուն,
Սրտէս ուղիղ , ուղեղս հոսող, պղտոր Արազն ու գիժ զանգուն:

Նո՜յն էր թախիծն իմ մահադէմ, կսկի՜ծս կոյր, հայրենի տան ,
Որ դարձնում էր հոգիս գեհեն եւ ուղիներս անհանգրւան...:

*****
Ու նայելով՝ այս ուրիշ նոր, երկրի դիրքին, դէմքին մարդուն ,
Ու նայելով նոյն մշտածոր աչքիս մաղձին սրտիս փոշուն,

Յոյսերո՜ւն իմ բեկւած ու որբ, որոնումիս անյագ տենչին,
Անապաստան ու անամոք իմ կարօտի վերջին կանչին,

Մտրակեցի հոգիս նորէն դեռ չկցած մի “ Զիւլֆայի”
Ու մտքիս հետ՝ Անուշ Բերդէն , խորշակատապ վար նետեցի ...:

Ճեղքել էր միտքս արդէն մի դար— քա՜ր մի չնչին ու մամրապատ
Բիսութո՜ւնն ա՜յն , իր հնափառ արքաներով շղթայակապ...:

Արդէն մի մունջ , անշո՜ւնչ գիշեր, տառապել էր միտքս արնոտ
Ու չէր գտել խնդուն մի թել , պատմութեան մէջ այդ անողոք :

Հիմա էլ՝ վար, հրածփուն Քիրմանշահի շա՜լը ուսին ,
Վրան՝ կիզիչ թոյն էր մաղում, անապատի դեղին փոշին.

Անապատի շունչը կարմիր , նայւածքը լուռ իր պարապի,
Որի առաջ ի՜նքն իսկ չոքած՝ ինքն իսկ իրմէ կը զարհուրի...:

*****
Ու այս ճաղատ հողաշերտում, ուր ոչ մի կանչ, կանաչ չկար,
Պայթեց յանկարծ իմ աչքերում, մի առասպել դարձած Աշխարհ

Յանկարծ՝ նորէն իրար ետեւ ելան ազգերն ու շարժւեցին
Իմ Նայիրեան երկրէն՝ մինչեւ Հինդ ու Արաբ ու հեռու Չին.

Դարձրին դարը՝ դարի նշան ու փշրեցին դարը դարում ,
Իրար արեան մէջ յաղթական , պարտւած իրար արեան ծովում,

Դարձան աւար՝ գերի իրար, իրար ճամբայ՝ կայան փառքի
Ու նոյն ճամբով շիջան՝ դարձեալ վերածւեցին անապատի ...:

— Զարմանքիս պէս, լո՜ւռ, անայլայլ , զարմանքիս պէս մի անապատ
Որ սփռում էր դէմս՝ ծարաւ աւազներու ոսկի ձանձրախտ :
*****
Ու թւաց ինձ, ինձմէ առաջ, դարեր ամբողջ զուր են անցել ,
Ու թւաց ինձ, զո՜ւր , անիմաստ մի անցկաղող դա՜ր եմ ես էլ,

Ու դեռ նրա՜նք , որ չեն եկել , որ պիտի գան գոհ թէ դժգոհ ,
Նրանք բոլոր արդէն եկել՝ անցել են զուր ինձմէ յետոյ,

Ու թւաց ինձ, թւաց նաեւ, երբ սթափւած շուրջս դարձայ ,
Զուր էր ընկերս փռում առջեւս, Սայաթ Նովէն՝ մի մանանայ,

Քուչակը ծեր՝ մի ումպ գինի , Գողթան երգչի տաղերը հին,
Մի տրտում տո՜ղ Շարականի ու Նարեկի խորհուրդ խորին...:

Զո՜ւր էր , անմի՜տ հիմա բոլոր, հիմա խորշա՜կ անապատի
Ու խորշակում՝ ահա Տէր -օր.......................... ....................

