Ձկնորս արջն ու մկնորս կատուն

Ձկնորս արջն ու մկնորս կատուն
Զախողվելիս չեն վհատվում:
Էլ ի՜նչ կատու,
Որ վհատվի:
Էլ ի՜նչ արջ,
Որ հուսահատվի
Այսօր ձկան բախտը բերեց
Տո՜ն է ձկան:
Այսօր մկան բախտը բերեց՝
Տո՜ն է մկան:
Ոչինչ, որ մեր որսորդները
Բան չգտան...
Բան չգտան,
Ինչու՞ հույն էլ կորցնեն իզուր,
Երբ իսկապես ձուկ են ուզում,
Մուկ են ուզում...
Ձկնորս արջն ու մկնորս կատուն
Ոչ ոքի չեն դատապարտում,
Չեն տրտնջում,
Չեն արտասվում,
Չեն հանձնվում վշտին գերի:
Գիտեն հաստատ՝ ի՜նչ էլ լինի,
Գիտեն հաստատ՝ ո՜նց էլ լինի,
Թե աշխարհում բախտ կա մկան,
Թե աշխարհում բախտ կա ձկան,
Պիտի իրենց բախտն էլ բերի...