ԱՂԵՐՍԱԳԻՐ

Ինչ դժվար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի
Ու չի գիտեր որո՞ւ հղե որո՞ւ տա

Փողոց փողոց կամ դռնե դուռ կպտտի ճարահատ
Փողոցն անել -- դռները գոց երեսին
Երազ երազ կամ սիրտե սիրտ կդեգերի շվարուն
Երազը մութ -- սիրտերը փակ իր սրտին

Ինչ դժվար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի
Ու չի գիտեր որո՞ւ հղե որո՞ւ տա
Մինչդեռ իր սիրտն ու թոքերը փրցուցեր
Մինչդեռ իր վիշտն ու հոգերը լեցուցեր
Ու շարեր է տող տողի
Դրոշմաթուղթերն իր արցունքին աղի ջուրով փակցուցեր
Մատն է կոխեր ստորագրեր կոխելու պես վերքին վրա
Ու վազեր է փողոց փողոց սիրտե սիրտ
Պաղատագին հարց է տվել ո՞վ կառնե ո՞վ կկարդա --

Ով կառնե ով կկարդա
Արար աշխարհ կելլե վրան կխնդա