Ընթերցող թող այս տողն անցնի:

*****
... Ու ծառացած ինքս իմ դէմ , —  աչքերուս մէջ սարսափահար
Այս մզկիթի մինարէթէն կախւած , ճօճւող Հայո՜ց աշխարհ ...:

Յետ -յետ գացի, դարձա՜յ կրկին հոգուս յետին ոտքի վրայ՝
Ինչպէս մեր այն հէքիաթի ձին—   Վրան կպած տէրը նրա:

Ու դեռ չեղած նորէն գիշեր՝ Արեւելքը թողած հեռո՜ւն,
Արեւի հետ իջայ ես էլ , Արեւմտեան ճահիճներում...:

*****
Եւ ուղեղիս լաթի նման ծալւած քարտէզն անջրպետի
Փռեց դէմս իր բազմազան ուղիները հարցականի:

Կեանքի գիծը նրանց ցանցում, գո՜րշ ու ճապաղ կէտ էր միայն,
Որ սկսւած ի՜ր իսկ տեղում , վերջանում էր անպատասխան ...:

Կանգնած կեանքի այս գո՜րշ կէտում՝ ուրկէ անդին չկար ոչինչ,
Տեսայ կրկին իմ մանկութիւն ու նայիրեան երկինքը ջինջ ...:

Երկիրը կոյս ու արգաւանդ , ուր ես կարծես ահա նորէ՜ն
Գլխիս դրած արեւը, թագ —  մի խաշնարած թագաւոր եմ:

Վերը ինձմէ, ինձմէ հզօր, նախնիքներուս բարին Աստւած՝
Ու վարը ե՜ս, Իմ տանը շող, հազար մի աչք վրաս գամւած ...:

Գահս՝ ահա գիւղիս լեռներ ու ծիածանն իմ ծիրանին,
Ոտքիս՝ ոսկի մուճակի տեղ, մի զոյգ տրեխ մազոտ ու հին.

Գայիսոնս՝ կախարդական իննը տեղով դաղւած, նախշուն ,
Մի սրինգ էր , որ լալաձայն սար ու ձորին երգ էր ասում...:

Ժողովո՜ւրդն իմ , հօտն իմ ահա , որոճացող ու միամիտ ,
Գիւղը տանող ճամբու վրայ , ազբիւրի մօտ ականակիտ :

Քովը՝ միակ հաւատարիմ ու մտերիմ շունս անբաժան ,
Սեղանակից ընկերը իմ ե՜ւ պահակն ու թիկնապահն ...:

*****
Օ՜ , լուսաթեւ ու կապտաչւի իմ մանկութիւն, իմ պա՜րզ աշխարհ,
նախնական իմ մտածումի, երազներու պզտի՜կ քնար,

—  Տա՜ր , սիրտս տար նորէն , նորէն ու զա՜րկ նրան ամէն քարի ,
Թող ուղեղումս վէրքեր բացւեն ու կարօտդ հոգիս այրի

Տա՜ր ինձ, կրկին նետիր մի ձոր տանող կածան՝ ու արահետ ,
Ուր ամէ՜ն ծիլ, ծաղիկ ու շող խաղ է արել իմ հոգու հետ:

Մի տեղ նորէն սրինգ ածեմ , օձն ու մողէս քովս սողան,
Մեղուները դա՜մս պահեն, ժայռի ճեղքում , մեղրի վրան:

Վերեն՝ արջը քար գլորի, արձագանգը փշրի ձորում,
Ձորէն՝ ապշած դէմս ելնի, խրտնած երամն եղնիկներուն...:

իշե՜րը գայ , աստղերն հատ հատ ժողւեմ նորէն իմ աչքերում
Ու երազում՝ երազի՜ս հետ շաղ տամ բոլոր գիւղի կասում...—

—  Մէկը՝ իմ տան դրան վրայ, յետոյ գիւղի եկեղեցում,
Որ մոմի տեղ միշտ վառ մնայ քահանայի պատարագում.

Աստւած վերէն՝ ուրախ նայի, թափի իր սէրն ու բարութիւն
Առատ բերքով տարի՜ լինի, լինի հարսնիք ու խնդութիւն :

Ու մի աղջիկ—   թաղիս Շուշան , Աստւածամօր նման սիրուն ,
Մեծնա՜յ , փթթի վարդի նման , հասակ նետի մի գիշերում,—

Դառնայ բէրւոր, գա՜յ բէրատեղ, գառը գրկած ժպտա՜յ, ժպտայ...
Սրինգ շուրթիս դրած, ես էլ , նւագեմ ու ... չվերջանայ...՜

*****
Ահա գիւղն իմ , տո՜ւնն իմ ահա —  իմ օրօրոցն ու -ճօճանակ,
Կախւած ձորում, գետի վրայ —   ինքնին տեսիլք, ինքնին հրաշք,

—  Յուռո՜ւթք կապոյտ իմ երազի , հմայքն իմ, խորունկ խորհուրդ,
Մազէ կամուրջ ամէն բանի, ամէն բանի իմ լուսամուտ...

