ԵՐԱԶԸ

Ա.
Երազ մըն էր դողդոջուն ու դալկահար,
Ոգի մ’կիսամեռ,
Զոր իրիկուն մը լուսնի շող մը նիհար
Սենյակս էր նետեր:

Կարծես երկայն թաքուն վըշտով մը մինակ
Տանջվելե խոնջած,
Եկեր ինկեր էր, ոգեսպառ, տխրունակ,
Թևերը փըրթած:

Գիրկ առի զայն ու շոյեցի ընդերկար
Մարմնիկը հատած,
Որուն մեջ լույսը հիմա, հիվանդ, կդողար
Զերթ կանթեղ մ’առկայծ:

Ես սիրեցի, ինչպես տխեղծ աղջիկներ
Կսիրենք գթոտ,
Սիրեցի զայն` որովհետև դժբախտ էր
Ցավով մ’անծանոթ:

Բ.

Շաբաթ մ’ամբողջ մեր խեղճ տարփանքը տևեց.
Բարձիս վրա պառկած,
Գլխուս մոտիկ երազն իր ողբը հըծծեց
Խուլ ձայնով մը ցած:

Կըսեր ինծի բոլոր իղձերը փշրած
Իր դառըն կյանքին,
Ու կպատմեր երկինքին մեջ լուսամած
Իր վի՛շտը մթին:

Եվ ես անոր կպատմեի մեր ցավերն
Աշխարհի վրան,
Ու կըսեի. “Ամեն տեղ, վարն ինչպես վերն,
Ցավն է տիրական”:

Ու մեր եղբայր հոգիներուն մեջ գորով
Մը ծնավ անհուն,
Եվ սփոփանք պահ մը գտանք իրարմով
Մեր մորմոքներուն:

Գ.

Ինծի հաճախ երկնքին վրա կխոսեր
Մելամաղձորեն.
Կըսեր ինչպես հոն իրարու կուտան սեր
Աստղե՛րը հրեղեն:

“Հոգիներ են,– կըսեր,– որ ջինջ եթերին
Մեջ կապրեին կյանքով
Մը տենդագին, կյանքով մ’որ լի է խորին
Հույզով, տանջանքով:

Սերն է անոնց տենչն ու հրայրքն անհեղլի,
Սերը բռնավոր,
Սերը կույր, Սերն` անողորմ ու պաշտելի,
Սերն ամենազոր:

Երբոր ժպտի անոնց, անուշ ու պայծառ,
Հպարտ կվառին,
Ու երբ զրկվին անոր շողեն բարերար,
Թոշնած կմարին:

Դ.

Բայց խոցվածներն այդ մերթ կիջնեն երկնքեն
Ձեր երկրին վրա մութ,
Ամոքել հոս` սրտի մ’հպմամբ մարդկեղեն
Իրենց ցավն անգութ:

Եվ ատոնց էջքն է որ հոգվույն մեջ մարդոց
Կթափե տրտում
Անրջանքներն անասելի, քաղցրաբոց
Խանդերն անպատում:

Ես այդ դժբախտ հոգիներեն մեկն էի.
Անեծք մ’ահավոր
Խամրեց օրերս, զանոնք դարձուց ամայի
Անապատ մը չոր:

Բայց մեջս արդեն հուրը տակավ կմարի,
Կզգամ, վերջս է մոտ…
Եղբա՛յր, հիշե՛ զիս` պահերուդ մեջ ցավի`
Հուշով գորովոտ”:
Ե.
Ու գիշեր մ’ան մեռավ. իզո՛ւր ջանացի,
Ժամերով երկայն,
Թափելով վրան հեղեղներ արցունքի,
Արթնցընել զայն:

Հետո, մինակ, կատարեցի ես, ավա՜ղ,
Սև հանդեսն անոր
Թաղմանը, ե՛ս քահանա, ե՛ս դիաթաղ,
Ե՛ս հուղարկավոր:

Իմ սուգիս մեջ փաթթեցի զայն, ու կերոն
Ըրի հառաչներս.
Եվ ընդերկար հեծկլտացի, լացի հոն,
Եղերամոր պես:

Հետո, բացի սիրտս ու այնտեղ թաղեցի
Երազն անկենդան.
Քովիկն այնքա՜ն մեռելներու սիրելի`
Որ հոն կքնանան:
 
ՕՐՈՐ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Դուն նստեր ես ճամփաներուն անկյունը,
Մազերդ ի վար իջեր կախվեր է ձյունը,
Մարմնույդ վրան կփոսանան մութ խոցեր
Եվ աչվըներդ արյունի լիճ են դարձել:

Ո՞ր չար պարիկը հյուսեց թելը բախտիդ…
Ո՞վ տեսնելով քեզ տապալած ու վտիտ`
Պիտի հիշե, որ դուն երբեմըն հզոր
Աղջիկն էիր սև աչքերով լուսավոր:

Կծփային մազերդ ինչպես դրոշ մը լայն`
Ազատ լեռան մեջ ուր հոգիդ մեծաձայն
Կմռընչեր խոյանալով սարե սար,
Ու ծոցդ հպարտ` մեղր ու կաթով կուռենար:

Քեզ ցանկացին հելուզակները բոլոր.
Պաշարեցին քեզ ոսոխներ ահավոր.
Երկար ատեն ոգորեցար, կռվեցար,
Մինչև ա՛լ խոնջ ինկար գետին ուժասպառ:

