Գորտի երգը

Ջրերի մոտ ամառվա՝
Ծանծաղուտ կամ հորդ,
Ոնց էլ լինի, անպայման
Երգում է մի գորտ:
Երգում է, ո՜նց է երգում.
-Ղո՛րտ...
-Ղո՛րտ...
-Ղո՛րտ...
Հիացած են այդ երգով
Թե՛ ուլիկ, թե՛ հորթ,
Մարդիկ՝ տխուր, թե ուրախ,
Հաջողակ, ձախորդ:
Լսում են, չեն կշտանում:
-Ղո՛րտ...
-Ղո՛րտ...
-Ղո՛րտ...
Այդ երգի մեջ ոչ մի բառ
Չկա ավելորդ:
Ով չի լսել, նա իսկույն
Դառնում է ճամփորդ,
Որ լսի երգն աննման.
-Ղո՛րտ...
-Ղո՛րտ...
-Ղո՛րտ...