Օ՜, գի՜ւղն, իմ գիւղ, կարօտների փեթակս ամրան, աշնան՝ ամբար
Ձմրան՝ ծաղկած մի նշենի՜, նշենու տակ տաքո՜ւկ փարախ —

Ներաշխա՜րհն իմ , լո՜յսն իմ մանկան Մեթէրլինկի կապոյտ թռչուն
Որ դողացիր անեզրական՝ Պասկալի մութ պարապներում ,—

— Ահա տատս թոնրանդ շուրթին՝ թոնրէդ փլած հացի մի կուտ
Օճախիդ մէջ, վառւող չամին ու չամու հետ՝ պտղո՜ւնց մի խո՜ւնկ —

Տաշտդ, օծող մի ջաղացպան, հարիւրամեայ մի տանուտէր,
Արեւապաշտ Խալդի տղան —  հի՜ն , իմաստո՜ւն գիւղիս մեծեր ,

Ամէն մէկը՜ մի Շէյքսպի՜ր , ամէն մէկը՝ ծեր մի Գէօթէ
Ամէն մէկի սրտում՝ անգիր հազար կոնդակ մագաղաթէ .

Կրակի՜ պէս՝ խանձող ու վառ, երգ ու հէքիաթ չիբուխներին,
Փռե՜լ են դէմս հրաշափառ, պապիս պապի լուսէ հոգին ...:

Անց են կացրել սիրտս նորէն թելի վրայ մի համրիչի
Որ կանգնում է, շարժւում՝ ամէն մի բառի հետ տւած խօսքի

Ու գլխիվար սահում՝ մինչեւ քաղցր դողէս սառած զարմանք
Ու զարմանքէս՝ մինչեւ անձեւ ու տօթակէզ մի զառանցանք...

Ու դառնում է , դառնում նորէն, իմ ուղեղի լաթի վրան
Իր գոյնզգոյն ժապաւէնով հնադարեան այս սինեման ,

Ու կենդանի՝ ինչպէս այնտե՜ղ , կրակի քով փլած մարդիկ,
Տո՜ւն են դառնում գերեզմանէն, նստում՝ նորէն ծալապատիկ,

Կարն ու Չկար ձեւակերպում՝ կապում կտրած մի թելի մաս ,
Եւ աչքերուս մէջ շարմաղում՝ մի իշխանի վերջին մուրազ:

—  Վերջին , վերջին մուրազն ու սէր, ծարաւը ծեր մի իշխանի,
Որ ապրել է դար՝ ու դարեր —   ինչպէս երկիրն իմ նայիրի,

Որ եղել է մեծ ու հզօր ու յաղթական իշխել կեանքում,
Աստւածներու նման, ա՜յն որ արձանացան ամէն ճամբում...

Որի օրով՝ շէն ու խաղաղ ապրել են գոհ ու անցկացել,
Որպէս պայծառ մի երեկոյ, ազգեր բազում ու սերունդներ...:

Ու ահ դէմս, կարմի՜ր, կարմիր կրակի քով իմ պապերի ,
Տեսիլիս մէջ որպէս տեսիլ ու լոյսի խազ ակնթարթի,

Էն “ փղոսկրէ պալատը ”՝ ուր “թառել է լոյս տւող թռչուն”
Ու պալատի պատերը կուռ, որոնցմէ մեղմ “երգ է ծորում ...”:

ահի վրայ, արքայական՝ ինքը իշխան, լոյսը դէմքին ,
Բաժանում է իր հայրական խօսքն ու կայքը զաւակներին.—

Զաւակներն էլ, ահա արդէն մէկ-մէկ աշխարհ, ծաղկած գարուն ,
Մեծը՝ առած իր թագն ու գահն, իր անսպառ հարստութիւն,

Միջնեկը՝ սուրն իր սրբազան, իսկ փոքրը՝ մի մաշւած տաւիղ,
— “Ելնում՝ Քամու ձի են նստում ու սլանում երկրէ երկիր

Մինչեւ՝ գտնե՜ն Շահրուր հաւքի հետքը մի տեղ բռնե՜ն նրան ,
— Անմահական ջինջ աղբիւրի երջանկածոր ա՜կը բանան

Ու մի կաթիլ առած՝ կրկին դառնան իրենց երկիրն ու հող
Որ հայրն առնէ մուրազն իր հին ու մենք էլ մեր երեք խնձոր :

Ու մինչ հոսում է ժամանակ, վայրկեանի պէս դարն է անցնում
Փոշին նորէն դարձնելով մարդ ու մարդ՝ փոշի այս աշխարհում ,

Մինչ հայրենի դռանն աւեր , շլինքը ծուռ, աչքը ճամբին,
Հին հրաշքով մնո՜ւմ է դեռ, ճղակոտոր այս ուռենին,—

Այս առասպել իշխանը -մեծ՝ պապիս դէմքով ու հասակով
Որ մանկութի՜ւնս էլ օրորեց , ահա ա՜յնտեղ կրակի քով,

— Զաւակներն իր արիւնաքամ , գնում՝ հասնում են հեքեաթի
Այնտե՜ղ, որտեղ այլեւս ճամբան, բաժանւում է երեք ճիւղի,

Որտեղ՝ վաղուց մի ուղեւոր անմահական ջրին ծարաւ
Եկել՝ ընկել էր դարերով ու մարմնէն վար դարձել էր քար ...

— Քար էր դարձել այս հանգոյցում, բայց եւ սորւել գաղտնիքը այն
Թէ ո՞ր ճամբան ո՞ւր էր տանում եւ ո՞ւր էր ջուրն անմահական...

Որտեղ ե՜ւ ես ահա կանգնած նայում եմ դեռ ու մտորում,
Մինչեւ հանգի ամէն մի կայծ այս տեսիլքում եւ իմ հոգում...

— Մինչեւ տանե՜ն պապերս, նորէն, զաւակները ծեր իշխանի,
Ճամբաբաժան այս դելթայեն, նետեն ուրիշ մի դելթայի,

Ձգելով՝ մեծն իր ոսկիով, էն լայն ճամբով սովորական ,
Որով գնում են ապահով ու յետ գալիս փառքով աժան.

Աուրն ունեցող միջնեկ տղան միջին ճամբով ճամբաներուն,
Որ դժւար է ու հարցական դարձը զւարթ կամ թէ տրտում,

Տաւիղի տէր կրտսերին էլ բաց մնացած փշոտ կածան
Որով անցնող յետ չի՜ եկել, չի՜ իմացել նրա վախճան ...

Ու բաժանւած՝ սրանք երթան՝ այնքա՜ն, մինչեւ նորէ՜ն , նորէն
Էն կէսը քար պապի նման , յուսալքւեն ետեւ նայեն.

Տեսնեն հայրը դեռ իր դռան , Շահրուր հաւը գլխի վերեւ
Ու քովը՝ ջո՜ւրն անմահական, ժայռից բխած, որ չե՜ն տեսել...

Նայեն, նայեն ու տոչորւեն , կարօտակէզ ու ծարաւի
Ու ցանկանան ու չհասնեն— յաւէ՜տ անհաս եւ ո՜ւշ լինի þ

Ո՜վ , իմ ցեղի՝ բարի հայրեր, ով նախնիքներդ իմ հայրերուն,
Որ լոյս դարձաք ու լոյսի սէր, կաթած երկրիս ամէն անկիւն,

Խառնւած օդին ու ջրերին, հողին , հողի հունտին ճաթող ,
Ծլարձակւող կանաչներին, ծառին, ծաղկին հազար գոյնով,

— Լեռներէն՝ ձոր , արտերէն՝ կալ, շողշողալով ու թրթռուն
Կայլակելով հնչիւն ու բառ շուրթերէ -շուրթ ու տնէ -տուն,

Որ մարմնացաք՝ որպէս մի բերդ, մի վանք, մի դաշտ ու սրբավայր,
Որպէս մի ծով ու ծփուն գետ յորձանքւելով դարերէ դար,

Ինչպէ՞ս նետեմ ձեզ ամենուն հոգուս անբառ ճիչը վերջին,
Որ չպայթի սիրտս այդ կանչում , որ ինքս ինձմէ չսարսափիմ...

Որ դեռ մնա՜տեսիլքը ձեր, կրա՜կը ձեր նւիրական,
Ու դէմս փռէ լուսէ գծեր, օրերում դեռ որ պիտի գան

Ու դուք՝ որպէս երազ անգին , կոպերուս տակ դառնակսկիծ
Դարձնէ՜ք, ներէ՜ք Կէս քար ծերին, Երեք եզբօր եւ ի՜նձ եւ ի՜նձ...

Կծկւելով ինքս ինձ վրայ, արդէն յանձնած կեանքս “ Ֆօրդին”
Վերջին անգամ ես յետ դարձայ ու նայեցի Արերւելէին :—

Արեւ չկար. բայց լոյս էր դեռ ու լոյսի մէջ իրիկնային
Անապատն էր ետեւս ընկել ու կրնկոխ վազաւմ կրկին:—

Գալիս էր նա որ մարդկային կմախքները՝ “ Ֆօրդ”ը նետի,
Որոնց միջով՝ անցնող քամին, ստեղծել էր մի մեղեդի,

Որոնք՝ կարծես իմ աչքերրում պսպղալով վառւում էին
Եւ Արեւմուտքը ողողում , իրենց լոյսով ֆօսֆօրային ...

Գալիս էր նա...բայց եւ կրկին՝ թւում էր թէ փախչում էր յետ
Եւ աղօտւում՝ իրիկնային աղջամուղջի ու լոյսի հետ :

Ու այդ վազքում՝ նահանջում այդ կարծես ընկած գալարւում էր
Կորաքամակ ու յուսաթափ մի մարդկային շարժուն ստւեր .—

Կարծես , նորէն Մահարին էր , որ այս անգամ յետ էր դառնում
Որի սիրած “կարաւանն ” էլ հիմ չկա՜ր , չէր “ ղօզանջում”

Որ՝ աչք յառած՝ հիմա մթում դէպի աշխարհն այն վաղեմի
Այն “զմրուխտէ ու կոյս հեռուն ” որ ես դեռ նո՜ր թողել էի ,

Գնում էր լո՜ւռ, մինակ ու ծեր, բայց իմաստուն, բայց եւ արի՜
Որ հոն թողած մանկութեամբ դեռ , իր ջաղացի դուռը նախշի...

Ու մինչ Ֆօրդը պեղելով դեռ թանձր աւազ, յետոյ խաւար ,
Քթէս բռնած քաշկրտում էր ու տանում ինձ մի ա՜յլ աշպարհ,

Սիրտս՝ կատղած ինչպէս մի շուն դուրս էր պրծնում կրկին , կրկին
Հոտոտելով իջնող մթում հետքերը ետ դարձողներին

Ու ոռնալով կաղկանձելով ընկնում նրանց ետեւներէն
Նո՜յն արեւոտ կածաններով, նո՜յն միամիտ սիրով նորէն...

— Երկու հսկայ ու հարասար ուժեր էին, որ ինձ լծւած
Քաշում էին միասնաբար, դեռ շա՜տ երկար յետ ու առաջ:

Օրս այնպէս անլոյս էր՝ թա՜ց բացւել վրաս կայարանում,
Որ սառել էր ամէն մի հարց ու կախ ընկել իմ աչքերում ,

Պա՜ղ աչքերով նայում էի շուրջս շտապ շարժւող մարդկանց,
Ինչպէս քարը՝ մի անցորդի ճանապարհի վրայ ընկած.

Օրւան պէս էլ՝ նրանց լեզուն, ձեւերը խորթ՝, անհարազատ,
Վրաս անձրեւ էին տեղում՝ ու հրում ինձ դէպի գնացք...

