ՌՈՒԲԱԻՆԵՐ

Ա
Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն
Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.-
Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել –
Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն:
Բ
Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան.
Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան
Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,-
Եվ ո՛չ միայն հատակն, այլև - մակերեսը չտեսան:-
Գ
Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի,
Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի,
Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ –
Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի:
Դ
Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում
Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում.
Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին
Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն:-
Ե
Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին`
Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին.
Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ,
Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ:
Զ
Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,-
Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում.
Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.-
Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում:
Է
Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում.
Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում.
Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին,
Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն:
Ը
Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին,
Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին.
Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան
Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին:
Թ
Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,
Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում:
Ժ
Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր
Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.-
Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք,
Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր:
ԺԱ
Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ,
Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին.
Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ,
Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի:
ԺԲ
Առուներով, գետակներով, վտակներով անհամար
Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.-
Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար,
Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև:
ԺԳ
Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես.
Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.-
Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ-
Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես:
ԺԴ
Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ.
Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում:
Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ-
Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում:
ԺԵ
Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն.
Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում.
Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.-
Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում:
ԺԶ
Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել,
Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե.
Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,-
Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ:
ԺԷ
Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ,
Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար.
Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում
Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան:
ԺԸ
Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն.
Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու.
Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց-
Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն:
ԺԹ
Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ
Հանճարների,- դարձել ես արդ խժդժությանց մի կրկես.
Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ
Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ:
Ի
Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում,
Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում.
Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն-
Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում:
ԻԱ
Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ,
Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի,
Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով
Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի:
ԻԲ
Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ.
Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ.
Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ
Արագացնեն մա՛հն իրենց սև - ու չքանան առհավետ:
ԻԳ
Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից,
Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.-
Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել,
Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի:
ԻԴ
Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ.
Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց.
Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.-
Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ:
1934