Եվ քու հոգիդ արգավանդ էր ու բարի`
Կործանարար ուժերուն մեջ վիթխարի.
Դուն կայնքի ծիլ մ’ավելցուցիր աշխարհին,
Մատերդ հողեն գեղեցկություն հանեցին:

Դուն Անահիտն էիր խաղաղ աչքերով,
Ոսկիամայրն էիր պայծառ լանջքերով,
Ծոցեդ` բարիք, նայվածքեդ լուսյ կտեղար,
Շրթներդ դաշն էին, ու ձեռքըդ` ճարտար:

Եկան խուժերն ու ձեռքիդ կապ անցուցին,
Բզըքտեցին, աղարտեցին ծոցդ անգին.
Եվ բյուրախոց դարձար դուն Մայրը կարմիր`
Գողգոթային ճամփուն վրա ծնրադիր:

Ի՜նչ գեղեցիկ, ի՜նչ քաջ եղար ցավին մեջ…
Աղետքին տակ հոգիդ մնացեր էր անշեջ.
Կարծր լուծեր կոտրտեցիր ու մահեն
Քանի՜ անգամ ոտքի ելար դուն նորեն:

Աչքըդ լույսին կսևեռեր անդադար.
Միտքդ, խիզախ, նոր աշխարհին կդառնար.
Ու դարերով համառեցար, առանձին,
Թումբ ձևանալ ասիական հեղեղին:

Մեծցավ հեղեղն ու զգետնեց քեզ մոլեգին
Ու մարեց բոցըդ թափով իր ալիքին.
Չվառական, խավարին մեջ, հողամած,
Միշտ կենդանի, դուն սպասեցիր գալարված:

Գիշեր ատեն, մերթ հին շիրմաց խաչերը
Կերերային, ու Մասիսի քաջերը
Մութին մեջեն կշողային բարկաճայթ,
Աչվըներեն աձկելով շառ ճառագայթ:

Օդին մեջ խուլ կթընդային թմբուկներ,
Դուն, դող ելած, կառնեիր պահ մ’աչքըդ վեր,
Ու, վրդոված, կնայեիր լեռներուն,
Ոչի՜նչ` բայց մութը ծանր ու պաղ լռություն…

Օր մ’ալ ցավի ցնցման մը մեջ անսահման`
Ցցվեցար մեծ ճիչով մ’անձկոտ ընդվզման,
Աշխարհ ձայնիդ խուլ մնաց ու բիրտ ուժին
Կույր գարշապարը ճզմեց ճիգըդ քուկին:

Բարկ հուրերու մեջ ճիվաղներ ցատկեցին,
Սիրտդ այրեցին ու աչվըներդ փորեցին,
Տունեդ վանված, հովերուն տակ մնացիր,
Մերկ տարածված – չորս դին արյուն ու մոխիր:

Հիմա նստեր ես, ցավագի՛ն ուրվական,
Ավերներուն պատկերին մեջ տխրական.
Կխածկրտե վերքերըդ հովը սառուտ,
Արյուն կիյնա ծիծերեդ կաս-կապուտ:

Դանդաղորեն կժաժես գլուխդ ու կուլաս,
Ու ցած անուշ ձայնով օրոր կկարդաս
Զավկըներուդ, որ արյունին մեջ ինկան
Եվ անոնց, որ չորս հովերուն ցրվեցան:

Օրո՛ր կանանչ աչևներուն, լուսավետ
Աչվըներուն, որ մարեցան առհավետ,
Եվանոնց, որ դեռ կապրին ու կտանջվին
Զնդաններուն մեջ ու մռայլ աքսորին:

Հերի՜ք, հերի՜ք… այդ օրորդ ողբ է մահու.
Ցավը սուրբ է, ցավը` մեծ ու փրկարար.
Ոչինչ կա վեհ, քան աչին տակ զոհն արի,
Գիշերին մեջ կհյուսվի այգը բարի:

Ժանտ դահիճներն ու քանդողները մթին
Փոշիի պես պիտի անցնին ու ցնդին,
Ու մոխիրին մեջեն պիտի ելլես դուն,
Տառապանքեն նորոգված ու շողշողուն:

Մի՛ լար, մի՛ թույլ մազերդ հովուն տարտըղներ,
Մի՛ լար, մի՛ խեղճ գլուխըդ վար կործաներ.
Ճանչցիր դուն քեզ, ժողվե՛ ավյունըդ ցիրցան,
Հերի՛ք ուժերդ օտար տան սյուն կանգնեցան:

Հանգի՜ստ դժգույն եղբայրներուն, որ ինկան,
Ելի՛ր, օրհնե՛ մեզ, տարածե մեր վրան
Թևերդ անհուն: Թող մեր արյունն ու հոգին
Քու արևուդ մատաղ ըլլան ու ցամքին:

Մութին մեջեն պիտի ցցվիս հաղթական,
Աչքերդ աստղեր պիտի դառնան ու ցոլան.
Վերքերդ վարդ պիտի ըլլան հոտավետ
Ու լույս պիտի թափի ճերմակ մազերեդ:

Պիտի կանգնիս ճամփաներուն բերանը,
Պիտի քանդես Բռնության սև խորանը.
Ոտքի՛ ելիր, ցավերդ երկունքն են հսկա,
Ո՛վ, Մա՜յր, աշխա՛րհ մը ծոցիդ մեջ կխլըրտա: