ՊԱՐՈՆ ԱՅՆՇԹԱՅՆ

Ի՜նչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։
Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։
— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,— հարցրեց նա մեր հրացաններին նայելով։
— Հա՛։ կխտարի ենք գնում,— հաստատեց ընկերս։
— Բա սելը որդ՞ի բերեմ,— լուրջ դեմքով և գործնական
հարցրեց ծերունին։
— Հարկավոր չի, բիձ՛ա, նեղություն մի քաշի,— զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ,
“Տես ի՜նչ ջիգյարով մարդիկ են, է՜ մեր լոռեցիները”։
Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.
— Բա առանց սելի ո՞նց կլի՛՚... Բա էնքանը ո՞նց եք բերելու…
Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։
“Բա սելը որդի՞ բերե՜մ... Բա առանց սելի ո՞նց կլի՜…”          

- զրույց –
— Բարև կըսեմ կբարևեմ երբ ես ձեզ
Բարև կըսեք կբարևեք երբ դուք զիս
Ըսեք—ինչո՞ւ տխուր եք

— Բարև կըսեմ կբարևեմ երբ ես ձեզ
Չեմ այն որուն բարև ըսիր քիչ առաջ
Ու դուն չես այն որ քիչ առաջ բարև ըսավ բարևեց
Որովհետև մեր փոխադարձ բարևներուն ընդմեջեն
Պահ մը անցավ ու երկուքս ալ այդ պահին չափ փոխվեցանք

— Բարև կըսեմ ես բոլորին ու բոլորն ալ սրտաբաց
Բարև կըսեն կբարևեն իրենց քերթողը բարի
Որովհետև անոնք գիտեն որ երբ վիշտեր ունենան
Միշտ քերթող մը պիտի գտնեն իրենց կողքին վշտակից

— Չափ ու կշիռ կբաժնեմ ես բոլորին
Ու որպեսզի չափն ու կշիռն անսեթևեթ գործածեն
Տարազներով ես կպարզեմ անխախտ օրենքը հայտնի—
Անոնց դեպի աստղ ու լուսին ճախրանքներն ես կվարեմ

— Աստղի վրա թե լուսնի
Ու որ ըլլան երբ ներզգամ թե կկանչեն զիս անճար—
Պատրանքներու խաբկանքներու հսկա ծրարս շալկած
Հոն կսուրամ պատրաստակամ—արագությամբը լույսին

— Արագությամբը լույսին
Երբ կսուրաս կկորսվի քու զանգվածդ ազազուն—
Կետ կդառնաս դուն հեք քերթող որ կտենչաս մեծ ըլլալ

— Համաձայն ձեր ամենակալ օրենքին
Պետք է կամ խուլ անշարժությամբ կանգնիլ-փրկել ամեն չափ
Եվ մնալ մեծ զանգվածիդ կշիռքով—
Կամ լույս դառնալ և անհետիլ տիեզերքին մեջ ի սպառ

— Իսկ քերթողներն այդ վառ լույսն են անկորուստ—
Ես կպեղեմ ու կչափեմ—ես ձեր աչքին կհանձնեմ
Այն ինչ որ կա պահված արդեն լինելության մեջ տարրին—
Դուն ոչինչեն արժեքներու նոր խրախճանք կկերտես—
Բարև կըսեմ ձեռք կերկարեմ ես քեզի

— Բարև կըսեք ձեռք կերկարեք երբ ինծի
Ըսեք—ինչո՞ւ ուրախ եք