...Ո՞ւր էի ես , Ինչո՞ւ եկել, ինչպէ՜ս եւ ո՞ւր էի գնում,—
Անպատասխան տխուր հարցեր , անմիտ հարցեր երկաթուղուն —

Հարցեր՝ որոնք գնացքն արդէն կլանում էր ինչպէս ածուխ,
Ու շչալով նետում իմ դէմ միայն մոխիր մշուշ ու ծուխ...

— Ընկերներէս մէկը՝ ուրախ իր տաս ոսկով՝ հաշւում էր դեռ
Երեեկոյան կը նստի նաւ, ուզի՝ Աթէնք, ուզի Մարսէյլ ...

Միւսը գոհ՝ որ “գնել ” էր դեռ Բաղդադում մի “ տուփ սիգար ”
Իր հոգու պէս պինդ պահում էր որ “Հայաստան դարձին” բանար .

Այսքան միայն,, ուրիշ ոչինչ , ուրիշ, երկար ու խորունկ քուն
Ու քնի մէջ անորոշ ճիչ կամ գնացքին՝ կամ իմ հոգուն ...

Ես չգիտեմ թէ հիմա ով ուր է հասել, ո՜ր մէկ ծովում
Ո՞վ է խարիսխ նետել եւ ո՞վ դեռ յուսաբեկ թիավարում,

Ո՞վ որքան զուր հուր է վատնել , թաղել քանի՜ երազ անգին,
Եւ Ի՞նչ մի նոր բան է գտել, որ չի կորցրել նոյնքան ճամբին ...

Բայց ես՝ իմ գորշ ներկան անդէմ, որ որպէս մի խնդուն գալի՜ք
Երազեցին երկրիս ծոցէն թոռներէ թոռ անցած որդիք,

Ես՝ իմ ցեղի Բրիտանիկոս, Վերջին կաթիլն իմ արիւնէն ,
Որին այլեւս ոչ մի Տիտոս էլ չի՜ կարող փրկել նորէն ,

Հիմա եկել՝ ու Կոնկորդում՝ կոկորդիս մէջ խեղդած մի բառ,
Քաղաքակի՜րթ իմ մարդկութիւն քո Հաշտութիւնն ու լուսէ դար ,

Լո՜ւռ , ինչպէս քարն այս սեպաձեւ, այս աւարը պատերազմի,
Կանգնել եմ մե՜րկ , որ մի անսէր պառաւ պոռնիկ վրաս հրճւի...

Կանգնել եմ մե՜րկ , իմ արնաներկ իմ չհանգած ու բորբոքող
Օրերո՜ւս հետ, յոյսերուս հետ, վէրքերուս հետ բոլոր, բոլոր

Ինչ որ մնաց մտքիս վրայ, աչքերուս ծայր, սրտիս զարկում,
Ճամբաներէն որով անցայ , երկրէս մինչեւ երկրիս խոստում...

Արեւելեան աւար եմ նոր, ինձ բերել են Սեւր - Լոզան ,
Ներկաս նիշած ոսկի գրչով , Վերսայլ հասնող այս հին ճամբան,

Որ ճամբաներ բոլո՜ր, բոլոր որ չեն տանում հիմա Հռոմ
Որոնք՝ ինքնին ամէն մէկ նոր մի Հռոմ է ու մի Ներոն.

Որոնց ամէն մէկի միջեւ կամուրջի պէս Սէ՜նի վրայ
Խոնարհւել են իրար ետեւ նաեւ հազար մի Սենեկա,

Կապելով մութ նկուղը, նոր ամենազօր Լօկուստայի,
Մանւածապատ նրբանցքներով Վերսայլի —  նոր այս Պօլլուքսի

Այստեղ եմ ես հասել մինակ, կանգնել ահա ու մղկտում՝
Սողոմոնի ու Յոբի չափ , —  երկի՜րդ իմ քո թշւառութիւն ,

Որով՝ փարթամ պիտի ցոլայ եւ ցոլացնէ Վէրնիի պէս,
Այս սեւ, սաթի ֆօնի վրայ, դարերէ դար անցնող մի ծէս,

Ուր թաղելով քո հին երազ, թոքախտաւոր ու դիւթական,
Աչքերուս մէջ նայող տղաս, կարդա՜ պիտի իր Ապագան ...

Բրիւքսէլ -Փարիզ
1927